Նոր դաշնակիցներ ձեռք բերելու փոխարեն ձեռք բերեցինք նոր թշնամիներ

Նոր դաշնակիցներ ձեռք բերելու փոխարեն ձեռք բերեցինք նոր թշնամիներ

Շաբաթ օրը` Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եռակողմ հանդիպում են ունեցել եւ քննարկել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը` պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: Օլաֆ Շոլցն էլ գրել է, որ կողմերը պայմանավորվել են հարցերը լուծել առանց նոր բռնությունների, իսկ «Գերմանիան եւ Եվրոպան պատրաստ են աջակցել խաղաղ բանակցություններին»։ Ադրբեջանական APA գործակալությունն էլ հաղորդել էր, որ Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ երկկողմ ձեւաչափով հանդիպում է կայացել, ինչի մասին հայկական կողմը չի հաղորդում: Փաշինյանը նաեւ հայ համայնքի հետ է հանդիպել, որտեղ որոշ սկանդալային հայտարարություններ է արել, մասնավորապես՝ Ռուսաստանի դեմ: Թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Երվանդ Բոզոյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի եւ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ: 

Երվանդ Բոզոյան. «Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն արդեն վաղուց նորություն չեն, նորություն չէ նաեւ նրա հռետորաբանությունը: Բոլորն արդեն համակերպվել են, որ Փաշինյանի հայտարարությունները հակառուսական են` արտաքին կենտրոնների ազդեցության տակ: Ինձ համար որեւէ նոր բան չկար: Նրա կինն էլ ամիսներ առաջ մեկնել էր Ուկրաինա` ուկրաինացի ժողովրդին աջակցություն ցույց տալու: Առհասարակ, պարտադիր չէ հայտարարել, որ Հայաստանը ՌԴ-ին ինչ-որ հարցում չի աջակցում: Կարելի է ուղղակի լռել ու ոչինչ չասել` հատկապես նման պայմաններում: Ղրղզստանը, Ղազախստանը, Վրաստանը, լինելով անհամեմատ ավելի կայուն վիճակում, այդ մասին որեւէ հայտարարություն երբեւէ չեն արել: Ի՞նչ պարտադիր է, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ է անում: Նա մեսիջ է ուղարկում այն մարդկանց, որոնց տակ է աշխատում ինքը: Դպրոցական երեխան ինչպե՞ս է գնահատական ստանում, այ, այդպես Փաշինյանը փորձում է իր տերերից գնահատականներ ստանալ: Նրա ելույթները պետք է այդ կոնտեքստում դիտարկենք: Հայաստանի շահ, Հայաստան, Հայաստանի պետականություն եւ անվտանգություն այդ մարդու համար գոյություն չունեն: Եթե երկրի ղեկավարը գոնե մի փոքր մտածեր իր երկրի ազգային ու պետական շահերի մասին, ապա նման պայմաններում չէր խոսի ռուս-ուկրաինական պատերազմի մասին, չէր հայտարարի, որ դեմ է Ռուսաստանի Դաշնությանը: Հայաստանի ղեկավարը, եթե իսկապես մտածեր իր պետական շահի մասին, պետք է լիներ շատ ավելի չեզոք, զգույշ, լուռ, ինչպես, օրինակ, Վրաստանի ղեկավարն է: Այսօր բացի Բելառուսի ղեկավարից ընդգծված ՌԴ-ին ոչ ոք չի աջակցում, սակայն չի էլ կարելի բացահայտ ձեռնոց նետել: Հայաստանի պետական շահ այս մարդու` Փաշինյանի համար գոյություն չունի: Այս ամենի ֆոնին Ադրբեջանը սպասում է, թե երբ պետք է Հայաստանը սայթաքի, որ ինքն արդեն ուղիղ հարձակում գործի Հայաստանի վրա: Որ պահին տեսնեն՝ վերջնականապես ՀՀ-ի «ձեռքերն» ու «ոտքերն» ազատ են, Ադրբեջանը հարձակվելու է: Դեռ ժամանակ են ձգում: Ոչ մի խաղաղության պայմանագրի տակ չեն ստորագրելու, ձգձգելու են այնքան ժամանակ, քանի դեռ կարող են: Նրանց ձեռնտու չէ խաղաղություն ասվածը: Հայաստանն օր-օրի թուլանում է, Ռուսաստանն էլ քիչ-քիչ ձեռքերը լվանում է: Նիկոլ Փաշինյանի պատկերացումներով` իր իսկ շահերն Արեւմուտքում են գտնվում: Նա անձնական շահեր ունի, հեռանկարներ, սակայն դրանք անգամ ՀՀ-ի հետ չեն կապվում…. Նրա վրա խնդիր է դրված՝ արագացնել պրոցեսները, բայց նա վախենում է կտրուկ քայլերի գնալ: Այս մարդն իրականում ծանր վիճակի մեջ է հայտնվել: Արեւմուտքը ստիպում է՝ Ռուսաստանին ՀՀ տարածքից դուրս բերել, բայց նա գիտակցում է, որ նման քայլ անելուց հետո Հայաստանում քաոս է տիրելու: Սա կոչվում է իշխանության ճգնաժամ: Ցանկացած քայլ լինելու է այս իշխանության դեմ»:

Արթուր Խաչատրյան․ «Մյունխենում կայացած հանդիպումը հերթական անիմաստ այցն էր: Ինչո՞ւ անիմաստ, որովհետեւ ոչ մի արդյունք: Ակնկալել արդյունք մեկից, ով իր ողջ գործունեությամբ ու քայլերով նպաստել է Արցախի Հանրապետության հայաթափմանը եւ հանձնմանը, չի կարող որեւէ օգուտ բերել: Այսօր Հայաստանը կանգնած է ինքնիշխանության կորստի վտանգի առաջ, ի՞նչ կարող ենք սպասել մի մարդուց, ով այս ողջ պատմության մեղավորն է: Եկեք վերհիշենք Փաշինյանի մյունխենյան խրոխտ սկզբունքները, որոնք նա հրապարակել է 2020 թվականին, եւ համեմատենք այսօրվա խեղճ պահվածքի հետ: Նա հայտարարում էր, որ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին` Հայաստանին, Ադրբեջանին եւ Արցախին, սակայն ի՞նչ տեղի ունեցավ: Հայտարարում էր նաեւ, որ եթե խոսքը գնում է արցախյան հակամարտության կարգավորման ռազմական ուղու մասին, ապա Արցախն այդ հարցը կարող է փակված համարել: Համեմատեք Նիկոլ Փաշինյանին` 2020 թվականին եւ 2024 թվականին: Նրա վախը պայմանավորված է ադրբեջանցի կիրթ ու կառուցողական իր գործընկերոջ պահվածքով: Հավանաբար, իրեն թույլ չի տալիս լինել ավելի քաջ: Խոսում է Ռուսաստանի մասին, հայտարարում, որ Ուկրաինայի հետ պատերազմում ՌԴ-ի դաշնակիցը չէ, բայց այստեղ հարց է առաջանում` ինքն այս տարիների ընթացքում այլ դաշնակից ձեռք բերե՞լ է: Մեր բոլոր ձախողումները սկսվեցին այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքում կորցրինք մեր դաշնակիցներին ու նոր դաշնակիցներ ձեռք բերելու փոխարեն ձեռք բերեցինք նոր թշնամիներ: Ի՞նչ է առաջարկում հիմա նա: Մենք հիմա չենք խոսում լավ կամ վատ դաշնակիցների մասին: Բայց ո՞րն է ելքը: Ի՞նչ ելք է առաջարկում Փաշինյանը: Իրականում, Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի վրա որեւէ ազդեցություն այսօր չեն թողնում: Առհասարակ, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ֆրանսիայի եւ ո՛չ էլ աշխարհում այլ որեւէ երկրի վրա նրա հայտարարությունները չեն ազդում: Այս մարդը պարզապես տարբեր ուժային կողմերի ազդեցություն կրող է, առաջին հերթին` Ադրբեջանի ազդեցության կրողը»:

Հայկ Մամիջանյան․ «Մյունխենյան հարթակը Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական չօգտագործված, կարեւորությունը կորցրած, եթե չասենք` ի վնաս օգտագործված հարթակն էր, արտաքին ներկայանալիությունից սկսած, վերջացրած օրակարգի բացակայությամբ: Մենք կարող ենք արձանագրել, որ անվտանգային խնդիրներն այդ մարդու համար որեւէ կարեւորություն չունեն: Նրա համար եղել է, կա ու կլինի ամենակարեւորը՝ սեփական իշխանության պահպանումը: Ինչ վերաբերում է նրա հակառուսական հայտարարություններին, ապա ցանկացած չբալանսավորված արտաքին քաղաքականություն վաղ թե ուշ հանգեցնում է աղետի: Հայաստանը դարձնում են աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ: Հակապետական ու դավաճանական այս գործողություններն այդ մասին են փաստում»: