Ինչ ազդակներ են փոխանցել եվրոպացիները՝ Հայաստանի ՄԻՊ-ին

Ինչ ազդակներ են փոխանցել եվրոպացիները՝ Հայաստանի ՄԻՊ-ին

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, դեսպան Մարթեն Էհնբերգը և պատվիրակության անդամները՝ ԵԽ-ում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Անդորրայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ դեսպանները, ինչպես նաև ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գլխավոր տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և այլք Հայաստանում գտնվելու ժամանակ հանդիպել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին։

Վերջիններս դեսպաններին են ներկայացրել անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկ և հիմքերը։ Իսկ գերիների մասով՝ պատերազմական հանցանքների ապացույցներ, խոշտանգումների փաստաղթավորված հիմնավորումներ՝ լուսանկարներ, փաստեր վկայություններ։ Այսինքն՝ պաշտպանի ու իրավապաշտպանի ողջ փաստահավաքության գրեթե 1 տարվա արդյունքները։

Սիրանուշ Սահակյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց՝ գերիների հարցը քննարկվել է 4 ասպեկտով։

«Առաջինը թվի կրճատումը և արհեստականորեն իրական թվեր թաքցնելը, մինչ օրս ստուգված տեղեկատվոթյուն չներկայացնելը, միտումն ենք ցուցադրել, թե ինչպես են ստում միջազգային հանրությանը։ Եվ այդ կապակցությամբ նաև փաստեր ենք ներկայացրել։ Անդրադարձել ենք գերիների խոշտանգումներին, որը համատարած պրակտիկա է եղել, երրորդ խնդիրը սպանություններն են՝ գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների: Այս առումով էլ բավարար փաստեր են ներկայացվել։ Չորրորդ խնդիրը, որ իրականում մենք գործ ունենք պատանդների, այլ ոչ թե այնտեղ մնացած հանցագործների հետ և գերիների վերադարձը ձգձգելու նպատակով նրանք շինծու քրեական գործեր են հարուցում և դարձյալ մոլորեցնում են միջազգային հանրությանը»,- ասաց իրավապաշտպանը։ Նա հավելեց, որ այսպիսով «մեսիջներ են ուղարկել, թե ինչպիսի գործողությունների» ակնկալիք ունեն։

Իսկ եվրոպացիները իրենք տալի՞ս էին հարցեր, ուզում էին լսել իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններ։ Սահակյանն ասաց, որ, այո, նման հնարավորություն եղել է։

Իրավապաշտպանից հարցրեցինք նաև՝ քանի՞ գերու ու պատանդի վերաբերյալ փաստեր ունի հայկական կողմը, Ադրբեջանը քանիսի՞ գոյությունն է ընդունում։

Ըստ իրավապաշտպանի՝ հոկտեմբերի 19-ին ևս 5 գերու հայրենադարձությունից հետո, նրանք  հայտարարում են, որ իրենց մոտ կա 40 գերի, մինչդեռ, փաստահավաքների ունեցած տեղեկություններով՝ նրանց թիվը 120 է։  Սիրանուշ Սահակյանը ասում է, որ գերության մեջ կան նաև սպանվածներ։ Ըստ որում, մարդիկ, որոնք գտնվել են դատարանի պաշտպանության ներքո։ «Ավելին, մենք ցույց ենք տվել նաև ժամանակագրությունը, որ նմանատիպ հանցագործություններ առաջին անգամը չէ, որ ԵԽ-ին անդամակցելուց հետո կատարվել են հայերի նկատմամբ»։

Սահակյանն ու Թաթոյանը ասել են, քանի որ միջոցները ազդեցիկ չեն եղել, դրանք հանգեցրել են նման հանցագործությունների թվի աճի։ «ՈՒ այստեղ գործ ունենք տարիների ընթացքում հանցագործությունների աճի ոչ թե կրկնապատկման, այլ տասնապատկման»,-ասաց իրավապաշտպանը։

Եվրոպացիներն էլ, մեր տեղեկություններով ազդակներ են հաղորդել, որ պատասխանատու ու հետևողական կերպով են անդրադառնալու գործընթացին։ Մանավանդ, որ Նախարարների կոմիտեում արդեն իսկ գործեր կան, այս թվում նաև անհատական։

Այլ հարցերի թվում Արման Թաթոյանը անդրադարձել է նաև Ադրբեջանի իշխանությունների և  բարձրագույն մարմինների կողմից գեներացվող և իրենց մշակութային, սպորտային ու հանրային այլ գործիչների բերանով ասվող, մեզ՝ հայերիս վերաբերող հայատյաց և հակամարդկային ձևակերպումներին։

«Մենք պետք է սպանենք հայերին՝ անկախ նրանից կին է, երեխա է, թե տարեց (…)», – «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մեդիա ղեկավար։

«Հայերը ոչնչություն են և մարդ չեն, նրանք առնետների նման թաքնվել են իրենց բներում», - օրինակ ասել է Ադրբեջանի վաստակավոր արտիստը։

«Պոռնիկի զավակը պոռնիկ էլ կդառնա: Նրանք բոլորն աղվես են: Երբ ճիշտ ժամանակը գա, նրանք ցույց կտան իրենց», - ասել է Ադրբեջանի գրողների միության անդամներից մեկը` հայ տարեց կնոջ մասին։ Իսկ «Թուրքիայի ձայնը» երգի մցույթի հաղթողն էլ, որ «Հայ ժողովուրդը իրական հիվանդ է: Բժշկությունն անհույս է, սա բուժման ենթակա չէ: Քրոնիկ հայկական փորլուծություն» ունի։