2016-ին Արցախը թշնամուն հանձնել է «դուխով Նիկոլը»
Մի ժամանակ Նիկոլն ու իր ստորադասներն անընդհատ ասում էին, թե Արցախը թշնամուն է հանձնվել նախորդների կողմից և այն էլ 30 տարի առաջ: Ու քանի որ մեր հասարակությունում դեռևս առկա են շերտեր, որոնց համար Նիկոլի երկնած մտքերը քննության ենթակա չեն, ապա բազմաթիվ մարդիկ թութակի նման կրկնում էին այդ ցնդաբանությունը: Առանց գիտակցելու, որ նախորդ դարի 90-ականնների սկզբին հանձնածը ինչու պետք է մի անգամ էլ հանձնվեր 30 տարի հետո իշխանության եկած Նիկոլի կողմից: Դրա մասին այնքան գրվեց մամուլում, որ Նիկոլը որոշեց ռեվիզիայի ենթարկել սեփական դատողությունը: Եվ մի քանի օր առաջ, ութ ժամանոց տեսահարց-պատասխանի ընթացքում, Արցախի հանձնման ժամկետը մոտեցրեց իր կողմից փողոցի ուժով իշխանությունը զավթելու տարեթվին: Ասելով, որ դա կատարվել է 2016 թվականին: Ինչն, իհարկե, նրա հնչեցրած բազմաթիվ ստերից հերթականն էր:
2016 թվականի քառօրյա պատերազմում Հայաստանը պետք է պարտվեր, որպեսզի առաջանար Արցախը հանձնելու խնդիրը: Եվ պարտված Հայաստանի ղեկավարն էլ պետք է ստորագրեր կապիտուլյացիոն պայմանագիր՝ ինչպես դրանից չորսուկես տարի անց արեց ինքը: 2016-ի քառօրյայի ընթացքում, ընդհակառակը, տապալվել էր թշնամի երկրի ղեկավարի ծրագիրը հայկական ուժերը ջախջախելու և Արցախը զավթելու առումով: Կրկնեմ, այն, ինչ տեղի ունեցավ Նիկոլի օրոք և նրա ջանքերի շնորհիվ: Այսինքն, Արցախի վրա հարձակված Ադրբեջանն անհաջողության մատնվեց: Ինչը հենց ռազմական առումով նշանակում է, որ հարձակվող կողմը պարտություն կրեց: Ինչը նշանակում է, որ այդ պարագայում Արցախը չէր կարող հանձնվել թշնամուն: Բայց տրամաբանությունն ու ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած Փաշինյան Նիկոլի մտքերը, ինչպես գիտենք, կիլոմետրերով հեռու են միմյանցից: Ու այս դրվագն էլ դրա վկայություններից մեկն է:
Կարծում էի, որ պարզ ու հասկանալի այդ երևույթը, որպես նիկոլական հերթական կեղծիք, կանցնի ու կգնա, և ոչ ոք այլևս չի հիշելու դրա մասին: Բայց ես սխալվել էի. մոռացել էի, որ Նիկոլի յուրաքանչյուր խոսք, որքան էլ այն անհեթեթ լինի, ոմանց համար վերածվում է «անհերքելի ճշմարտության»: Մոտավորապես ինչպես խորհրդային երկրում էր լճացման տարիներին (1965-1985), բայց այն ժամանակ, ի տարբերություն այսօրվա, բարձրաձայնվում էին նաև գրագետ ու խելացի դատողություններ: Ինչևէ, 2016 թվականին Արցախը հանձնելու վերաբերյալ խոսելու հրահանգն արդեն տեղ է հասել: Եվ առաջինը դա ներկայացրել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սիմոնյան Ալենը:
Այս տողերը գրելիս մտածեցի, թե Նիկոլին պաշտոնից հեռացնելուց հետո ինչ է զգալու Ալենը, երբ լրագրողները հարցնեն, թե ինչու է կրկնել այդ անհեթեթությունը: Նույնիսկ մի քիչ էլ մեղքս եկավ, հետո մտածեցի, որ նա դրանով վարձահատույց է լինում հունաստանյան թանկարժեք ծովափերում ֆրֆռալու հնարավորություն ստանալու համար: Իսկ ես, օրինակ, 2018-ի ու 2019-ի ամռանն ընտանիքով մեկնել եմ Բաթումի, բայց ոչ մի նկար չեմ զետեղել ֆեյսբուքում: Գրառում էլ, բնականաբար, չեմ կատարել դրա մասին: Մտածել եմ, որ մեր երկրում լիքը մարդ կա, որ զուտ հանապազօրյա հացի խնդրի հոգսն է լուծում, ու դրա համատեքստում ծովափնյա հանգիստը ներկայացնելը բարոյական չէ:
Վերադառնալով 1991-ը 2016-ով փոխարինելու գաղափարին՝ ասեմ, որ դա սիմվոլիկ մեսիջ է: Այն նշանակում է, որ Արցախի հանձնման առումով ՀՀ առաջին և երկրորդ նախագահներն այլևս մեղք չունեն: Որ մեղքն ամբողջովին ընկնում է երրորդ նախագահի վրա: Թե ինչու է կատարվել այդ փոփոխությունը՝ հստակ ասել դժվարանում եմ: Բայց ենթադրում եմ, որ 1991-ից Արցախը հանձնելու մասին նիկոլական անհեթեթությունը չափազանց աչքի զարնող էր: Դրան գումարած՝ այն մեղքի բաժին էր պարունակում Տեր-Պետրոսյանի առումով: Ու այդ պատճառով կարող է փոխված լինել «հանձնման» տարեթիվը: Իսկ դա էլ իրեն կարող էր գլխի գցել նրա կողմից ՀՀ նախագահ նշանակված Խաչատուրյանը: Իսկ թե ինչու այդքան ուշ՝ կբացահայտվի Նիկոլին պաշտոնից հեռացնելուց հետո, եթե, իհարկե, այդ վարկածը ճշմարիտ լինի: Իսկ Խաչատուրյանը, հիշեցնեմ, մինչ այդ նշանակումը տարիներ շարունակ եղել է Տեր-Պետրոսյանի համախոհն ու նրա կողքին:
Ինչ մնում է Նիկոլի կողմից 2016 թվականի քառօրյա պատերազմի թեման շահարկելուն, ապա պիտի ասեմ, որ ինքը չի գիտակցել, որ դա իր առումով տեղին չէ: Որովհետև ինքն այն անձանցից մեկն էր, ովքեր իբրև թե մասնակցել են այդ պատերազմին: Հիշեցնեմ, որ Ազգային ժողովի իր խմբակցության անդամներով 2016-ի մայիսին Արցախ էր մեկնել այն «պաշտպանելու» նպատակով և համապատասխան նկարն էլ շրջանառվել էր մամուլում: Փաստորեն ստացվում է, որ 2016-ին Արցախը թշնամուն հանձնել է հենց ինքը՝ «դուխով Նիկոլը»՝ դրանից երկու տարի անց բազմելով ՀՀ վարչապետի աթոռին:
Կարծիքներ