Հայտնի է, որ հունիսի կեսերին, այսինքն՝ հաշված օրեր անց, Ռուսաստան է այցելելու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նախատեսվում է քննարկել թե’ երկկողմ, թե’ միջազգային խնդիրներին վերաբերող հարցեր։ Այցը տեղի կունենա հունիսի 15-17-ին, կկրի աշխատանքային բնույթ։ Արդեն ռուսական կողմի հայտարարությունից կարելի է հասկանալ, որ Մոսկվան եւ Անկարան, բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, կանդրադառնան նաեւ Մերձավոր Արեւելքի, Հարավային Կովկասի (ենթադրաբար՝ Հայաստանի), սեւծովյան ավազանի եւ Կենտրոնական Ասիայի ռեգիոնների հետ կապված հարցերին։
Россия сегодня-ի խորհրդական, արեւելագետ Թուրալ Քերիմովը Вестник Кавказа-ի հետ զրույցում անդրադարձել է կայանալիք այդ այցին եւ օրակարգային հարցերին։ Քերիմովն ասել է, որ իրականում բավականին շատ հարցեր կան կուտակված Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում եւ նաեւ միջազգային ասպարեզում, որոնք անհրաժեշտ է քննարկել արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։ Առաջին հերթին դա երկու երկրների միջեւ էներգետիկ համագործակցության հետագա զարգացման հեռանկարային հարցն է, «Աքույու» ԱԷԿ-ի նախագիծը, որն իրականացնում է Росатом-ը։ Միջազգային օրակարգի հարցերից անպայման կողմերը քննարկելու են Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման հնարավորությունը, բանակցությունների վերսկսման հեռանկարները, նաեւ՝ սեւծովյան ավազանի հետ կապված հարցերը։
Հաջորդիվ արդեն Մերձավոր Արեւելքն է՝ Իսրայել-Պաղեստին հարցերի շրջանակը, որին ավելացել է նաեւ իրանական ճգնաժամի հետ կապված ողջ հարցերի ներկապնակը։ Չի բացառվում, որ քննարկվեն առաջիկայում երկու նախագահների՝ Պուտինի եւ Էրդողանի հանդիպման հնարավորությունները։ Հատկապես որ, ըստ Քերիմովի դիտարկման, բավական երկար ժամանակ է, ինչ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ պետությունների ղեկավարների մակարդակում հանդիպում չի եղել։ Դժվար է ասել, թե, օրինակ, Հարավային Կովկասի մասով նախարարներ Ֆիդանն ու Լավրովն ինչ են խոսելու, սակայն Հայաստանում ընթացող պրոցեսներին ինչ-որ կերպ անդրադարձ կատարվելու է։ Հատկապես որ Հարավային Կովկասը հետաքրքրության գոտի է Թուրքիայի համար եւ ավանդաբար ազդեցության գոտի՝ Ռուսաստանի համար։