Նույն համարժեք պատասխանը հայերը պետք է տային ադրբեջանցիներին

Նույն համարժեք պատասխանը հայերը պետք է տային ադրբեջանցիներին

«Ահավոր վիճակ է, հիմա թե ներքևից, թե վերևից, թե Լիբանանից ու թե Գազայից հարվածում են․ արդեն կա 1200-ից ավելի զոհ, 3 հազարից ավելի վիրավոր»,- մեզ հետ զրույցում ասաց Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչ Քրիստինե Մովսիսյանը:

Նա նշեց, որ Իսրայելի պաշտպանության բանակը կարողացել է Իսրայել ներթափանցած ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հիմնական մասին ոչնչացնել՝ մոտ հազար ահաբեկիչ է ներթափանցել Իսրայել: Դեռեւս ինչ-որ մի քաղաքում մի տեղից մի ահաբեկիչ է դուրս գալիս, որին ձերբակալում են, սակայն ընդհանուր առմամբ սահմաններն ապահով են՝ տեղեկացնում է վերջինս: 

Աշկելոն քաղաքն է երեկ ուժեղ գրոհի տակ եղել մի քանի ժամ՝ ուժեղ հրթիռակոծության է ենթարկվել քաղաքը: Հայկական եկեղեցիները հրիթռակոծության հետևանքով չեն վնասվել: Ինչ վերաբերում է հայերի շրջանում վիրավորներ, զոհեր և անհետ կորածներ ունենալուն, Մովսիսյանը նշում է, որ անընդհատ կապի մեջ է, սակայն վիրավոր, զոհված կամ անհետ կորած հայերի մասին տեղեկություն դեռևս չի ստացել: Անդրադառնալով Իսրայելի հասցեին հնչող քննադատություններին, որ բանակը թիրախավորում է Գազայի խաղաղ բնակչությանը, ասաց, որ շատ կուզեր, որ հայկական կողմն էլ ադրբեջանցիներին նույն կերպ պատասխաներ, ինչպես Իսրայելը` ՀԱՄԱՍ-ին:

«Երբ ադրբեջանցիները մտան մեր գյուղերն ու տատիկների -պապիկների լեզուներն ու ականջները կտրեցին, մեր զինվորները հետ գնացին: Իսկ հիմա Իսրայել` ինքնաթիռներով հրեաներ են գալիս, թողնելով իրենց հանգիստը, հյուրանոցները, բոլորը գալիս են, որ պատերազմին մասնակցեն… Այստեղ ազգը բանակն է, այստեղ հպարտություն է ծառայելը, այստեղ հպարտություն է լինել գծերի վրա: Այն, ինչ կատարվել է Գազայի կողքի գյուղերում, արտասահմանից եկած լրագրողներ են մտել, սակայն նույնիսկ հրեաներին չեն թողնում մտնել, նկարել, որովհետև քառասուն երեխայի վիզ ու գլուխ են կտրել: Դրա համար էլ Իսրայելն այդ իրավունքն ունի, ազգն էլ է իր իշխանությունների հետ, Բայդենի երեկվա ելույթն էլ դա հաստատեց: ՀԱՄԱՍ-ն իր ձեռագիրը ցույց տվեց, որը մեզ լավ ծանոթ է»,- նշեց Քրսիտինե Մովսիսյանը: 

Նա կարծում է, որ եթե որևէ մեկը մտնում է ուրիշ պետություն, կարողանում է երեխաների գլուխ կտրել, մարդկանց մորթել, նշանակում է, պիտի պատրաստ լինի, որ նույնն իր հետ կանեն: Վերջինս ափսոսում է, որ նույն համարժեք պատասխանը հայերը չկարողացան ադրբեջանցիներին տալ:

«Եղելության հիմնական մասը ոչ թե իսրայելական հեռուստաընկերություններից ենք իմանում, այլ տիկ-տոկներից, այնտեղ մեծ փառատոն է եղել, այդ փառատոնի երեխեքին ինչ են արել՝ աղջիկներին բռնաբարել են, գլխատել են, վեց հարյուրից ավելի փախչող մարդկանց ուղղակի գնդկահարել են: Այդ բոլոր վիդեոները այդ գազաններից ենք ստացել: Իսրայելի հայերով հենց դա ենք ուզում հասցնել հրեաներին, որ թուրքերի ու ադրբեջանցիների ձեռագիրն էլ է նույնը, այն Ադրբեջանի, որին Իսրայելը աջակցում է: Այն, ինչ Ադրբեջանը արեց հայերի հետ՝ ՀԱՄԱՍ-ն արեց Իսրայելի նկատմամբ, ուղղակի մի տարբերությամբ, որ Իսրայելի բանակը շատ ուժեղ է: «Իսրայելում մի ազգ-մի բանակ սկզբունքն է գործում, որը մարդկանց մեջ սերմանում են մանկապարտեզից, դպրոցից… Ոչ ոք այստեղ փող չի վճարում, որ ազատեն ծառայությունից»,- նշում է վերջինս եւ հավելում է, որ ամենայն հավանականությամբ Իսրայելը Գազան հողին կհավասարեցնի: