Նրանք մեզնից մեկն են. հաղթանակած կամ հասարակության գերի

Նրանք մեզնից մեկն են. հաղթանակած կամ հասարակության գերի

Ապրիլի 2-ն աուտիզմի իրազեկման միջազգային օրն է: Ի դեմս աուտիկների` հատուկ կարիքներով երեխաներն այսօր ունեն բազմաթիվ խնդիրներ մեր հասարակությունում: Ցավով նշենք, որ առկա խնդիրների շարքում առանցքային են հասարակության կողմից հատուկ կարիքներով երեխաների ընկալումն ու նրանց հանդեպ, մեղմ ասած, «անհանդուրժող» վերաբերմունքը: Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՊՄՀ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Անի Խուդոյանի հետ: 

Ուսուցիչն ու ծնողը` վերաբերմունք ստեղծող

Ըստ հատուկ կարիքներով երեխաների հանդեպ ունեցած վերաբերմունքի` Անի Խուդոյանն առանձնացնում է հասարակության 3 շերտ. առաջին` մարդիկ, որոնք այդ երեխաներին բացասաբար են վերաբերվում ու ծաղրում, եւ նրանց համար այդ երեխաները հասարակության լիարժեք անդամ չեն, երկրորդ` մարդիկ, ովքեր անտարբեր են, այսինքն` երեխաների ներկայությունն իրենց վրա չի ազդում, եւ երրորդ շերտը` մարդիկ, որոնք ունեն դրական վերաբերմունք: Վերջիններս ամեն ինչ անում են, որպեսզի այս երեխաները ներգրավվեն ու հասարակության լիարժեք անդամ դառնան: Սակայն ցավով է նշում` այս պահին ամենաշատը բացասական վերաբերմունք ցուցաբերող շերտն է եւ ամենաքիչը դրական վերաբերմունք ցուցաբերող շերտը: «Քանի որ այսօր շատ դպրոցներում ներառված են հատուկ կարիքներով երեխաներ, որոշակիորեն կարծրատիպերը փոխվում են դեպի դրականը, ինչը, իհարկե, շատ հակասական է»,- նշում է հոգեբանը` վստահեցնելով` ծնողի վերաբերմունքը մեծ ազդեցություն ունի, թե իր երեխան դպրոցում ինչպես կվերաբերվի հատուկ կարիքներով երեխային: Գործի բերումով դպրոցներում շատ են լինում: Ամեն անգամ հարցումներ են կատարում թեմայի շուրջ:

Արդյունքների համաձայն` եթե ծնողը բացասաբար է վերաբերվում խնդրով երեխային, ասում է. «Չեմ ուզում երեխաս աուտիզմով երեխայի հետ նույն դասարանում սովորի», նույնը նաեւ ասում է երեխան: Իսկ եթե ծնողը տանը ծրագրավորում է երեխային` ասելով, որ պետք է իր դասարանի հատուկ կարիքով երեխային դրական վերաբերվի, օգնի նրան, երեխան այդպես էլ վարվում է: Նույն դիտարկումն է անում նաեւ մանկավարժների մասով: Իրենց փորձով գիտի: «Հենց տեսնում ենք, որ մանկավարժը դրական մթնոլորտ է ստեղծել դասարանում նման երեխայի նկատմամբ, երեխաներին զգուշացրել է, որ պետք է նրա հանդեպ ուշադիր լինեն, օգնեն, ամբողջ դասարանը միահամուռ պաշտպանում է երեխային: Իսկ եթե մանկավարժն ինքն է նստեցնում երեխային դասասենյակի ամենավերջում, ասելով`«մեկ է` ինքը ոչ մի բան չի կարողանա անել», նույնը կրկնում են դասարանի մյուս երեխաները:

Հիմա ուսուցիչները վերապատրաստումներ են անցնում, մի քանի ժամ տեւողությամբ հանդիպումներ են կազմակերպվում ուսուցիչների հետ, որտեղ նրանք տեղեկացվում են, թե ինչպես պետք է վարվեն ներառված երեխաների հետ, ինչ վերաբերմունք պիտի ցույց տան: Բայց որքանո՞վ են այս կարճատեւ վերապատրաստումներն արդյունավետ։ «Մի ժամում փորձում են տարիների ընթացքում ձեւավորված կարծրատիպեր կոտրել, որը չի հաջողվում: Ուսուցիչները պատճառաբանում են, թե չեք պատկերացնում` ի՜նչ բարդ է, երբ դասի ժամանակ ներառված երեխան քայլում է, գնում ու ուզում է մյուս երեխային հարվածի, դու այլեւս չես կարողանում դաս անել նման պայմաններում»,-պատմում է Խուդոյանը` հավելելով, որ վերապատրաստումները պետք է տեւական լինեն, բովանդակային առումով` հագեցած: Մանկավարժներին էլ չի մեղադրում, ասում է` նրանք չեն տիրապետում այն մեթոդներին, որոնք անհրաժեշտ են ներառված երեխաների հետ աշխատելու համար: 

Այն դիտարկմանը, որ դասարաններն այսօր գերծանրաբեռնված են, եւ արդյոք դա չի՞ բարդացնում ներառված երեխաների հետ աշխատանքները, պատասխանում է. «Այո, իհարկե, եթե ուսուցիչը սկսի հատուկ կարիքներով երեխային հատուկ ուշադրություն դարձնել, այնտեղ մյուս 25-30 հոգին սկսելու են աղմուկ բարձրացնել: Մեկ ուսուցիչը ֆիզիկապես չի հասցնում: Դպրոցներ կան, որտեղ ծնողները երեխաների հետ մասնակցում են դասերին, կամ դասին մասնակցում է հոգեբանը կամ սոցմանկավարժը»: Սակայն այստեղ էլ բայց կա: Դպրոցներ կան, որտեղ մասնագետներ չկան կամ մասնագետները շատ քիչ են. «Ասենք` կան դպրոցներ, որտեղ 100-ից ավելի ներառված աշակերտ կա, սակայն` մեկ կամ երկու մասնագետ, ու անհնար է, որ այդ մասնագետը միաժամանակ կարողանա բոլոր դասերին նստել»: 

Պիգմալիոնի էֆեկտ

Նրա խոսքով` եթե ուսուցիչն սկսի հավատալ, որ հատուկ կարիքներով երեխան կարող է հաջողության հասնել, եթե ինքը հատուկ ուշադրություն դարձնի, միգուցե իր հավատն օգնի, որպեսզի երեխան հասնի դրան: Պատմում է. «Հոգեբանության մեջ Պիգմալիոնի էֆեկտ ունենք: Մի անգամ 2 հետազոտող մի ուսուցչի ասել են, որ ուզում են չափել աշակերտների ինտելեկտուալ զարգացվածության մակարդակը: Փորձի ընթացքում պատահականության սկզբունքով ընտրել են մի քանի երեխա, որոնք այդքան էլ չեն փայլել իրենց բարձր առաջադիմությամբ: Բայց ուսուցչին ասել են, թե այս երեխաներն իբր ապագա հանճարներ են: Մեկ տարի հետո վերադարձել են ու տեսել, որ այդ երեխաներն ամենաբարձր գնահատականներն ունեն»: Ինչ է ստացվում` այստեղ զուտ սպասումի հարց է: Ուսուցիչն իր սպասումներով նպաստել է, որ այդ աշակերտները մեծ արդյունքների հասնեն: Իսկ եթե դու սպասումներ չունես ու մտածում ես, որ երեխան ոչ մի բանի չի հասնի, Պիգմալիոնի էֆեկտը չի գործում:

Ներառական կրթությունը` անհրաժեշտություն

Այսօր ՀՀ-ում կան հատուկ դպրոցներ, որտեղ սովորում են միայն տվյալ խնդիրն ունեցող երեխաները, օրինակ` մտավոր հետամնացություն ունեցող կամ հենաշարժողական ապարատի խնդիր ունեցող երեխաներ: ՀՀ-ում կա գնահատման կենտրոն, որտեղ գնահատում են երեխաների կարողությունները եւ ըստ այդմ ուղղորդում են կա՛մ հանրակրթական դպրոցներ, կա՛մ հատուկ կրթահամալիրներ:

«Այստեղ այս երեխաները շփվում են միայն իրենք իրենց հետ: Բայց չէ՞ որ երբ երեխան դպրոցն ավարտի, ինքը ստիպված է լինելու մտնել հասարակություն: Ու եթե ինքը դպրոցահասակ տարիքում չշփվեց, հետագայում չի կարողանալու ներառվել հասարակություն: Ներառական կրթության միջոցով ինքը պատրաստվում է ավելի հասուն կյանքի, որպեսզի կարողանա խնդիր չունեցողների հետ ճիշտ ադապտացվի ու շփվի»,-նկատում է հոգեբանը: 

Որպեսզի լավ պատկերացնենք, մի օրինակ է բերում հակասոցիալական վարքով երեխաների մասին, որը կարող ենք պրոյեկտել նաեւ հատուկ կարիքներով երեխաների վրա. «Մենք ունենք Հակասոցիալական վարքով երեխաների դպրոց, որտեղ երեխաներ են, ովքեր անչափահաս են, սակայն հակասոցիալական վարք են դրսեւորում: Այսինքն` կան երեխաներ, որոնք գողություն են արել, կամ, օրինակ, այնտեղ մի երեխա կար, որը դասընկերոջ հետ վիճելիս հարվածել էր նրան, ինչի հետեւանքով վերջինս մահացել էր: Այստեղ ի՞նչ է կատարվում: Մեկը մյուսի հետ շփվում է, ու կրկնակի-եռակի անգամ իրենց վարքն ավելի վատն է դառնում: Մեկը մյուսի վրա ազդելով` ավելի հակասոցիալական կերպար է ձեւավորվում: Շատ անհավանական է, որ իրենց մոտ սոցիալիզացիայի առումով առաջընթաց ու զարգացում կլինի: Նույնը նաեւ հատուկ կարիքներով երեխաների մոտ է: Ինչքան նրանք շատ շփվեն, այնքան նրանց հետագա սոցիալիզացիան ավելի հեշտ է լինելու»,- կարծում է Խուդոյանը: 

Ինչպե՞ս շփվել

Անիի խոսքով` ծնողները երեք տեսակ հրահանգով են իրենց երեխային դպրոց ուղարկում: Հատկապես աուտիկ երեխաներից նրանք վախենում են. դե, նրանք բարձր ձայներ են արձակում, կարող են նաեւ հարվածել: Առաջին խումբը` «Բալե՛ս, իրեն ուշադրություն մի՛ դարձրու, ինքը գիժ է», երկրորդ խումբը  բունտ է անում. «Իմ երեխայի հետ նա չպետք է նստի նույն դասարանում», մյուս խումբը` «Ինքը չի հասկանում ինչ է անում, դու փորձիր նրան օգնել»: Ցավոք, մեր ծնողների մեծ մասը պատկանում է բացասական դիրքորոշում ունեցողներին: Իսկ քանի որ երեխայի վերաբերմունքը գալիս է ծնողից, ուստի պետք  է ծնողի հետ աշխատել: Երեխաներին պետք է սովորեցնել, որ իրենք յուրահատուկ երեխաներ են, իրենք զարգացած են իրենց ուրույն ձեւով:

Ինչպիսի՞ն են նրանք. արեվի մարդիկ

Խուդոյանը նշում է`աուտիզմով երեխաները չափազանց բարի են, իրենց աշխարհով ապրող երեխաներ են: «Դաունի համախտանիշով երեխաներին «արեւի մարդիկ» են ասում։ Հերիք է նրանց հետ երկու բառ փոխանակել, քեզ գալու է գրկի ու համբուրի: Դաունի համախտանիշով երեխաները երբեւէ չեն կարող քեզ որեւէ բանով վնաս հասցնել»:

Նկատում է` հենաշարժողական խնդիրներով երեխաների նկատմամբ բացասական վերաբերմունքն ավելի քիչ է: Ավելի շատ բացասական վերաբերմունքն աուտիզմի դեպքում է, քանի որ նրանք կոնտակտի մեջ հեշտ չեն մտնում: 

Մտավոր հետամնացության դեպքում անտարբերություն է տիրում: «Ինքը ծույլիկ է, կարծես բանի տեղ չդնեն այդ երեխաներին»,- մտահոգվում է:

Հաղթանակած կամ հակառակը

Հասարակության բացասական վերաբերմունքը խնդրով երեխայի ծնողի ամենամեծ բարդությունն է: Ֆեյսբուքում համապատասխան խմբեր կան, որտեղ ծնողները քննարկում են առկա խնդիրները: Անընդհատ քննարկվում է այն հարցը, որ իրենք, օրինակ, երթուղայինով չեն կարողանում երթեւեկել, նայում են ու ասում. «Վա՜յ, վա՜յ, էս ի՜նչ երեխա է»: Խուդոյանը վստահ է` ամբողջ խնդիրը հասարակության չիրազեկվածության մեջ է: Եթե հասարակության դիրքորոշումը փոխվի, այս երեխաները կկարողանան լիարժեք ապրել: «Ծնողներ կան, ովքեր շատ ուժեղ են: Նրանք երեխայի խնդիրը չեն դարձնում բարդույթի ձեւավորման առարկա: Իրենց համար միեւնույն է, թե մարդիկ ինչ կասեն: Այ, իրենք հաղթանակած ծնողներն են: Իրենք առաջ են տանում իրենց երեխաներին: Իսկ երկրորդ խումբը հասարակության կարծիքի գերին է: Երեխային անգամ տնից դուրս չի հանում, ինքն իր երեխայից ամաչում է: Այսպիսի ծնողի դեպքում երեխան զարգացում չի ապրում: Պետք է հասկանալ, որ հասարակության կարծիքից կախվածությունը կյանքում ամենավատ բանն է: Այս կյանքում կա մի բարձրագույն արժեք` քո երեխան: Յուրաքանչյուր ծնող պիտի այնքան ուժեղ լինի, որ իր երեխային ամեն ձեւով առաջ տանի, քանի որ նրանք ունեն զարգացման հեռանկարներ»,- եզրափակում է հոգեբանը:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ