Ո՞ր առարկաների հաշվին են ուսուցանելու թուրքերեն, ադրբեջաներեն․ հայերենի՞

Ո՞ր առարկաների հաշվին են ուսուցանելու թուրքերեն, ադրբեջաներեն․ հայերենի՞

«Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագրով» նախատեսված է նաեւ հարեւան երկրների (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն) լեզուների դասավանդման ներդրում կրթական համակարգում:  

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, մամուլում անդրադառնալով այս հարցին, նշել էր, որ տարածաշրջանային լեզուների իմացության խնդիրն ակտուալ է կրթական բոլոր մակարդակների համար: «Օրինակ՝ չենք կարող մեր հարաբերությունները զարգացնել Վրաստանի հետ, եթե մեր երկրում վրացերեն իմացող մարդկանց թիվը չի հասնում մի քանի տասնյակի, իսկ մասնագետների թիվն էլ ավելի քիչ է»,- նշել էր նա ու հավելել, որ դպրոցներում այս ծրագիրը պատկերացնում են որպես երրորդ լեզու, բայց պարտադիր ուսուցման ներդրում չի լինելու: Կլինի պիլոտային ծրագրի տեսքով:

ԳԱԱ թղթակից անդամ, լեզվաբան Լավրենտի Հովհաննիսյանը ճիշտ չի համարում դպրոցահասակ երեխաներին այդքան ծանրաբեռնելը, թեպետ կարեւորում է լեզուների իմացությունը, բայց դպրոցական ծրագիր մտցնել՝ ծանրաբեռնելով երեխաներին, կողմ չէ․ «Այս պայմաններում ծանրաբեռնել երեխային, մտցնել ծրագրի մեջ՝ ճիշտ չեմ համարում, հետո՝ դա ո՞ր առարկաների հաշվին  է արվելու։ Սա ինձ համար մի քիչ անբացատրելի է․․․ թող օտար լեզուների ուսուցումը կատարելագործեն, ծրագրերը փոխեն՝ անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը, որովհետեւ մարդիկ ավարտում են դպրոցը, անգամ բուհը, բայց սովորական հաղորդակցվել չգիտեն, հիմա ի՞նչ եղավ հանկարծ, որ բերում ենք՝ վրացերեն, ադրբեջաներեն ու թուրքերեն սովորեն դպրոցներում»։
Այս լեզուների իմացությունը որքանո՞վ է առաջնահերթ մեր կրթական համակարգի համար։ «Ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում հատկապես այս պայմաններում»։

Գուցե քաղաքական ենթատե՞քստ կա սրա տակ, հատկապես որ իշխանությունները խաղաղության դարաշրջան են խոստանում բացել։ «Իշխանությունները շատ բան են խոստանում, բայց ո՞ր ժամերի հաշվին են մտցնելու, ինչո՞ւ պետք է երեխան գնա ու դպրոցում ադրբեջաներեն կամ վրացերեն սովորի։ Իրենք անո՞ւմ են այդ բանը»։

Արդյո՞ք մենք ունենք այդքան մասնագետ, որոնք հարկ եղած դեպքում կդասավանդեն այդ լեզուները մեր դպրոցներում։ «Իհարկե ոչ, հետո՝ վրացիների մեծ մասը հիմա արդեն անգլախոս է, եթե մենք անգլերեն լավ սովորենք, կարող ենք հենց անգլերենով նրանց հետ հաղորդակցվել»։
Լավրենտ Հովհաննիսյանը դժվարանում է ասել՝ դպրոցահասարակ երեխաների մտային ռեսուրսը հնարավորություն տալի՞ս է միանգամից 3-4 լեզու սովորել, բայց մտավախություն ունի, որ հայոց լեզվի իմացության հաշվին է արվելու դա․ «Գուցե թե հենց հայոց լեզվի ժամերից էլ պակասեն, ի վերջո՝ որեւէ մի առարկայի ժամերից են դրանք գնալու, այդ թվում՝ նաեւ հայերենի»։      

ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանն ասում է՝ ինչքան շատ մեր երեխաները լեզուներ սովորեն, այնքան լավ։ «Լեզուներից վտանգ չկա, բացի այդ, հարեւան երկրների լեզուները, իհարկե, պետք է ուսումնասիրել։ Կարծեմ՝ պարսկերենի թեքումով դպրոց ունենք, պետք է նաեւ վրացերեն ուսումնասիրել։ Հարեւանների լեզուն պետք է իմանալ, անկախ նրանից՝ հարեւանները բարեկա՞մ են, թե՞ ոչ։ Լեզուների իմացությունը երբեք վատ չէ, եթե, իհարկե, չի արվում մայրենի լեզվի հաշվին, դպրոցներում պետք է ապահովել մայրենի լեզվի փայլուն իմացություն եւ ուսուցանում։ Իհարկե, ցանկալի կլինի նաեւ մեր լեզվի այլ տարբերակներին եւս ավելի խորը ուշադրություն դարձնել, ենթադրենք՝ գրաբար, արեւմտահայերեն, նույնիսկ բարբառների վերաբերյալ գիտելիքներ տալ»,- ասում է Վ․ Կատվալյանը, ում կարծիքով՝ հարեւան երկրների լեզուները կարելի է ուսուցանել ոչ միայն դպրոցներում, այլ նաեւ բուհական համակարգում, հետազոտական ինստիտուտներում։  

Թե ինչու մեր հարեւան պետությունների լեզուների դասավանդման անհրաժեշտությունը չէր կարեւորվում մի քանի տարի առաջ, այլ միայն հիմա, Կատվալյանն ասում է․ «Հնարավոր է, որ դա պայմանավորված է ինչ-ինչ քաղաքական հանգամանքներով, բայց ես, անկախ այդ ամենից, գտնում եմ, որ հարեւանի լեզուն իմանալը վատ չէ, կլինի բարեկամ, թե թշնամի»։ Ինչ վերաբերում է մասնագետների բացին, ապա, ըստ նրա, դա արդեն նախարարության խնդիրն է․ «Եթե իրենք նախաձեռնում են ծրագիր, ուրեմն պետք է հոգան նաեւ այդ մասին, դա արդեն իրենց խնդիրն է, ուրեմն պետք է պատրաստեն մասնագետներ»։

Տեղյա՞կ է՝ մեր հարեւան 4 պետություններում հայոց լեզվի ուսուցում իրականացվո՞ւմ է դպրոցներում։ «Չեմ կարծում, բայց մենք պետք է հաշվի առնենք մեր իրավիճակը, աշխարհաքաղաքական հանգամանքները, ինչին կարող ենք դիմակայել, մեզ պետք է, թե պետք չէ։ Իսկ այս պարագայում ես կարծում եմ, որ մեզ պետք է, գուցե պարսկական միջավայրի համար դա պետք չէ, կամ գուցե Վրաստանի համար մեր լեզուն այդքան էլ էական չէ, որովհետեւ Վրաստանը մեզ նման շրջափակված չէ։ Մենք ելք չունենք եւ ուզենք թե չուզենք, մեր իրավիճակից ելնելով՝ պետք է մեր քայլերը կատարենք»։   

Վ․ Կատվալյանն ասում է՝ դպրոցներում երբեմն այնպիսի առարկաներ են անցնում, որոնց ուսուցումն արդարացված չէ․ «Ես հիշում եմ՝ սովետական ժամանակներում մենք անցնում էինք «Աշխատանքի ուսուցում» առարկա, որը բացարձակ անիմաստ առարկա էր, չգիտեմ՝ հիմա այդ առարկան կա, թե ոչ, եւ ինչպես են այն անցնում։ Այդ առումով կարծում եմ՝ կան առարկաներ, որոնց ժամերի հաշվին կարելի է ներմուծել այդ լեզուների ուսուցումը, որովհետեւ դա շատ կարեւոր է հատկապես մեր տարածաշրջանում, հատկապես թշնամու լեզուն, որը պետք է շատ լավ իմանալ։ 44-օրյա պատերազմից անընդհատ դեպքեր են պատմում, թե ինչպես հակառակորդը հայերենով մոտեցել է եւ ինչքան վնաս է տվել մեր զինվորներին։ Այսինքն՝ նրանք վաղօրոք պատրաստվել էին, չէ՞, ուսուցում էին կազմակերպել, հայերեն էին սովորում եւ դրանով անընդհատ մեզ վնաս են տվել։ Մենք էլ պետք է իրենց լեզուն իմանանք, ինչո՞ւ ոչ»։