Ես առաջիններից եմ եղել, որ պայքարել եմ այդ տխրահռչակ ռեկտորի դեմ

Ես առաջիններից եմ եղել, որ պայքարել եմ այդ տխրահռչակ ռեկտորի դեմ

ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի որդին` Տարոն Մանուկյանը, ամիսներ շարունակ կալանավայրում էր, Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով` նա ֆակուլտետի ամենաառաջադեմ ուսանողներից էր, սակայն կալանավայրում գտնվելու ժամանակ քննաշրջանին չմասնակցելու հիմքով ԵՊՀ ռեկտորը նրան հեռացրել է բուհից։ Դիմել են ռեկտորատ, որ Մանուկյանը կալանավայրից հանձնի քննությունները կամ հեռավար, սակայն մերժում են ստացել: 
Տարոն Մանուկյանն անցած շաբաթ գրավի դիմաց ազատ արձակվեց: Մենք զրուցել ենք նրա հետ:

- Համալսարանից Ձեզ հեռացրին` պատճառաբանելով , թե քննաշրջանին չեք մասնակցել: Ի՞նչ եք պատրաստվում անել:

- ԵՊՀ-ի որոշումն անպայման բողոքարկելու եմ: Կդիմեմ վարչական դատարան, այս պահին այդ ուղղությամբ եմ աշխատում: Համապատասխան նյութերը նախապատրաստվում են, առաջիկայում վստահ եմ, որ այդ ապօրինի որոշումը չեղյալ է համարվելու, եւ ես վերականգնվելու եմ համալսարանում:

- Դեկան Ռուբեն Մելքոնյանը մեզ ասել էր, որ հեռացվելու պատճառներից մեկն էլ վարձավճարի մի մասը` 100 հազար դրամ չվճարելն է:

- Դա պարզապես պատրվակ է եղել ինձ հեռացնելու համար: Ես եղել եմ կալանավայրում, որեւէ մեկն ինձ չի տեղեկացրել, որ մի փոքրիկ մասը վարձավճարից ենթակա է շտապ մուծման: Եվ այդպես նաեւ հենց այս պատճառաբանությամբ բուհից հեռացվել եմ:

- Կալանավայրում վատ վերաբերմունք, ճնշումներ եղե՞լ են:

- Կալանավայրի հետ կապված՝ ոչ մի բացասական դեպք չի արձանագրվել: Խնդիր չի եղել, մարդկային հարաբերությունները եղել են նորմալ: Կալանավայրի անձնակազմից լավ վերաբերմունք ենք ստացել:

- Երեւանի պետական համալսարանի ղեկավարությունը միշտ եւ բոլորի՞ հանդեպ է այսքան «խստապահանջ», թե՞ Դուք բացառություն էիք, քանի որ դաշնակցական եք….

- Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ մարդիկ, անգամ դատապարտյալի կարգավիճակում, զրոյից բուհ են ընդունվում եւ ավարտում: Կալանավայրում կրթություն ստանալու իրավունքը պետք է խրախուսելի լինի: Կալանավայրը, ըստ տրամաբանության, նրա համար է, որ մարդիկ կարողանան իրենց սխալների վրա ճիշտը սովորել: Այս պարագայում կրթությունը պետք է խրախուսելի լինի: Դասախոսները՝ դեկանի գլխավորությամբ, առաջարկել էին գալ կալանավայր եւ ինձնից քննություն վերցնել, սակայն մերժում էին ստացել: Համոզված եմ, որ այս վերաբերմունքի պատճառն իմ անձն է, դաշնակցական լինելը, նման վերաբերմունքի արժանացա, որովհետեւ Գեղամ Մանուկյանի որդին եմ…. ես առաջիններից եմ եղել, որ պայքարել  այդ տխրահռչակ ռեկտորի դեմ….