Արցախն Ադրբեջանի կազմու՞մ

Արցախն Ադրբեջանի կազմու՞մ

1992-ի ադրբեջանական հարձակումների շրջանում «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում Լ. Տեր-Պետրոսյանը ԼՂԻՄ-ի մշակութային ինքնավարության գաղափարն էր առաջ քաշել: Ինչը ենթադրում էր Ադրբեջանից անջատվելու հեռանկարի բացառում: Պատերազմն այլ ընթացք ունեցավ, եւ Արցախի Հանրապետությունն անկախացավ: 2018-ի մայիսին փողոցով իշխանության եկած Փաշինյան Նիկոլը նախաձեռնեց զրոյական կետից ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Արդյունքում Արցախը կորցրեց Սահմանադրությամբ ամրագրված տարածքների մեծ մասը, այդ թվում` իր խորհրդանիշ Շուշին:

Հայաստանի Հանրապետությունն էլ դադարեց մնացած մասի անվտանգության երաշխավորը լինելուց՝ այդ «մանդատը» զիջելով ռուս խաղաղապահներին: Այսօր արդեն առկա է Արցախն ընդհանրապես կորցնելու վտանգ: Ինչը ձեւակերպվում է որպես Ադրբեջանի կազմում Արցախի լինելու-չլինելու հարցի քննարկում: Վերը նշված հարցազրույցից քառորդ դար անց տեղի ունեցավ վերադարձ՝ ի շրջանս յուր, տերպետրոսյանական տեսլականին: Բայց ՀՀ առաջին նախագահի հոգեզավակի իշխանության պայմաններում նույնիսկ մշակութային ինքնավարությունը կարող է երազանք թվալ: Թշնամի երկրի ղեկավարը դրել է Արցախը հայաթափելու խնդիր:  

Ադրբեջանի կազմում Արցախի լինելու հարցը կարծես թե վերջնականապես փակված է ՀՀ գործող իշխանության համար: Դրա վկայությունն է այն, որ իշխանավորները համատարած հրաժարվում են պնդել, որ «Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում»: Հրաժարվում է Նիկոլը, նրա ենթականեր Ալենը, Արոն, Արմենը, մնացած բոլորը: Իհարկե, կարող է այնպես պատահել, որ նրանց մեջ մեկը կամ մի քանիսն այլ կարծիք ունեն, բայց այդ կարծիքը երեւի արտահայտում են իրենց տանը՝ խոհանոցում: Որովհետեւ նիկոլական ուսապարկի վերածվելու չգրված կանոն գոյություն ունի. մոռանալ սեփական կարծիքը, թաքցնել, քանի որ գործող իշխանության կարծիքը ենթադրում է հրաժարվել մասից (այսինքն՝ Արցախից)՝ ամբողջը (այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունը) պահպանելու համար: 

Այնպես որ, իմաստ չունի այս կամ այն նիկոլական պաշտոնյային հարցնել, թե կարո՞ղ է, արդյոք, Արցախը լինել Ադրբեջանի կազմում: Իհարկե, կարող է՝ եթե այդպիսին է Նիկոլի կարծիքը: Եվ դրան է միտված ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի 100 տոկոսանոց «հայանպաստ» գործունեությունը: Դրան են նպատակամղված Արցախի ճակատագրի վերաբերյալ ուսապարկերի վերջին դատողությունները, որոնք Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ օվերտոնի պատուհան բացելու փորձեր են: Այդ ամբողջ «հայանպաստության» մեջ խանգարում է Արցախի ապագայի վերաբերյալ գլխացավանքը:

Ինչը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյան Արարատի կողմից ձեւակերպվում է որպես «առանցքային համարվող ԼՂ հայության իրավունքների եւ ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգին»: Եվ ադրբեջանական պահանջների ու վերը նշվածի հիման վրա գործող իշխանությունը պատրաստ է սկսել բանակցություններն Ադրբեջանի հետ: Ուղղակի ողջ զավեշտը (Ադրբեջանի տեսակետից) եւ ողբերգականությունը (մեր տեսակետից) այն է, որ «ԼՂ հայության իրավունքների եւ ԼՂ կարգավիճակի» հարց ընդհանրապես գոյություն չունի Ադրբեջանի օրակարգում: Ադրբեջանի նախագահը նույնիսկ Մինսկի խմբի համանախագահներին բանի տեղ չի դնում, ուր մնաց, որ Միրզոյան Արարատի խոսքին ականջալուր լինի:

Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որ 2020 թ․ հուլիսի տավուշյան դիրքային մարտը Սարդարապատի մակարդակի էր բարձրացրել, պատերազմի պարտությունից հետո մի թթու խոսք չի ասել իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ հասցեին: Չնայած վերջինս անընդհատ նվաստացնում է թե՛ անձամբ իրեն եւ թե՛ ողջ մեր ժողովրդին: Այդ անձն ինչպե՞ս է կարողանալու Իլհամին ստիպել, որ նա ընդունի «ԼՂ հայության իրավունքների եւ ԼՂ կարգավիճակի» հարցի քննարկումը… Բնական է, որ հաստատ չի կարողանալու, ու այդ պատճառով էլ ոչ մի նիկոլական չի բարձրաձայնում այդ մեկ նախադասությունը. «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում»: Եվ սա հենց այն լակմուսի թուղթն է, որ բացահայտում է գործող իշխանության իրական մտադրությունն Արցախի ապագայի հարցում: Հենց դրա վկայությունն է այն փաստը, որ մարտի 21-ի գիշերն Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է մեր ազգաբնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու նենգ գործին եւ դիմում հանցավոր քայլի»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ: Արցախահայության համար անընդհատ հումանիտար աղետ ստեղծող Ադրբեջանն ինչո՞ւ պիտի Հայաստանի հետ քննարկի ԼՂ կարգավիճակի հարցը: