Հարեւան երկրների լեզուները՝ որպես նախասիրական առարկաներ

Հարեւան երկրների լեզուները՝ որպես նախասիրական առարկաներ

Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն՝ հզոր, հոներենը՝ ահաբեկող, ասորերենը՝ աղերսական, պարսկերենը՝ պերճ, ալաներենը՝ գեղեցկազարդ, գոթերենը՝ հեգնական, եգիպտերենը՝ տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը՝ ճռվողական, հայերենը՝ քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ։                  

Եղիշե

«Հրապարակ» օրաթերթի «Ո՞ր առարկաների հաշվին են ուսուցանվելու թուրքերեն, ադրբեջաներեն. հայերենի՞» (9 մարտի, թիվ 35 (3262)) հրապարակումն ընթերցելիս ականջիս են հասնում Մեսրոպ Մաշտոցի աշակերտ, պատմագիր Եղիշեի՝ որպես բնաբան ընտրված այս խոսքերը: 

Միանգամից ասեմ, որ հարեւան երկրների լեզուների (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն) ուսուցման կողմնակից եմ։ Դեռ 1988թ․ երկրաշարժից հետո մասնակիցն եմ եղել «Կրթություն» թերթում հրապարակվող առաջարկներին՝ մեր դպրոցներում վրացերենի ուսուցման անհրաժեշտության մասին։ Ուրախ եմ, որ հայոց լեզվի հաշվին այս լեզուների պարտադիր ուսուցման ներդրում չի լինելու։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի կողմից պիլոտային ծրագիր ասվածն ամբողջ բովանդակությամբ չեմ ըմբռնել, բայց նշված լեզուների՝ կամավոր եւ նախասիրական պարապմունքների տեսքով ուսուցման կողմնակից եմ։ Շուտով կլրանա Լոռվա մարզի Շնողի դպրոցին իմ հրաժեշտի 50-ամյակը, բայց դեռ շատ մանրամասներ եմ հիշում դպրոցի պատմության ուսուցչուհուս՝ Լիդա Շախկյանի վարած «Հայ գաղթօջախների պատմություն» նախասիրական պարապմունքներից։

Երբեք չեմ մոռանա այն փաստը, որ ադրբեջանցիներով բնակեցված իմ հարեւան գյուղի դպրոցի տնօրենը շրջանային ժողկրթբաժնում (աշխատում էի որպես ժողկրթբաժնի տեսուչ) եւ Թումանյանի կուսշրջկոմի առջեւ պարբերաբար հարց էր բարձրացնում՝ իրենց դպրոցում հայերեն ուսուցանելու պահանջի մասին (մի կարճատեւ շրջան հենց այդ դպրոցում հայերեն դասավանդեց իմ համագյուղացիներից մեկը)։ Եվ այդ առաջարկն արվում էր այն դեպքում, երբ նրանք, կամա թե ակամա, տիրապետում էին խոսակցական հայերենին։ Իսկ գուցե հենց այն ժամանակ էին նրանք ծրագրում, որ գալու են ժամանակներ, ու իրենք հայերենով ահաբեկելու են հենց մեզ՝ հայերիս։

Ճանաչված լեզվաբան Լավրենտի Հովհաննիսյանի երկու դիտարկման հետ ես լիովին համաձայն եմ։ Առաջինը դասավանդող մասնագետների սղությունն է, երկրորդը՝ մի քանի լեզուներ միաժամանակ սովորելու երեխաների հնարավորությունների բացակայությունը։ Իսկ ամենակարեւոր ընդգծումն այն է, որ այդ լեզուների ուսուցումը չպետք է լինի հայերենի հաշվին։ Հակառակը՝ ինչպես նշում է ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, անհրաժեշտ է մեր դպրոցականներին գիտելիքներ տալ գրաբարից, արեւմտահայերենից, նույնիսկ՝ բարբառներից։ Սկզբնական շրջանում, այստեղ էլ ես ընտրովի խմբերով ուսուցման կողմնակից եմ։ Նույն սկզբունքը կարելի է կիրառել նաեւ բուհերում եւ հետազոտական ինստիտուտներում։ Լիովին կիսելով վերը նշված լեզուների ուսուցման նպատակահարմարության մասին հարգարժան Կատվալյանի հիմնավորումները՝ տրամագծորեն հակառակ կարծիքի եմ «Աշխատանքի ուսուցում» առարկային տրված նրա գնահատականի մասին։

Միանգամայն այլ հարց է, թե ինչպես է դասավանդվում այն։ Նախորդ դարի 80-ականներին՝ ավելի քան 8 տարի, որպես ժողկրթբաժնի տեսուչ, համակարգել եմ դպրոցականների աշխատանքային ուսուցման եւ դաստիարակության բնագավառը։ Անձնական փորձով համոզվել եմ, որ այն լուրջ խնդիրներ էր լուծում երիտասարդության բազմակողմանի կրթության ու զարգացման գործում։ Դեռ այսօր իմ աչքի առաջ են «Բերքի տոն», «Ծաղկի տոն», «Թռչնի օր» դպրոցական, շրջանային եւ հանրապետական միջոցառումների՝ գոհունակություն ճառագող արձագանքները։ Էլ չեմ խոսում դպրոցական անտառապետությունների, դպրոցներում մեխանիզատորական կադրերի պատրաստման եւ ուսումնափորձնական հողամասերի խաղացած դերի մասին։ Նախկին Թումանյանի շրջանի գյուղերում տրակտորի ղեկին դեռ դպրոցներից մասնագիտական որակավորում ստացած շրջանավարտներն են կամ նրանց զավակները։

Հանրային կամ կոլեկտիվ տնտեսությունների բացակայության պայմաններում մեխանիզատորական կադրերի պատրաստումն առավել քան կարեւոր է, եւ մի քանի արհեստագործական ուսումնարան այդ խնդիրն ամբողջությամբ չեն լուծում։ Տեխնիկան առավել քան ներգրավվել է կենցաղ, ինչքա՞ն պիտի շարունակենք փնտրել մանր գործերի «վարպետներ»։ Ի վերջո, ինքնանպատակ չէր ընդհանուր տեխնիկական առարկաների մասնագետների պատրաստումը մանկավարժականում։ 1979թ․ ավարտելով Երեւանի մանկավարժականը՝ ես դիպլոմի հետ ստացել եմ վարորդական իրավունքի եւ խառատ-հաստոցագործի վկայականներ։ Պրակտիկ կյանքում դրանք չօգտագործեցի, բայց բարձր եմ գնահատում դրանց խաղացած դերն իմ մտահորիզոնի եւ հնարավորությունների գնահատման գործում։ Տարիներ անց եմ միայն կարողացել գնահատել Մանկավարժական ինստիտուտում «Դպրոցական հիգիենա» առարկայի դասախոս Բորիս Անջելյանի ջանքերը եւ առարկայի խաղացած դերը, բայց դպրոցական, ուսանողական եւ աշխատանքային տարիներին հավասարապես դեմ եմ եղել ուսումնական առարկաները գլխավորների եւ երկրորդականների բաժանելուն։

ՀԳ. Այս տարի լրանում է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի (համալսարան) 100-ամյակը։ Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ բուհի բոլոր շրջանավարտներին, ներկա եւ նախկին դասախոսներին, աշխատակիցներին։ Հիշենք նաեւ նրանց, ովքեր արդեն հավերժումի աստղաբույլում են:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ