ՔՊ-ական գյուղապետը տեղը չի բերում, թե ում մեղքով ինչ է եղել երկրում

ՔՊ-ական գյուղապետը տեղը չի բերում, թե ում մեղքով ինչ է եղել երկրում

Գորիս համայնքի մի բնակիչ օրերս մասնավոր զրույցում դժգոհում էր՝ հյուրանոցները՝ դատարկ են, զբոսաշրջիկները պակասել են։ Ինչո՞ւ, որովհետև Սյունիքում իրավիճակը խաղաղ չէ, իսկ զբոսաշրջիկը վախենում է կռվից, պոստերից, բախումներից։ Մինչդեռ, Տաթևը, Կապուտջուղ և Խուստուփ լեռները, Բարգուշատի լեռնաշղթայի գեղատեսիլ բարձունքները, Սիսիան-Ուռուտյան, Լիճք-Տաշտունյան, Քարաշեն-Խոզնավարյան հանքային աղբյուրները, Սյունիքը նախապատերազմական շրջանում Սևանից հետո երկրորդ ուղղությունն էին զբոսաշրջության առումով եւ փող էին բերում` թե՛ բնակավայրերի, թե՛ բնակիչների բյուջե։

Տաթևի ՔՊ-ական գյուղապետին մեր հարցը, թե ճի՞շտ է արդյոք, որ իրենց մոտ զբոսաշրջային ակտիվությունը պակասել է, զայրացրեց։ Նա փորձեց հերքել, ապա հեռախոսով բարոյախրատական ելույթ ունեցավ

«Տուրիզմը, որ պակասել է, գիտեք՝ ինչի հաշվին է պակասել, կորոնավիրուսի։ Պատերազմից հետո մի քիչ պակասել ա։ Իսկ վախենալու, որ ասում եք, վախենալու ի՞նչ կա Սյունիքում, էդ թմբակահարում եք, որ ի՞նչ, ես չեմ հասկանում։ Ո՞վ ա վախում, վախեցած մեկը զանգահարել է Ձեզ։ Ես Ձեզ ասում եմ հստակ, որ բնականոն հունով ընթանում է կյանքը, սահմանները պաշտպանված են, տուրիզմը, այո, մի քիչ պակասել է, էդ էլ, ներողություն, ձեր՝ լրատվամիջոցների պատճառով է։ Որ տենց եսիմ ինչեր եք գրում՝ Սյունիքը, Սյունիքը․․․ ես չեմ հասկանում՝ ինչի՞ եք տենց անում, ինչի՞ եք պանիկա գցում ժողովրդի մեջ։ Լրատվամիջոցները ի՞նչ նպատակ են հետապնդում։ Ձեր համար կաբինետներում նստած՝ քայքայիչ հայտարարություններ եք անում երևաններում կաբինետներում նստած»,- մամուլի հանդեպ իշխանական ողջ ատելությունն ամփոփելով իր կարճ ելույթում հայտարարեց ՔՊ-ական գյուղապետը։

Իզուր փորձեցինք բացատրել, թե լրատվամիջոցները ոչ թե քայքայիչ գործունեություն են ծավալում, այլ ընդամենը հարց էինք տալիս` պատասխանի ակնկալիքով, իսկ երբ վատ լուրեր ենք հաղորդում` գրելով, թե այսինչ դիրքը հանձնվել է ադրբեջանցիներին, այնինչ դիրքից նշառության տակ են պահում մեր բնակավայրերը, ապա մեր գործը դա է` իրազեկել հանրությանը: Ինչ վերաբերում է կաբինետներին, ապա կարծես թե գյուղապետը խառնել է կաբինետների տեղերը` լրագրողները չեն կնքել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, լրագրողները չեն հանձնել Սեւ լճի ու Սոթքի հատվածը, լրագրողները չեն Կապան-Գորիս ճանապարհին ադրբեջանցիների կանգնեցրել եւ առհասարակ` մեր մեղքը միայն այն է, որ ներկայացնում ենք այն ավերածությունները, որոնք իրականացնում են իշխանությունները երկրում։

Ի տարբերություն իշխանական գյուղապետի, Տաթևի նախկին գյուղապետ Մուրադ Սիմոնյանը չթաքցրեց, որ «հայտնի» դեպքերի բերումով, զբոսաշրջիկների նախկին հոսքը չկա։

«Համարյա թե շարժ չկա։ Մեկ-մեկ Երեւանից ինչ-որ խմբեր են գալիս` շատ քիչ։ Հեսա մի շաբաթ է, մի քիչ․․․ Հիմա չեմ կարող ասել՝ կորոնավիրո՞ւսն ա, թե՞ անվտանգությունը, դե, երկուսը միասին պարզ ա, որ կազդի։ Նախկինում այս օրերին արդեն տեղ ու դադար չկար ո՛չ Տաթեւում, ո՛չ հյուրանոցներում։ Մի քանի օր առաջ էնքան ուրախացա, որ Հալիձորի անտառում մարդ տեսա»,- մեզ ասել էր Տաթևի նախկին գյուղապետը։