Զինղեկները հրաժարվում են աշխատել 60 հզր․ դրամով

Զինղեկները հրաժարվում են աշխատել 60 հզր․ դրամով

Երեկվանից Հանրապետության ուսուցիչները ոտքի են ելել՝ ԿԳՄՍ-ի նախարարության դիմաց կազմակերպելով բողոք ակցիաներ։ Նրանք  բողոքում են, որ տարիներ շարունակ ուսուցիչների աշխատավարձերը չեն բարձրացնում, բայց պարտադրում են նոր չափորոշիչներով աշխատել, ինչը նրանց աշխատանքը կրկնակի է դարձրել։

Իսկ ահա ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 79-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ 112-ն հրամանով (4 սեպտեմբերի 2023 թվական) ՀՀ-ի հանրակրթական դպրոցների մեծամասնությունում զինղեկների աշխատավարձը կրճատվում է 50 տոկոսով։  

Շիրակի մարզի մի շարք դպրոցների զինվորական ղեկավարներ նույնպես ոտքի են ելել, պահանջում են, որպեսզի մարզի կրթության վարչությունը համպատասխան ուղերձով դիմի նախարարություն՝ վերանայելու փոփոխությունները։
Փոփոխության համաձայն՝  կրճատում են  ՆԶՊ դասաժամերն ու հետևաբար` աշխատավարձը, փոխարենը գործառույթները մնում են նույնը: Զինղեկների աշխատանքը 1 դրուքից դառնում է կես դրույք՝ դառնալով մոտ 60000 դրամ: Զինղեկները նշում են, որ այդ չնչին գումարով չեն պատրաստվում աշխատել։ Նշենք, որ նախկինում, անկախ դասաքանակից, աշակերտների թվաքանակից,նրանց  վարձատրությունը կազմում էր մեկ դրույք։  

«Մեր գործառույթը միայն ՆԶՊ դասավանդելը չէ։Համագործակցում ենք զինկոմիսարիատների, ՊՆ-ի, զորամասերի, ոստիկանության, հասարակական կազմակերպությունների հետ, այդ ամենը, ամբողջ ռազմահայրենասիրական դաստիարակությունը մեր ուսերին է, ու հանկարծ 50 տոկոսով կրճատում են աշխատավարձդ, բնական է՝ իմպուլսը նվազելու է, տուժելու է ուսումնական մոտիվացիան»,-ասում է Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցի զինղեկ Սուրեն Ավետիսյանը։

«Գործող իշխանությունները հերթական անգամ ապացուցում են իրենց ազգակործան գործունեությունը` պատերազմող երկրում հարված հասցնելով երկրի անվտանգությանը և կասկածի տակ դնում հայոց պետականության գոյությունը։Երկրի անվտանգությունն ապահովելու փոխարեն նիկոլական գերատեսչության ղեկավարի հրամանով կրճատվում է հանրակրթական դպրոցների զինղեկների աշխատավարձը` նպատակ ունենալով ևս մեկ հարված հասցնել երկրի պաշտպանողականությանը և սեփական հայրենիք ունենալու իրավունքին»,- գրել է ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Միրզոյանը։

Տեղեկացանք, որ Շիրակի մարզային կրթության վարչությունը խոստացել է դիմել նախարարություն՝ հրամանը վերանայելու։ Զինղեկներն էլ իրենց հերթին են խոստանում՝ հրամանը չփոխելու դեպքում՝ նոր բողոքի ակցիա իրականացնել։