Ֆրանսիական զենքը չի կարող վերացնել մեր եւ Ադրբեջանի ռազմական դիսբալանսը

Ֆրանսիական զենքը չի կարող վերացնել մեր եւ Ադրբեջանի ռազմական դիսբալանսը

Ֆրանսիայի կողմից Հայաստան զինտեխնիկայի մատակարարման գործընթացն արագացնելու մասին Ֆրանսիայի Սենատի հայտարարությունը՝ ուղղված կառավարությանը, քննարկման առարկա է դարձել Ադրբեջանում։ haqqin.az-ը, անդրադառնալով Հայաստան զենքի մատակարարումներին, դա որակում է Ֆրանսիայի կողմից Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու փորձ։ Հայ ռազմական փորձագետներն էլ իրենց մտահոգությունն են հայտնում, թե ինչպես է այդ զենքը ներդրվելու ՀՀ զինված ուժերում։ Նշվում է նաեւ, որ ֆրանսիական կողմն իր ունեցած լուրջ զինտեխնիկան մատակարարել է Ուկրաինային, պահուստային զենքը մեզ ոչինչ չի տա։ Կասկածներ կան նաեւ Հնդկաստանից գնված զենքի պիտանիության մասով։

Տարօրինակ է նաեւ այն, որ դեռ զենքը տեղ չհասած՝ ի լուր աշխարհի հայտարարում են այդ մասին։ Այնինչ աշխարհում այլ ավանդույթ կա՝ եթե հայտարարում են, ապա միայն ներդրումից հետո։ 
Մի կողմ թողնելով հարցի ռազմական ասպեկտը՝ անդրադառնանք ադրբեջանական պնդումներին, որ Ֆրանսիան Հայաստանին պատերազմի մեջ է ներքաշում։ Արդյոք այս պնդումը որեւէ հիմք ունի՞, գուցե սրանով ընդամենը մեզ վրա հարձակվելու հիմքե՞ր են ստեղծում։ Գուցե Ադրբեջանը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վրա իր ռազմական վերահսկողությունը սահմանելու հո՞ղ է նախապատրաստում։

Իսկ ֆրանսիական զենքը Հայաստանին հաստատ առավելություն չի տալու Ադրբեջանի համեմատ։ Օրինակ, «Bastion» տեսակի զրահամեքենաները կարող են հատուկ ստորաբաժանումներին պատերազմի ժամանակ արագ մի կետից մյուսը հասցնել, բայց դրանն պատերազմական գործողություններում առանցքային դեր չեն կարող կատարել։
Արդյոք այս ճանապարհով Արեւմուտքը, տվյալ դեպքում՝ Ֆրանսիան, պայմանավորված քաղաքականություն չի՞ վարում՝ Հայաստանի Հանրապետությունից պոկելու այն, ինչ երազում է պոկել թուրք-ադրբեջանական տանդեմը։ Չէ՞ որ Արեւմուտքի համար «ժողովրդավարություն», «հավասարություն», «մարդու իրավունքներ», «միջազգային իրավունքներ» ձեւակերպումներն ուղենիշային են, սակայն ափսոս, որ միայն քաղաքական հայտարարությունների տեսքով։

Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով՝ իսկապե՞ս Արեւմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ, ու զինտեխնիկայի տրամադրումը միայն արտաքին շղարշ է։ «Առհասարակ, պետք է ողջունել Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը տարբեր կենտրոնների հետ։ Սա նորմալ կլինի, եթե դիտարկվի անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիայի տեսանկյունից, բայց արդյոք ՀՀ այսօրվա իշխանությունը դրանո՞վ է զբաղված՝ ոչ, որովհետեւ մենք միակողմանիորեն տրվել ենք արեւմտյան հարթակներին, ինչը կարող է ռիսկեր ծնել։ Առաջին․ այն ծավալը, որ Ֆրանսիան մեզ պատրաստ է տրամադրել, ըստ մամուլի հաղորդագրությունների, ամենեւին էլ չի վերացնում դիսբալանսը, որ մենք ունենք Ադրբեջանի հետ, իսկ այդ պարագայում Բաքվի մոտ իսկապես կարող է մեծանալ Հայաստանին կանխարգելիչ հարված հասցնելու գայթակղությունը»,- ասաց Սուրենյանցը։

Երկրորդ․ արդյո՞ք Արեւմուտքը պատրաստ է ստանձնել Հայաստանի անվտանգության պատասխանատվությունը։ Իհարկե՝ ոչ,- համոզված է քաղաքագետը։ Թե՛ բանավոր, թե՛ դիվանագիտական, թե՛ այլ հայտարարություններով նրանք հասկացրել են, որ նման բեռ իրենք իրենց վրա չեն պատրաստվում վերցնել։ Աշխարհում այսօր չկա մի երկիր, որը պատրաստ լինի դառնալ Հայաստանի դաշնակիցն ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի, իսկ սա ենթադրում է, որ Հայաստանն իր լինելիության հարցն առաջին հերթին պետք է լուծի հայ-ռուսական եւ հայ-թուրքական նոր որակի հարաբերություններով՝ այդպես փորձի առաջին հերթին պաշտպանել իր անվտանգությունը։

«Այն պարագայում, երբ մենք տեսնում ենք, որ արեւմտյան բոլոր մայրաքաղաքներում այս օրերին վեճեր են այն թեմաներով, թե արդյոք արժի՞ շարունակել Ուկրաինայի սպառազինությունը, ակնհայտ է, որ արեւմտյան էլիտաներում եւ հասարակությունների մոտ արդեն իսկ հոգնածություն կա ուկրաինական պատերազմից, էլ ուր մնաց նրանք այս իրավիճակում, երբ աշխարհում կա Մերձավոր Արեւելքի կոնֆլիկտը, երբ Բալկաններում են անհանգիստ, եւ ամեն րոպե Թայվանի շուրջ կարող է կոնֆլիկտ հասունանալ, իր վրա վերցնի մի նոր բեռ մեր տարածաշրջանում։ Ռազմատեխնիկական այդ պայմանագրերը կարեւոր են, բայց դրանք պետք չէ գերագնահատել, որովհետեւ դրանք ծնում են նաեւ ռիսկեր»,- եզրափակեց Սուրեն Սուրենյանցը։