Գոյություն չունեցող փոսը

Գոյություն չունեցող փոսը

«Ամբողջական քաղաքակրթություններն էին ընկնում ծանր ճգնաժամի մեջ այն պատճառով, որ իշխող փոքրամասնությունը հանկարծ սկսում էր հավատալ առասպելներին, որոնք ինքն էլ մտցնում զանգվածների գիտակցության մեջ՝ նրանց մանիպուլյացիայի ենթարկելու համար». Առնոլդ Թոյնբի (1889-1975):

«Հրապարակի» նախորդ հոդվածներիցս մեկում արձանագրել եմ Փաշինյան Նիկոլի ջանքերով Հայաստանի երրորդ հանրապետության վերացման գործընթացը: Փաշինյանի կին Աննան ընդհարապես համարում է, որ երրորդ հանրապետությունն արդեն մահացել է: Եվ ի լուր աշխարհի հայտարարում է մեռելին թաղելու անհրաժեշտության մասին: Բնականաբար, մահվան պատճառ է ներկայացնում ոչ թե ամուսնու՝ «օրգանիզմը պահպանելու համար նրա հիվանդ մասը հեռացնելու» անմիտ գաղափարն ու ապաշնորհ կառավարումը, այլ նախկիններին: Բայց նախկիններին ու որպես դրանից ածանցված՝ մեզ բոլորիս մեղադրելուց բացի ամուսնու հանգույն օգտվում է ստի տոպրակից: Ահա այն. «Նախկիններն էին մեղավոր, որ 30 տարի թալանեցին երկիրը, չէ՛, ներկաներն են մեղավոր, որ երկու տարում 30 տարվա մեր բոլորի փորած փոսը չլցրեցին և ազգովի ընկանք մեջը»: Սուտն այն է, որ փոս ասելով նկատի ունի Արցախի հարցը: Իրականում, նախ, մինչև 44-օրյա պատերազմն անցել էր ոչ թե երկու, այլ երկուս ու կես տարի: Չնայած վայելքների ժամանակաշրջանում անցկացված այդ վեց ամիսը նրան կարող էր թվալ ընդամենը կես ամիս: Երկրորդ, վայելքների պահին փոս լցնելու մասին ոչ մեկը չի հիշում: Հատկապես, որ Արցախի հարցում գոյություն չուներ ոչ մի փոս: Որպես ժառանգություն ամուսիններով նախկիններից ստացել էին Արցախի հարցում ամուր բանակցային դիվանագիտությամբ և տարածաշրջանային հզոր բանակով երկիր: Իրենց մնում էր ընդամենը զարգացնել ժառանգությունը՝ ներքին կյանքում շտկելով այն, ինչ պետք է շտկվեր:

Իսկ որ շտկելու բազմաթիվ խնդիրներ կային՝ կասկածի ենթակա չէր: Որովհետև եթե բազմաթիվ այդ հարցերը չլինեին, ապա Փաշինյան Նիկոլի և նրա թայֆայի արևմտյան տիկնիկավարները չէին կարողանա Երևանում ոտքի կանգնեցնել հսկայական մի բազմություն: Մահաթմա Գանդիին հետևող Նիկոլին կհաջողվեր ընդամենը քայլարած մեկ տասնյակին ավելացնել մի քանի հարյուր անձ, և դրանով ամեն ինչ կավարտվեր: Ինչի հույսն, ի դեպ, որքան հասկանում եմ, ուներ նաև ՀՀ երրորդ նախագահը: Ինչևէ, իշխանության գալով ոչ թե պետք էր փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ավելի մեծ ինքնիշխանություն ձեռք բերելու կարգախոսի ներքո, այլ պահպանելով հարաբերությունները՝ շարունակել սերժսարգսյանական արտաքին քաղաքականության «և ... և» ուղղվածությունը: Եվ եթե Սերժ Սարգսյանի մոտ դա իմիտացիոն բնույթ էր կրում և ազդում Հայաստանի նկատմամբ ռուսական վերաբերմունքի վրա (անվստահություն էր ծնում), ապա Նիկոլի դեպքում այն կարող էր ամբողջովին ընդունելի լինել: Քանի որ Արևմուտքում ինքն ընդունելի կլիներ էն գլխից՝ որպես «գունավոր հեղափոխության» առաջնորդ, իսկ Ռուսաստանի ղեկավարության համար ընդունելի կլիներ այնքանով, որքանով կառաջնորդվեր սեփական երկրի շահերով և ոչ թե արևմտյան ուղղորդմամբ: Որպես վկայություն կարող ենք վերհիշել «Վալդայ» ակումբի հերթական հանդիպմանը Վլ. Պուտինի կողմից Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանին տրված հարգալից բնութագիրը: Որի հիմքում ընկած էր հենց Էրդողանի՝ սեփական երկրի շահերով առաջնորդվելու հանգամանքը և այն ընկալելն ու գնահատելը:

Եվ այդ պարագայում, ինչպես ասվեց, կարիք չէր լինելու լցնել գոյություն չունեցող փոսը: Բայց դրա համար պետք էր ունենալ ոչ թե անսահման փառասիրություն և իշխանատենչություն, այլ պետական մտածողություն և իր շուրջը խելացի և գործունյա անձնավորություններով համախմբելու կարողություն: Եվ ոչ թե ընդամենը քայլարածներ, որոնք մնացած հարցերում, ինչպես ցույց տվեց կյանքը, ոչնչություններ են: Ի դժբախտություն Հայաստանի, բայց ի բարեբախտություն սեփական ընտանիքների: Իսկ Հայաստանի քաղաքացիներին էլ հիմարի տեղ դնել «հպարտ» անվանելով, իսկ հետո այդ «հպարտ» ժողովրդի երիտասարդ հատվածին զոհելով հանուն իր նպատակների: