Քաղաքական գործիչները քաղաքական դաշտում ունեն իրենց առավելությունները

Քաղաքական գործիչները քաղաքական դաշտում ունեն իրենց առավելությունները

Արցախում 2020 թվականին կայանալիք համապետական ընտրությունների օրը դեռ հայտարարված չէ․ այս պահին խոսվում է 2020-ի մարտ-ապրիլ ամիսների մասին։ Արցախում կարծում են, որ կլինի նախագահի 10-ից ավելի թեկնածու՝ Վիտալի Բալասանյան, Վահան Բադասյան, Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Հայկ Խանումյան, Սամվել Բաբայան (եթե Սահմանադրության փոփոխության հարցը կարգավորվի), ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուսլան Իսրայելյան եւ այլք։

Մեզ ասացին, որ նախագահական ընտրությունների ժամկետի մասին հայտարարությունը դիտավորյալ ձգձգում են՝ սահմանադրական փոփոխությունների չգնալու համար։ Օրերս «Ազատ հայրենիք» կուսակցությունը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ին համագումար է հրավիրում, որը ոչ միայն 2 տարին մեկ հերթական համագումար անցկացնելու կանոնադրական պահանջ է, այլեւ օրակարգային հիմնական հարցերից է լինելու 2020-ի համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք»-ի կողմից նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով հանդես գալը։ Արդեն հայտարարվել է, որ կուսակցության տարածքային կառույցներից ստացվել են առաջարկներ կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջադրման վերաբերյալ։ Մենք համագումարի եւ Արցախում նախագահական ընտրություններից առաջ տիրող մթնոլորտի վերաբերյալ զրուցեցինք կուսակցության նախագահի հետ։

 - Պարո՛ն Հարությունյան, համագումարին կուսակցության նախագահի փոփոխություն հնարավո՞ր է, նաեւ՝ նախագահի թեկնածուի նախընտրական ծրագրի հաստատում։

- Քանի որ կրկին առաջարկվել է միայն իմ թեկնածությունը, կարծում եմ՝ համագումարն այն կհաստատի։ Նախընտրական ծրագրի ընդհանուր դրույթների վերաբերյալ, բնականաբար, խոսվելու է, այս օրերին էլ տարբեր հանդիպումների ժամանակ այդ դրույթների վերաբերյալ խոսում ենք, քննարկում ենք, բայց նախընտրական ծրագիրը ներկայացվելու է օրենքով նախատեսված ժամկետում։

- Ձեր ծրագրում լինելո՞ւ են սրբագրումներ՝ հակամարտության կարգավորման հարցում Ձեր դիրքորոշումների վերաբերյալ։

- Արցախյան հիմնախնդրի հետ կապված՝ կարող եմ արձանագրել, որ լիովին կիսում ենք ՀՀ գործող իշխանությունների որդեգրած քաղաքականությունը։ Այսինքն՝ բանակցային գործընթացի ընթացքում առաջարկվող ցանկացած տարբերակ՝ վերջնական կարգավորման հետ կապված, պետք է ընդունվի Արցախի ժողովրդի կողմից։ Կարող եմ միայն պնդել, որ բանակցային առկա ձեւաչափն անընդունելի է մեզ համար, եւ առանց Արցախի լիարժեք մասնակցության որեւէ էական առաջընթաց չենք ակնկալում:

- Հնարավո՞ր է Դուք էլ հայտարարեք, որ Արցախը Հայաստան է ու վերջ։

- Այո, Արցախը պատմական Հայաստան է, ու դա ոչ ոք չի կարող ժխտել, բայց դեռեւս Հայաստանի Հանրապետություն չէ։ Մենք ունենք մեկ միասնական հայրենիք, միասնական նպատակներ, բայց մեր վերջնական նպատակը՝ Մայր Հայաստանի հետ վերամիավորելու ճանապարհն այն է, ինչ ընտրվել է մոտ երեք տասնամյակ առաջ: Աշխարհը պետք է ընդունի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ մենք համոզված ենք, որ ուշ թե շուտ այն կընդունի, որից հետո կիրագործենք մեր դարավոր երազանքը:

- Վաղուց արդեն մեկնարկած նախընտրական մթնոլորտին ու իրավիճակին ի՞նչ գնահատական կտաք։

- Ճիշտն ասած՝ խիստ վերապահումով կարձագանքեմ «նախընտրական մթնոլորտ» ձեւակերպմանը, քանի որ նախընտրական տարին միշտ էլ առանձնանում է քաղաքական ուժերի որոշակի ակտիվությամբ: Այս իմաստով, տեղի ունեցող զարգացումները լիովին տեղավորվում են քաղաքական կոնյունկտուրայի մեջ, եւ նոր կուսակցությունների ստեղծումը, քաղաքական դաշտի, այսպես ասած, հնաբնակների ակտիվությունը միջավայրն ավելի հետաքրքիր են դարձնում: Կարեւորը՝ բոլորս էլ հակված ենք, որպեսզի Արցախում ունենանք օրենքի տարրին համապատասխան ընտրություններ։

- Սամվել Բաբայանի մասնակցությունը ստորագրահավաքից հետո էլ հստակ չէ։ Ձեր կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում։

- Սա միայն մեկ կուսակցության դիրքորոշման խնդիր չէ, խորհրդարանական առաջիկա քննարկումների ընթացքից ամեն ինչ պարզ կդառնա: Բայց, միանշանակ, կարող եմ հայտարարել, որ որեւէ գործչի մասնակցությանն ընտրություններին թե՛ ես, թե՛ իմ ղեկավարած քաղաքական ուժը դեմ չէ։ Մենք միայն ողջունելու ենք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում մրցակցային պայքարը։

- Արցախում, սովորաբար, նախապատվությունը տալիս են դաշտային գեներալներին, քան քաղաքացիական անձանց․ թեեւ Դուք էլ կռված եք, բայց կան առավել ընդգծված ռազմական գործիչների թեկնածություններ։

- Չեմ կարող կիսել Ձեր կարծիքը, քանի որ Արցախի քաղաքական դաշտում շատ վաղուց հիմնական դերակատարները քաղաքական գործիչներն են համարվում: Իմ քաղաքական գործունեությունը եւս որեւէ կապ չունի իմ անցած մարտական ուղու հետ: Եվ ես համոզված եմ, որ թե՛ սպասվող, թե՛ հետագա բոլոր ընտրություններում այս հստակ տարանջատումը լինելու է, եւ, ամենակարեւորը՝ արցախցին մասնակցելու է ընտրությանը՝ հաշվի առնելով այն ծրագրերը, որոնք առաջարկելու են քաղաքական կուսակցությունները։

- Վիտալի Բալասանյանի կոշտ հակադրությունը ՀՀ իշխանություններին նրան առավելություններ տալի՞ս է մրցակցակին պայքարում։

- Այդ մասին առիթ ունեցել եմ խոսելու եւ կրկնեմ, որ Վիտալի Բալասանյանի այդ մտահոգություններն Արցախում շատ քիչ մարդիկ են կիսում։

- Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան․ կա տեսակետ, որ այս անձանց բաստիոնն Արցախն է, նրանք ամուր եւ ազդեցիկ են Արցախում։ 2-րդ եւ 3-րդ նախագահների գործոնն ի՞նչ դեր է խաղում։ Նրանք Ձեզ խանգարելո՞ւ են, թե՞, միգուցե, օգնեն։

- Նման խնդիր, առհասարակ, չկա։

- Կարծո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է միջամտի Արցախի նախագահական ընտրություններում։ Դա կլինի Արցախի ներքին գործերին միջամտե՞լ, եթե, օրինակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ պաշտպանում է այս կամ այն թեկնածուին։

- Հայաստանի իշխանության աջակցությունն Արցախում կայանալիք ընտրություններին շատ կարեւոր է լինելու։ Վերջերս կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին այն արտահայտվեց, օրինակ, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներգրավմամբ: Հավատացած եմ, որ այդ համագործակցությունը եւ մեզ համար անչափ կարեւոր աջակցությունը՝ ավելի բարձր մակարդակով ընտրություններ կազմակերպելու համար, անպայման կշարունակվի նաեւ հետագայում: