Փողոցում ընկած իշխանություն

Փողոցում ընկած իշխանություն

Մեզանում համառության, հետեւողականության, աշխատասիրության պակաս կա: Դա հատկապես դրսեւորվում է քաղաքական պայքարում: Ինչո՞ւ տարիներ շարունակ ընդդիմությունը չէր հաջողում` ո՛չ ընտրական գործընթացներում, ո՛չ փողոցային պայքարում: Որովհետեւ հայ մարդը երկարատեւ պայքարի սովոր չէ` նա արագ արդյունքի է ձգտում: Այնպես, ինչպես հայ բիզնեսմենն է ուզում հնարավոր կարճ ժամկետում հարստանալ եւ երկարաժամկետ ստրատեգիական պրոյեկտների մեջ գումար չի ներդնում, իսկ, այ, ռեստորան-սրճարան-վարսավիրանոց-դեղատների պակաս մեր երկրում չկա: Մեր ընդդիմությունն էլ ուզում է 4-5 տարին մեկ, մի քանի ամսով ընտրապայքարի մեջ մտնել, շատ փող ու էներգիա չծախսել, ուզում է, որ իրեն շատ չհայհոյեն, չբռնեն, չհետապնդեն, եւ արագությամբ գա իշխանության: Մինչդեռ նման սրընթաց կարիերա անել շատ քչերին է վիճակվում, եւ Հայաստանում այդ շանսը մեկ անգամ արդեն օգտագործել են:

Հաջորդ  իշխանափոխությունը տեղի կունենա երկար ու դժվարին պայքարի, զրկանքների, հետեւողական աշխատանքի արդյունքում միայն: Բայց այսօր քաղաքական ասպարեզում նման աշխատանքի ու դժվարությունների պատրաստ քաղաքական ուժ մեզանում չկա: Թվում էր` աշնանային ընտրությունները լավագույն հնարավորությունն են ամառվա փոքր հաջողությունը զարգացնելու համար, եւ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը կրկնակի եռանդով պետք է լծվեին ՏԻՄ ընտրություններում հաղթելու գործին: Պարզվեց` հունիսի 20-ի հաղթանակն իրականում նրանք որպես պարտություն են ընկալել եւ կոտրվել: Պարզվեց` նոր նվաճումների չեն ձգտում: ՏԻՄ-երում հաղթանակն էլ, այսպես ասած, ընկած է փողոցում` վերցնող չկա: Եվ այդ հաղթանակը բաժին է ընկնում ոչ թե քիչ թե շատ կայացած կուսակցություններին, այլ քաղաքական ծրագիր չունեցողներին: