«Հրապարակ». Մենք անկախ պետություն ենք, ադրբեջանցին չի կարա անցնի մեր սահմանը, անցավ՝ կխփենք, կսատկացնենք

«Հրապարակ». Մենք անկախ պետություն ենք, ադրբեջանցին չի կարա անցնի մեր սահմանը, անցավ՝ կխփենք, կսատկացնենք

«Հրապարակի» զրուցակիցն է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։

- Որպես նախկին զինվորական, մարդ, որը եղել է Արցախի ազատագրական պայքարի ակունքներում, վիրավորված, նվաստացած չե՞ք զգում Ձեզ, որ Ադրբեջանը գերեվարել է հայ գեներալներին, Արցախի ղեկավարությանը։

- Ես շատ վիրավորված եմ։ Անձամբ ես վիրավորվում եմ, որ Արցախի ղեկավարությունը գնում է ռուսական բազա, պատսպարվում է այնտեղ, իսկ ռուս ղեկավարությունը նրանց հանձնում է Ադրբեջանին։ Շատ վիրավորված եմ։ 

- Օրինակ, Դավիթ Մանուկյանի գերեվարումն ինչպե՞ս եք ընդունել։

- Շատ վատ, շարքային քաղաքացուց սկսած՝ մինչեւ գեներալ ու նախագահ, շատ վատ եմ տարել։ 

- Որպես Հայաստանի քաղաքացի՝ մեր երկրի ներսում Ձեզ անվտանգ, պաշտպանված զգո՞ւմ եք։ Ադրբեջանի կողմից գերեվարված մարդիկ ունեցել են ՀՀ կապույտ անձնագրեր, իսկ ՀՀ-ն՝ որպես անկախ պետություն, չի կարողանում իր քաղաքացիներին վերադարձնել։

- Միջազգային բոլոր կառույցներին դիմում ենք։

- Ադրբեջանցիները Ձեզ էլ կարող են շատ հանգիստ գերի վերցնել, օրինակ, Գեղարքունիքի կամ Սյունիքի մարզից, Հայաստանի այն տարածքներից, որոնք օկուպացվել են 2021թ. մայիսին։

- Չեն կարող առեւանգել։ Ադրբեջանցիներն ավտոներով չեն ֆռֆռում Վարդենիսի կենտրոնում, որ ինձ առեւանգեն։ Մենք անկախ պետություն ենք, ադրբեջանցին չի կարա անցնի մեր սահմանը, անցավ՝ կխփենք, կսատկացնենք։

- Սյունիքի մարզում ադրբեջանցին ոչ միայն սահմանը հատեց, այլեւ սպանեց ԶՊՄԿ պահնորդին։

- Մեր զինվորները թողեցին՝ ադրբեջանցին եկավ-մտա՞վ։ Դե, էդ մի ադրբեջանցին դիվերսանտ էր։ Ասենք, դիվերսանտը եկավ, 1 զինվոր գողացավ-տարավ, հո չի՞ նշանակում՝ եկան, քո սահմանից մտան ներս։ Եկել՝ մոլորվել էր։

- Դուք Ռուբեն Վարդանյանին, Արայիկ Հարությունյանին, Արկադի Ղուկասյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Բաբայանին եւ մյուս գերեվարված անձանց համարո՞ւմ եք Հայաստանի քաղաքացիներ։

- Տարբեր բաներ ես խոսում, հիշյալ մարդիկ արցախցի են, որոնք ունեն Հայաստանի անձնագիր։ Արցախը Հայաստան չի, չէ՞, Արցախը հայաթափեցին ձեր ռուսները, խաբեցին, կառավարությունը գրավեցին, իշխանափոխություն արեցին։ Իրենք շատ փափուկ իրականացրեցին «Կոլցո» օպերացիան։ 

- Իսկ Դուք՝ որպես իշխանական պատգամավոր, Արցախի կորստի մեջ մեղք չունե՞ք, ի վերջո՝ Ձեր ղեկավարը՝ Փաշինյանն այն ճանաչեց Ադրբեջանի տարածք։ 

- Ես ի՞նչ պիտի անեի, որ չեմ արել։ Ես բոլոր պատերազմներին մասնակցել եմ: Այն, ինչ կարողացել եմ, արել եմ։ Ես մեղավոր կզգայի ինձ, եթե մասնակցած չլինեի։

- Ընկերներ ունեցե՞լ եք, որ արցախյան պատերազմներին զոհվել են։

- Այո, իմ զինվորներն են զոհվել։

- Աննա Հակոբյանն ասում է՝ հանուն ոչնչի են զոհվել։ 

- Այսինքն՝ անիմաստ զոհվելը ո՞րն է, որ այդքան տարածք է պահվել, ամբողջ Արցախը Հայաստանի հետ միասին Ադրբեջանը չի վերցրել, դա անիմա՞ստ է։ Ես չգիտեմ, թե ինքն ինչպես ա դա մեկնաբանում։

- Ըստ երեւույթին՝ նկատի ուներ, որ Արցախը, միեւնույն է` Ադրբեջանին է հանձնվելու, Ադրբեջանի հողն է, այդ հողի վրա զոհվելն անիմաստ է։ Իշխանության այսօրվա քաղաքականությունը դա հիմնավորեց։

- Ինքը ոնց հասկանում է, թող էդպես հասկանա, ես հիմա չեմ կարա իր մտքերը մեկնաբանեմ։ Աննա Հակոբյանն ո՞վ ա, ընդդիմությունի՞ց ա։

- Նիկոլ Փաշինյանի կինն է։

- Բոլոր դեպքերում, ես չեմ կարող մեկնաբանել որեւէ մեկին, ամեն մարդ յուրովի է այս ամենը պատկերացնում։

- Ադրբեջանը Ձեր նկատմամբ հետախուզում հայտարարե՞լ է։

- Հայտարարել է։

- Իսկ չե՞ք մտածում, որ մի օր Ձեզ էլ են տանելու։

- Ոչ, մեր երկրից չեն կարող։ Ես ինձ անվտանգ եմ զգում։

- Արայիկ Հարությունյանին ինչո՞ւ գերեվարեցին։

- Ես ասեմ, որ Ադրբեջանը հարձակվեց, որովհետեւ Արցախում իշխանափոխություն արեցին։ 

- Եթե Հայաստանում էլ իշխանափոխության փորձ լինի, Ադրբեջանը կհարձակվի՞։

- Չի կարող, Արցախը համարվում էր Ադրբեջանի տարածք, դրա համար հարձակվեցին։ 

- Տավուշից որոշ գյուղեր Փաշինյանը եւ Ալիեւն ադրբեջանական անկլավներ են համարում, ադրբեջանական զորքը կարո՞ղ է հարձակվել։ Հիշեցնեմ նաեւ, որ նրանց զորքը 2021-ից Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզում է, ինչո՞ւ չեք հեռացնում մեր հողերից։

- Որովհետեւ դեռ չենք կարողանում, համբերություն ունեցեք։ Ադրբեջանցիները 26 տարի համբերություն ունեցան ու էդ տարածքներն իրենք հետ վերցրեցին։ Մեր երկրում 3 տարի է՝ իշխանափոխության միտինգներ են։ Ասենք՝ վաղը իշխանությունը տալիս ենք, ի՞նչ եք անելու։ 

- Իսկ Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի առջեւ նոր խնդիրներ չի՞ դնում, հատկապես որ ռուսական կողմը բավականին ցավագին է ընդունել այս քայլը։

- Ղարաբաղը ռուսները նվիրեցին ադրբեջանցիներին, դա մեզ համար ցավագին չէ, Հռոմի ստատուտը, որ մեր երկրի անվտանգությանն է վերաբերում, իրենց համար ցավագի՞ն է, իրավունք չունե՞նք վավերացնել։ Ռուսները մեզ այնքան ցավ են պատճառել, որ էլ ցավացնելու տեղ չկա։

- Ռուսական կողմն ասում է՝ ի՞նչ աներ խաղաղապահ զորքը, երբ Փաշինյանն Արցախը ճանաչել էր Ադրբեջանի տարածք։

- Իրենք չե՞ն ճանաչել։ 2020 թվականից այս կողմ Պուտինը բազմիցս ասել է՝ Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի մաս է։ Սովետական Միության փլուզումից հետո ամեն պետություն՝ իր սահմանով, դարձավ անկախ, Ռուսաստանն էլ ճանաչեց Ադրբեջանի անկախությունն այն ժամանակ, երբ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր։ 

- Դուք, փաստորեն, բացառապես Ռուսաստանի՞ն եք մեղադրում, որ հիմա Արցախն Ադրբեջանի ձեռքում է։ 

- Ոչ, ես Ռուսաստանին չեմ մեղադրում, ես այդ երկրի խոսույթն եմ մեղադրում, որ իրենք ամեն ինչը գցում են Հայաստանի վրա։

- Բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները փակուղի տանելով, ՀՀ քաղաքական ղեկավարությունն արդյո՞ք հերթական արկածախնդրությանը չի գնում։ Ի՞նչ պետք է անենք, եթե ռուսական կողմը որոշի կտրել գազը կամ թանկացնել։ 

- Վախերը մենք պետք է մեր միջից հանենք, եթե գազ չտվեց Ռուսաստանը, ուրիշ երկրից կբերենք, եթե լույս չտվեց՝ մի ուրիշ պետություն կտա, ուրիշներից կառնենք։ Ռուսաստանն արգելում էր, որ ուրիշ պետություններից զենք առնենք, հիմա արդեն ուրիշներից զենք ենք առնում։ Եթե մենք անկախ պետություն ենք, նշանակում է՝ պիտի մենք որոշենք, թե ումից գազ, լույս, զենք առնենք։ Գազ բերելու ամենակարճ ճանապարհն Իրանն է, որը մեզ հիմա գազ է տալիս։ Իրանի տված գազի խողովակը բավարարում է Հայաստանի բոլոր պահանջներին։ Ժամանակին մեր ղեկավարները խայտառակ պայմանագրեր են կապել Ռուսաստանի հետ, այդ է պատճառը, որ մենք հիմա չենք կարողանում Իրանից առանձին գազ բերենք։

- Ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները Հայաստանի ղեկավարությունը խզում է, իսկ եթե թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի նկատմամբ պատերազմ սանձազերծի, ո՞ր պետությունն  է մեզ օգնության ձեռք մեկնելու, Արեւմուտքը մեզ երաշխիքներ տվե՞լ է առ այն, որ անվտանգության վահան է դառնալու։

- Ոչ մեկը մեզ երաշխիք չի տալիս, Ռուսաստանը մեզ տալի՞ս է։

- Ռուսաստանից ձեռք քաշեցիք, այլ հարց եմ տալիս։

- Մի րոպե, եթե մենք Ռուսաստանից ձեռք քաշենք, երաշխիքներ տվողներ կլինեն։ Մենք հիմա ՀԱՊԿ անդամ ենք, Ռուսաստանի հետ մի քանի կառույցների մեջ ենք, բայց, այդուհանդերձ, Արեւմուտքը մեզ օգնում է։ Մեզ ասում են՝ կողմնորոշվեք՝ կա՛մ մեզ հետ եք, կա՛մ Ռուսաստանի։