Հայտնի ավտոմեքենան անվանափոխվել է կառավարության բողոքի պատճառով 

Հայտնի ավտոմեքենան անվանափոխվել է կառավարության բողոքի պատճառով 

Stellantis իտալա-ֆրանսիական ավտոարտադրող ընկերությունը փոխել է իր Alfa Romeo շարքի մեքենաների նոր մոդելի անվանումը՝ Milano-ից դարձնելով Junior, այն բանից հետո, երբ իտալական կառավարությունը բողոք է ներկայացրել անվանման իտալական լինելու համար, պատճառաբանելով, որ այն չի կարող իտալական անվանում ունենալ, քանի որ հավաքվել է Լեհաստանում։

Հիշեցնենք, որ նոր մոդելը ներկայացվել էր անցյալ շաբաթ եւ կոչվել էր Milano՝ իտալական Միլան քաղաքի պատվին, որտեղ հիմնվել է ավտոբրենդը։ Stellantis-ի ղեկավարությունն ի պատասխան իտալական կառավարության բողոքի, միայն հայտարարել էր, որ եթե նոր մոդելն արտադրվեր Իտալիայում, ապա վերջինիս գինը կթանկանար 30 տոկոսով, հասնելով 30-40 հազար եվրոյի։ Պաշտոնական Հռոմից էլ հայտարարել են, որ նման անվանումը, երբ Լեհաստանում հավաքված մեքենան կոչվում է իտալական քաղաքի անունով, կարող է մարդկանց մոլորության մեջ գցել, իսկ օրենսդրորեն սպառողներին նման մոլորության մեջ գցող անվանումներ տալը արգելված է։ Արդյունքում էլ կատարվել է անվանափոխություն եւ նոր մոդելը հիմա կոչվում է արդեն Junior։