Իմացիր արմատը

Իմացիր արմատը

Մաքսիմ Շեւչենկոյին․

Ես չգիտեմ՝ «Հրապարակի» կայքը ռուսերեն տարբերակ ունի՞, բայց դատելով ադրբեջանական կողմի արձագանքներից՝ Բաքվում մեր հրապարակումները կարդում են: Հուսամ՝ հայկական մամուլը մշտադիտարկողներից մեկն իմ այս անդրադարձը կհասցնի Մաքսիմ Շեւչենկոյին, որ համացանցում տարածել է տեսաելույթ եւ հայկական կողմին կոչ արել, որ իրեն ճիշտ հաստանան:

Նա համարում է, որ, գուցե, Լեռնային Ղարաբաղի բուն տարածքը վիճելի է, բայց Լաչինը, Աղդամը, Ֆիզուլին եւ մյուս շրջանները «միջազգային իրավունքի բոլոր նորմերով օկուպացված են»: Շեւչենկոն հորդորում է այդ տարածքները վերադարձնել Ադրբեջանին, որովհետեւ ժամանակին դրանք «օկուպացվել են ելցինյան ռեժիմի օժանդակությամբ, եւ ոչ մի հայ հակառակը պնդել չի կարող»: Կարող է, ընդ որում՝ հիմնավոր հակափաստարկներով, որ կապացուցեն, թե իրականում ու՞մ է օժանդակել ելցինյան ռեժիմը, երբ Ադրբեջանն օկուպացնում էր Շահումյանի շրջանը եւ Մարտակերտի մեծ մասը:

Արժե հիշեցնել Ադրբեջանի ազգային հերոս Սուրեթ Հուսեյնովի հայտարարությունը, որ ինքը ռուսներին հասցրել է մինչեւ Չլդրան: Դա գյուղ է Լեռնային Ղարաբաղի հյուսիս-արեւմուտքում, որի գրավումն ադրբեջանական կողմի համար ուղիղ ճանապարհ էր բացում դեպի Ստեփանակերտ՝ 1992-ի ճակատագրական աշնանը: Ոչ ոք իրավունք չունի նսեմացնելու հայ աշխարհազորային ուժերի սխրանքը: Այդ նրանք են կանգնեցրել ռուս-ադրբեջանական միացյալ զորախմբի ռազմերթը դեպի Ստեփանակերտ: Այդ ճակատամարտում կրած պարտությունը, հաջորդած դիրքային դաժան մարտերն են ստիպել, որ ռուսական կողմը վերանայի պատերազմի իր պատկերացումը: Մաքսիմ Շեւչենկոն թող իմանա երեւույթի, որ ինքն անվանում է «ադրբեջանական տարածքների օկուպացիա»՝ արմատը: Առնվազն երեք անգամ՝ Շուշիի եւ Լաչինի ռազմագործողությունից, Քելբաջարից եւ Աղդամի անկումից հետո, Ադրբեջանին պաշտոնապես առաջարկ է արվել դադարեցնել պատերազմական գործողությունները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Երեք դեպքում էլ Ադրբեջանը մերժել է՝ ամեն անգամ հույս տածելով, որ հզոր հարձակման դիմելով՝ կարող է ոչ միայն վերադարձնել կորցրածը, այլեւ նվաճել բուն Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանի Սյունիքի մարզը՝ կենդանի կապ հաստատելով Նախիջեւանի եւ այդ ձեւով՝ եղբայրական Թուրքիայի հետ: Այսօրվա ստատուս-քվոն Ադրբեջանի ռազմատենչությունը զսպելու հետեւանք եւ միաժամանակ միջոց է՝ քանի դեռ չկան այլ եւ ավելի արդյունավետ մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի տարածքի մի մասի ադրբեջանական օկուպացիան: Եթե Մաքսիմ Շեւչենկոն չի հավատում, ապա նրան խորհուրդ ենք տալիս հաջորդ այցելության ժամանակ հարցնել իր կողմից սիրված ադրբեջանցիներին, թե ինչու՞ «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով (1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված) ոչ թե Ադր. ԽՍՀ, այլ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության (1918-20թ.թ. գոյություն ունեցած) իրավահաջորդություն է հռչակվել: Այդ հարցին նա անկեղծ պատասխան չի ստանա, ուստի հարկ ենք համարում ինքներս օգնել Շեւչենկոյին:

Դա արվել է մի նպատակով. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը հռչակվել է նախկին Ռուսական կայսրության Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգների տարածքում: Եւ ԽՍՀՄ փլուզման արդյունքում անկախություն ստացած Ադրբեջանը, քանի դեռ այդ սահմանադրական ակտը եւ դրա հիման վրա ընդունած սահմանադրույնը չի փոխել, շարունակում է հավակնել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասին՝ Սյունիքի մարզին, որը ցարական վարչական բաժանմամբ Ելիզավետպոլի նահանգի մի մասն էր եւ կոչվում էր Զանգեզուր: Խնդիրն, ահա, դա է: Կարո՞ղ է Մաքսիմ Շեւչենոկն ադրբեջանցիներին հորդորել, որ փոխեն սահմանադրությունը, հրաժարվեն Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններից: Երբ տա տեղի ունենա, երբ Ադրբեջանը հրաժարվի սահմանադրական էքսպանսիոնիզմից, բանակցությունների եւ այդ ճանապարհով փոխադարձ ընդունելի լուծումների հնարավորություն կբացվի: Չի՞ գնա Ադրբեջանն այդ քայլին, ուրեմն կապացուցի, որ ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ջատագով է: Ահա իրականությունը: Մնացածը մանիպուլյացիա է: