Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կփորձեմ հնարավորինս ճշտել

Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կփորձեմ հնարավորինս ճշտել

Հոկտեմբերի 30-ին տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյան-արտախորհրդարանական ուժերի ղեկավարներ ֆորմատով հերթական նիստը։ Հիշեցնենք, որ այս ֆորմատով քննարկումներին, որոնք փակ են եւ չեն լուսաբանվում, ներկաներն իրենց հուզող հարցերն են ուղղում Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքական կոնսուլտացիաների իմիտացիա են ստեղծում:

Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը «Հրապարակին» հայտնեց, որ ինքը առաջիկա հանդիպմանը հարց է ուղղելու նոյեմբերի 9-ին կնքվելիք փաստաթղթի վերաբերյալ։ Հայրապետյանին հարցրեցինք, թե Հայաստանի զարգացման տեսանկյունից ո՞րն է ճիշտ` ստորագրե՞լը, թե՞ չստորագրելը, նա ասաց․

«Մենք դատապարտված ենք ստորագրել, բայց թե ինչ կստորագրենք, ամսի 30-ին վարչապետի հետ հանդիպման ժամանակ կփորձեմ հնարավորինս ճշտել։ Իսկ հիմա ինչ ասեմ` օդի մեջ կլինի»։

Նշենք, որ սովորաբար այդ հանդիպումներին մասնակցում են «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Տիգրան Արզաքանցյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ 

Տիգրան Ուրիխանյանին էլ հարցրեցինք՝ հարցեր ունի՞ վարչապետին։ Ասաց՝ հարց տալու համար ես դեռ պետք է ասեմ՝ գնալո՞ւ եմ, թե՞ ոչ։