Ռուսատյացությունը՝ որպես կործանարար ուղի

Ռուսատյացությունը՝ որպես կործանարար ուղի

Նախքան 44-օրյա պատերազմը Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել. «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»: Այսօր արդեն պարզ է, հենց սխալվելու վճռականությամբ էլ Փաշինյանը մեզ հասցրեց պետության կործանման եզրին: Ոչ միայն Արցախը հանձնեց թշնամուն, այլեւ մեր հայրենիքի մնացած հատվածի հայաթափման վտանգը դարձրեց իրատեսական: Իսկ եթե ավելի պարզեցնենք, ապա նրա՝ «սխալվելու վճռականությունն» ընդամենը պետական մտածողության բացակայություն էր: Կարողություն, որն առաջին անհրաժեշտություն է պետության ղեկավարի համար, սակայն, դժբախտաբար, առկա չէ: Եվ դա այսպես է ոչ միայն նախկիններից ժողովրդին «փրկող» Նիկոլի առումով, այլեւ պետական կառավարման ողջ համակարգում: Էլ չեմ խոսում շարքային հայաստանցիների մասին: Այդ երեւույթի դրսեւորումներից մեկը 2018 -ի մայիսից այս կողմ, Նիկոլի շնորհիվ, բուռն աճ ապրած ռուսատյացությունն է: Ատելություն մի երկրի նկատմամբ, որի շնորհիվ դեռեւս հայեր են մնացել Արցախում, եւ ՀՀ-ն դեռեւս շարունակում է գոյություն ունենալ որպես պետություն: Այս դատողությունները, թերեւս, բավարար են, որպեսզի ոմանք ինձ համարեն կողմնակալ եւ նույնիսկ՝ ռուսամոլ: Մի մարդու, որ գիտակից կյանքի 20-25 տարին նվիրել է Հայաստանում իրական ժողովրդավարություն հաստատելու գործընթացին: 

Անցնենք կոնկրետ օրինակներին: Հերթական անգամ հերթական ռուսատյացը ֆեյսբուքյան հարթակ է նետում հակառուսական պարսավագիրը` օգտագործելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի էժանագին հակառուսական հայտարարության այն մասը, որում Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արձանագրումն է: Ի դեպ, արեւմտամետներն այդ օրը համարյա թե սեռական հաճույք էին ստացել Մակրոնի հայտարարությունից: Մնում էր, որ ագրեսորն էլ ազդվեր եւ Ֆրանսիայի պես պետության ղեկավարի հեղինակության նկատմամբ պատկառանքով լցված՝ հաներ զորքերը ՀՀ տարածքից: Ինչը, բնականաբար, տեղի չունեցավ եւ չէր կարող ունենալ: Ինչ մնում է հայտարարությանը, ապա ենթադրում եմ, որ արվել էր պատմական տհաճ հանգամանքի տարելիցին ընդառաջ: Մեկ շաբաթից կլրանա 1921-ին ստորագրված ֆրանս-թուրքական գաղտնի համաձայնագրի 102- ամյակը, որով Կիլիկիան հանձնվեց Թուրքիային: Որն ազատագրվել էր ֆրանսիական բանակի օտարերկրյա լեգեոնի միջոցով, որն էլ, իր հերթին, հիմնականում բաղկացած էր հայերից: Եվ Կիլիկիան վերջնականապես հայաթափվեց: Վերադառնանք ֆեյսբուքյան գրառմանը: Հեղինակը գրել էր. «Պուտինն ասում է, որ Ադրբեջանն ազատագրել ու հետ է վերադարձրել Ղարաբաղը, որն իր անբաժանելի մասն է»։ Քանի որ երբեք նման միտք չէի լսել, նայեցի գրառման ներքո դրված հղումը:  

Իրականում 2020 թ. նոյեմբերի 18-ին Պուտինը բառացի ասել էր. «Ոչ մեկը, նույնիսկ Հայաստանը, չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Ի՞նչ է դա նշանակում միջազգային իրավունքի տեսակետից: Այն, որ Ադրբեջանը վերադարձնում էր այն տարածքները, որ ինքը համարում էր ադրբեջանական: Ողջ միջազգային հանրությունը եւս այդ տարածքը համարում էր ադրբեջանական…»։ Եթե ասվածը նշանակում է այն, ինչ ներկայացրել է գրառման հեղինակը, ապա խնդիր ունի ռուսերենը հասկանալու առումով: Իսկ եթե չունի, ապա դա հերթական անգամ վկայում է Նիկոլի շնորհիվ օդում տարածված հակառուսականության բացիլի գոյության մասին, ինչը մեր օրերում եւ մեր պայմաններում պետական մտածողության բացակայության դրսեւորում է: Որովհետեւ այսօրվա մեր վիճակում Ռուսաստանի հետ թշնամանալը նշանակում է բացել սահմանները ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի առաջ, որոնք երազում են, թե երբ են մեզ այստեղից քշելու, որպեսզի ամբողջովին վերածվեն սահմանակից երկրների: Ես նույնիսկ չեմ խոսում Մեծ Թուրանի ծրագրի մասին. մեր պետականության կորստի դեպքում դա ինձ ամենաքիչն է հետաքրքրելու: Որովհետեւ չեմ կարծում, թե դրանից հետո մենք երբեւէ կկարողանանք վերականգնել մեր պետականությունը:

Մեկ ուրիշ ռուսատյաց կարճ տեսահոլովակ տեղադրելով՝ գրել էր, թե ռուսները ֆոսֆոր են օգտագործում ուկրաինական Նիկոպոլում, եւ ավելացրել․ «Հիմա հասկացա՞ք, թե ով էր Արցախում ֆոսֆոր լցրել մեր զինվորների վրա ու գցել Ուկրաինայի վրա»: Փաստորեն ստացվում է, որ ռուսները ոչ թե ֆոսֆոր էին տվել Իլհամին, որպեսզի այրեր Արցախի անտառներն ու մեր զինվորներին, այլեւ հենց ինքն էր օգտագործել այն: Ամեն ինչ լսել էի, բայց նման «մտքի» դեռեւս չէի բախվել: Երբ զարմանքս հայտնեցի այդ «փաստի» առնչությամբ, հակառուսական դատողությունների տարափ տեղաց եւ մեկ հարց՝ թե ինչու չեմ քննադատում դրանք: Ստիպված եմ կրկնել՝ մինչեւ 44-օրյա պատերազմը կողմ էի, որպեսզի արեւմտյան օգնությամբ մեր երկրում կառուցենք ժողովրդավարություն, քանի որ այն քրիստոնեական արժեհամակարգի բաղկացուցիչ մասերից է: Բայց պատերազմի ընթացքում մեր նկատմամբ արեւմտյան պետությունների, մեծ հաշվով, թքած ունենալը սառը ցնցուղի դեր կատարեց: Սպառազինությամբ մեզ օգնելու վերաբերյալ ֆրանսիական առաջարկն ու դրա՝ օդում մնալը, ի հակադրություն ռուսական իրական օգնության, այլ ընտրություն չէր թողնում, քան հայացքը դեպի Ռուսաստան ուղղելը: Էլ չասած, որ ռուսական միջամտության շնորհիվ կանգնեցվեց կործանարար պատերազմը, եւ Արցախի մնացած մասը մնաց հայկական:  
Ավարտեմ մի դատողությամբ, որը չպիտի ունենար գոյության իրավունք. «Նիկոլին հենց ցարն (այսինքն՝ ՌԴ նախագահը) էլ բերել է, որ էս օրին հասցնի, հետո էլ ասի` դե, չեք կարում ձեզ տիրություն անեք, եկեք մտեք իմ փեշի տակ ու ստրուկի պես ապրեք»:

Ի դեպ, այս տողերը գրողը 2018-ի ապրիլյան իրադարձությունների ամենաակտիվ մասնակիցներից, նաեւ մետաղյա ամանեղենին հարվածելու միջոցով «հեղափոխական երաժշտություն» նախաձեռնողներից մեկն է: Նրա եւ նրա նման մտածողների համար ասեմ՝ 2018 թ. իշխանափոխությունը տիպիկ «գունավոր հեղափոխություն» էր, ինչը ՌԴ ղեկավարությունն ատելով ատում էր: Այդ հեղափոխության շնորհիվ Հայաստանում հաստատվեց արեւմտամետ իշխանություն, ինչն ալերգիայից բացի որեւէ այլ զգացողություն չէր կարող առաջացնել ռուսական ղեկավարության մոտ: Այդ հեղափոխության շնորհիվ վարչապետ կարգված Փաշինյան Նիկոլը պատերազմում պարտության եւ մի քանի հազար զոհի գնով Արցախը թշնամուն հանձնելու իր գաղափարով Արցախ բերեց թուրքական բանակը, ինչը Ռուսաստանի որեւէ ղեկավար ամենավատ երազում անգամ չէր տեսնի: Ինչ վերաբերում է նրան, որ հակառուս Նիկոլը պատերազմից հետո մի պահ վերածվեց ռուսի ստրուկի՝ դա օբյեկտիվ իրականությունից բխած անհրաժեշտություն էր, ինչը չէր մտնում Նիկոլի պլանների մեջ, ու այս օրերին փորձում է փոխակերպել այն Արեւմուտքի կամակատարի: