Ինչպես է մասնատվելու Ուկրաինան. վարկած

Ինչպես է մասնատվելու Ուկրաինան. վարկած

Արեւելաեվրոպական տարածաշրջանի առաջնորդների՝ Լեհաստանի վարչապետի, փոխվարչապետի, Չեխիայի եւ Սլովենիայի վարչապետների վերջին միասնական այցն Ուկրաինա բավականին շատ խոսակցությունների առիթ տվեց։ Հատկապես որ նրանք գնացքով մինչեւ Կիեւ հասնելն ինչ-որ բան էին քննարկում՝ Ուկրաինայի քարտեզի վրա հակված, որը պատկերող կադրեր հայտնվեցին համացանցում։ Նույնիսկ եղան այնպիսիք, ովքեր միանգամից հայտարարեցին, որ «Ռեչ Պոսպոլիտայի ժառանգներն անցել են գործի եւ սկսում են գծել Ուկրաինայի մասնատման քարտեզը»։ Այսօրինակ տեսակետները հատկապես շատացան այն բանից հետո, երբ Լեհաստանի փոխվարչապետ, լեհական իշխող «Արդարություն եւ իրավունք» կուսակցության ղեկավար Յան Կաչինսկին հայտարարեց, որ արժե մտածել այն ուղղությամբ, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ զորակազմ տեղակայվի։

Կաչինսկին հայտարարեց, որ եթե նման որոշում կայացվի, ապա դա կարվի միայն այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահն ու կառավարությունը դիմեն այդ մասին, եւ այդ զորակազմը, գտնվելով Ուկրաինայի տարածքում, անպաշտպան չի լինի։ Կաչինսկին նաեւ նշել է, որ ոչ պաշտոնական մակարդակում քննարկվել է Ուկրաինայի տարածքի մի մասում ոչ թռիչքային գոտի հաստատելու մասին առաջարկը։ Իհարկե, հասկանալի է, որ խոսքն այս դեպքում Արեւմտյան Ուկրաինայի մասին է, այսինքն՝ պատմական հունածես կաթոլիկ Գալիցիայի՝ Տերնոպոլի, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի եւ հարաբերականորեն ուղղափառ Վոլինի՝ Լուցկի եւ Ռովնոյի։ Հետաքրքրական է, որ Կաչինսկին այս մասին հայտարարել է միայն մի քանի օր անց այն բանից հետո, երբ ռուսական ուժերը «Калибр» հրթիռով հարվածեցին Յավորովյան ռազմակայանին, որը գտնվում է Լվովի մարզում եւ, այսպես ասած՝ «ուկրաինական արտասահմանյան լեգեոնի»՝ օտարերկրացի վարձկանների ուսումնավարժական կայանի է վերածվել։ Ի դեպ, այս զորակայանը մոտ է լեհական սահմանին։ 

Ուշագրավ է այն, որ Կիեւ այցելած արեւելաեվրոպական առաջնորդների խմբում չկային Ռումինիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի ներկայացուցիչները, ովքեր հետաքրքրված են Անդրկարպատիայի, Հյուսիսային Բուկովինայի (Չերնովիցա) հունգարական, ռումինական եւ ռուսինական համայնքների հետ կապերի ամրապնդմամբ։ Այս այցի ֆոնին հետաքրքրական է նաեւ այն, որ «Ռուսինների մատիցա» միջազգային կենտրոնը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով Արեւմտյան Ուկրաինան վերակազմավորել Կարպատյան Ռուսիայի։ Կազմակերպության ղեկավարն իր դիմումի մեջ նշել է, որ Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարությունից է բխում՝ թույլ չտալ, որ Արեւմտյան Ուկրաինան մնա այն վիճակում, ինչ վիճակում որ կա այժմ։ Սրան զուգահեռ, անդրկարպատյան հունգարացիների շրջանում սկսում է լայն տարածում ստանալ «մայր հայրենիքի» հետ վերամիավորման գաղափարը՝ ընդհուպ մինչեւ այս հարցով հանրաքվեի անցկացումը։ Տեղի ակտիվիստները նամակով դիմել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ խնդրելով իրենց պաշտպանել ցեղասպանությունից։

Ուկրաինայի հարցում կարծես թե տարածքային հավակնություններ են սկսում դրսեւորել Ռումինիան եւ հատկապես՝ Լեհաստանը, որտեղ լավ են հիշում Լվովի լեհական անցյալը եւ «ռեչպոսպոլիտյան ժառանգությունը»։ Ըստ էության, ստացվում է, որ Ռուսաստանի համար ոչ հեռու ապագայում կարեւոր խնդիր է դառնալու իր տիրապետության ներքո Ուկրաինայի ամբողջականության պահպանումը, չնայած ազգամշակութային այն բազմազանությանը, որն առկա է հատկապես այդ երկրի արեւմտյան՝ դեռեւս լիարժեք ռազմական գործողությունների թատերաբեմ չդարձած հատվածում։ Իսկ այն, որ ապագայի Ուկրաինան լինելու է ռուսական վերահսկողության ներքո, հասկանալի է ինքնին, որովհետեւ առանց այդ «արդյունքի» Ռուսաստանն այնպիսի լուրջ քայլ չէր անի, ինչպիսին ռազմական հատուկ գործողությունն է, իսկ այդ «արդյունքը» չափազանց կարեւոր է լինելու Ռուսաստանի համար եւ ծածկելու է բոլոր կորուստները, քանի որ Ուկրաինան «չափազանց յուղոտ պատառ» է։