Ասա՝ ով է շուրջդ...

Ասա՝ ով է շուրջդ...

Պետք չէ զարմանալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, պահվածքի, տեսքի ու խոսքի վրա: Որեւէ տվյալ, ցուցիչ, հանգամանք չի վկայում այն մասին, որ այդ ամենը կարող է լինել անթերի, նրա քայլերը` գրագետ եւ արդյունավետ: Խոսքը ոչ միայն երկրի ղեկավարի անձնային որակների մասին է, այլեւ նրան շրջապատող անձանց եւ պատասխանատուների պրոֆեսիոնալիզմի: Ինչպե՞ս կարող են մյունխենյան համաժողովին մասնակցությունը, նրա ելույթը, հանդիպումները հարթ եւ որակյալ լինել, եթե նրան ուղեկցում են Նազելի Բաղդասարյանը, եթե Գերմանիայում ՀՀ դեսպանը Վիկտոր Ենգիբարյանն է, եթե նրա թիմում չկա գեթ մեկ գրագետ, պատրաստված դիվանագետ, բանակցային գործի մասնագետ, աշխարհի անցուդարձից եւ նման մասշտաբի հանդիպումներից լավատեղյակ որեւէ անձ: Ես հեռու եմ այն մտքից, որ երկրի ղեկավարը պետք է լինի լավագույն դիվանագետը, լավագույն տնտեսագետը, լավագույն բանակցողը եւ անձամբ բարձր մակարդակի հանդիպումների էթիկետին անթերի տիրապետի:

Առհասարակ` ոչ մի երկրի ղեկավար ո՛չ պոլիգլոտ է, ո՛չ էլ գերմարդ, բայց խելացի ղեկավարներն իրենց շրջապատում են այդ մասնագիտական ոլորտների լավագույն մասնագետներով, որովհետեւ ցանկացած` անգամ Հայաստանի նման աղքատ պետություններն ի վիճակի են լավ վարձատրել պրոֆեսիոնալներին եւ շահագրգռել` պետությանը ծառայելու հարցում: Եվ եթե Նիկոլ Փաշինյանի կողքին լիներ որեւէ բարձրակարգ դիվանագետ, այլ ոչ թե 2018 թվականին անհայտությունից պատգամավոր դարձած մեկը: Եթե նրան ուղեկցեր ոչ թե Գյումրիի TV-ում աշխատած միջին մի լրագրող, այլ մի քանի լեզվի տիրապետող եւ էրուդիցիայով փայլող անձնավորություն, նրա աշխատակազմի ղեկավարը ոչ թե ինտրիգներ եւ համերգներ սիրող մեկը լիներ, այլ աշխատասեր ու հայասեր մի անձ, իրավիճակը միանգամայն այլ կլիներ: