«Հրապարակ». Նիկոլին ընտրած 680 հազար հոգի, դուք ձեզ հաշիվ տալի՞ս եք, թե ինչ արեցիք

«Հրապարակ». Նիկոլին ընտրած 680 հազար հոգի, դուք ձեզ հաշիվ տալի՞ս եք, թե ինչ արեցիք

Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի հետ

- ՀՀ իշխանությունը չի բացառում՝ Ադրբեջանը կարող է նոր պատերազմ սկսել։ Ներքին Հանդում 4 հայի կյանք խլած միջադեպից հետո Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց․ «Ադրբեջանը խոսում է 4 գյուղերի տարածքների մասին, միեւնույն ժամանակ հրաժարվում ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային գյուղերի տարածքներ»։ Հայտարարում է, որ Ալիեւի քաղաքականությունը կառուցված է «ինչ չեք տա բանակցություններով, կվերցնեմ պատերազմով» կարգախոսի վրա։ Բայց Փաշինյանը հավատում է, որ խաղաղության պայմանագիր կկնքվի։ 

 - Զարմանալին այն է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վարքագծի վերլուծության պարզ տրամաբանությունը հուշում է, որ աստիճանաբար ուժեղանում է ճնշումը Հայաստանի վրա։ Դիմագրավելու եղանակը զիջումը չէ, զիջենք սա՝ գուցե բավարարվեն։ Մենք արդեն զիջել ենք Սոթքից հարավ բոլոր ռազմավարական բարձունքները եւ Հայաստանի թե՛ պետականությունը, թե՛ տարածքային ամբողջականությունը, թե՛ սահմանների անձեռնմխելիությունը դրել ենք անշրջելի սպառնալիքների տակ։ Ադրբեջանի ղեկավարը բացահայտ հայտարարում է, որ չի պատրաստվում Հայաստանի սուվերեն տարածքներից դուրս գալ։ Եթե մենք գնում ենք Ադրբեջանի պահանջներին ընդառաջ՝ փոխելով մեր Սահմանադրությունը, ներքին օրենսդրությունը, մեկնաբանելով, թե ապագա խաղաղության պայմանագրում նախատեսված դրույթները չեն կարող ներդաշնակվել մեր Սահմանադրության հետ, սա արդեն աբսուրդ է։ Դուրս է գալիս, որ այդ պայմանագիրը Հայաստանի գլխավոր օրենքից ավելի կարեւոր իրավական ուժ ունի։ Փաշինյանն ասում է՝ պայմանագրի նախագծում ամրագրել ենք դրույթ, որով նախատեսված պարտավորությունները չեն կարող վերանայվել ներքին օրենսդրության ազդեցության տակ։ Եվ հետո զարմանում ենք, թե ինչու է Ադրբեջանը պահանջները մեծացնում։ 

- Այդուհանդերձ, Փաշինյանը չի երաշխավորում, որ այդ պայմանագիրը խաղաղություն կբերի, ստացվում է՝ զիջում են հանուն ոչնչի։ 

- Հետեւաբար ինչի՞ մասին ենք խոսում։ Նիկոլ Փաշինյանին պետք է հարցնել՝ եթե Ձեր պայմանագիրը խաղաղություն չի երաշխավորելու, այդ դեպքում ի՞նչ եք բանակցում, ի՞նչի մասին, ինչո՞ւ եք զիջում։

- Ասում են՝ ժամանակ ենք շահում։

- Ժամանակը մեզ համար դարձել է ռազմավարական ռեսուրս։ Եթե նա ժամանակ շահելու ցանկություն ունենար, կամ ժամանակ շահելու գիտակցված քաղաքականություն լիներ, այդ ընթացքում արտաքին սպառնալիքներին դիմագրավելու ինստիտուցիոնալ կարողություն կձեւավորեր։ 

- Ասում են՝ զենք ենք առնում։

- Ինձ, որպես երկրի քաղաքացու, դա չի բավարարում։ Ես ուզում էի իմանալ, որ 44-օրյա պատերազմի ընթացքը եւ արդյունքները ռազմական գիտության առումով լուրջ վերլուծության է ենթարկվել, դասեր են քաղվել։ 5-րդ սերնդի ռազմական գործողություններ վարելու համար ինչպիսի բանակ պետք է ունենանք։ Մենք սա չենք տեսնում։ Կարող են շատ զենք ձեռք բերել, բայց խնդիրը կայանա բոլորովին այլ բանում։ Ինչպե՞ս ենք արդյունավետ դիմագրավելու այն հակառակորդին, որ մեր ռազմավարական բոլոր բարձունքները գրավել է։ Ես դրական եմ գնահատում տարբեր երկրների հետ ռազմաքաղաքական հարաբերություններ ձեւավորելու մղումը, բայց դա պետք է լինի կոնցեպտուալ մոտեցում, որի հիմքում կլինի առկա սպառնալիքներին արդյունավետ դիմագրավելու ինստիտուցիոնալ կարողությունների ձեւավորումը։ Ես նման մոտեցում գործող իշխանության կողմից չեմ տեսել։ 

- Դուք բանակի հզորացումն եք կարեւորում, բայց դա չի բխում այն խաղաղության պայմանագրի դրույթներից, որ Հայաստանն ուզում է կնքել Ադրբեջանի հետ։ 

- Մեզ բացարձակապես չպետք է հետաքրքրի, թե Ադրբեջանն ինչ է ուզում, մեզ պետք է իմանալ՝ ինչպիսի կարողություններ ունենանք, որ Ադրբեջանի ամենացնորամիտ պահանջներին կարողանանք դիմագրավել։ 

- Մինչեւ ե՞րբ պետք է Հայաստանի քաղաքացին ապրի այս անորոշության, սպառնալիքների մեջ։

- Այդ հարցը տվեք այն 680 հազարին, որ ընտրել է այս իշխանությանը։

- Նիկոլ Փաշինյանը պաշտոնից հեռանալու ցանկություն կունենա՞ երբեւէ։ 

- Ինչպես ես հասկանում եմ՝ ոչ։ Եթե մենք խոսում ենք ժողովրդավարական համակարգերի մասին, եւ մեր արեւմտյան գործընկերները կարծես թե հիացած են մեր բարեփոխումներով, ապա այդ դեպքում իշխանությունները պետք է առաջնորդվեն պարզ թեզով՝ իշխանությունը պատասխանատվություն է, այլ ոչ թե իրավունք։ Եթե դուք իշխանության եք եկել բոլորովին այլ խոստումներով, հիմա ճնշումների տակ դրսեւորում եք բոլորովին այլ վարքագիծ, ուրեմն բարի եղեք՝ հրաժարական տալ։ Սա է ժողովրդավարության ալգորիթմը։ 

- Այդ դեպքում գործող իշխանությունը լեգիտի՞մ է, թե՞ ոչ։

- Մենք լեգալությունը լեգիտիմության հետ ենք շփոթում։ Լեգիտիմ՝ նշանակում է որեւէ իշխանության, հանրության հիմնական հատվածի սպասելիքները բավարարելու կարողություն, լեգալությունն օրինական ճանապարհով ձեւավորված իշխանությունն է։ Ես կարող եմ օրինական ճանապարհով ընտրված իշխանություն լինել, բայց սպասարկել հանրության մի փոքր մասի շահերը, հետեւաբար կլինեմ օրինական, բայց ոչ լեգիտիմ։ Եկել եք իշխանության՝ խոստանալով Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, բայց ոչ միայն դա չեք արել, այլեւ հայտարարել եք, որ Արցախն Ադրբեջան է եւ վերջ։ Նշանակում է՝ դուք ձեր խոստումները չեք իրագործել, այլ բան եք արել։ Պատասխանատու քաղաքական քայլը ենթադրում է, որ այդ որոշումը կայացնելուց հետո դու պիտի հրաժարական տաս կամ մինչ այդ հրաժարական տաս` ասելով, որ քո առաջ պահանջներ են դնում` չես կարող անել, հակասում է խոստումներին, որ տվել ես ընտրություններից առաջ։ Հետեւաբար, իշխանությունը պատասխանատվություն չէ, այլ՝ իրավունք, իսկ այդ իրավունքով օժտված իշխանությունն այսօր լեգիտիմ չէ։ 

- Եվ ինչպե՞ս հեռացնել այդ ոչ լեգիտիմ իշխանությանը, եթե իր կամքով չի հեռանում։

- Հանրության ընդվզումով, այլ տարբերակ չկա։ Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական տվեց մի վթարի պատճառով, որտեղ զրո մեղավորություն ուներ։ Վթարի հետեւանքով բազմաթիվ զոհեր եղան, երբ նրան հարցնում էին, թե ինչու է հրաժարական տալիս, ասում էր՝ ես այդ ոլորտի  պատասխանատուն էի, որեմն ինչ-որ մի բան բաց էի թողել։ Ամբողջ Արցախը հայաթափվեց, մենք շատ հանգիստ ենք դրան նայում։ Սա իշխանության անպատասխանատվության տիպիկ դրսեւորում է։ Ցավն այն է, որ հանրության ճնշող մեծամասնությունն այս պարզ իրողությունը չի գիտակցում։ Չի կարելի վստահել մի իշխանության, որը խաբում է քեզ։ Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չձեւավորվեց, ով ասես, ձեւավորվեց` ՀՀ քաղաքացի չձեւավորվեց։ Եթե մենք ունենայինք նման քաղաքացիների տպավորիչ զանգված՝  իշխանությունը կհեռանար։ Շատերը դասեր չեն քաղել, դրա համար եմ ասում՝ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլին ձայն տված 680 հազար հոգին իրենց հաշիվ տալի՞ս են, թե ինչ սարսափելի խնդիրներ ձեւավորեցին իրենց երեխաների համար, ես կարծում եմ՝ ոչ, որովհետեւ անպատասխանատու միջավայր է։