Բանակից բան չես հասկանում, լիարժեք բառն էլ չես հասկանու՞մ

Բանակից բան չես հասկանում, լիարժեք բառն էլ չես հասկանու՞մ

Կարելի է հասկանալ,  որ Բանակի հետ կապված հարցերին  վարչապետը չի տիրապետում՝ Բանակ չի գնացել ու ծառայել, պատերազմն էլ կինոներում է տեսել։ Բայց կա մի տարրական բան, որ անկախ  պատերազմական գործից բան հասկանում ես, թե չէ՝ պիտի իմանաս։ Դա ամենատարրական բանն է․ երբ թշնամին ներխուժել է քո  սուվերեն  տարածք,  մարտական դիրքերդ գրավել, մեր տարածքից հրետակոծում է մեզ, չի կարող  իրադրությունը լիարժեք կայուն լինել։ Երեսուն տարուց ավելի է, մեր հաղթանակների ֆոնին, ՀՀ նախագահներից որևէ  մեկից չենք լսել, որ ասի՝ իրադրությունը լիարժեք կայուն է։ Թշնամին մեր տարածքից դուրս շպրտված է եղել, Արցախի նման պատնեշ ենք ունեցել մեր թիկունքում, թշնամին չէր էլ երազի Բերձորի շեմին կանգնել, էլի չենք ասել, որ դրությունը լիարժեք կայուն է։ Բոլորս գիտեինք, անգամ մի տարեկան երեխան, որ մենք պատերազմական վիճակում ենք ու օգտագործում էինք հարաբերական խաղաղություն տերմինը։ Բայց հայտնվել է մեկը, որը Արցախը հանձնել է, Սյունիքից բռնած Վարդենիսով դուրս եկած մեր մարտական դիրքերում բնավորել է թշնամուն ու ասում է՝ սիրելի ժողովուրդ, դեռ վաղ է ասեմ,  իրադրությունը լիարժեք կայուն է։ Բառացի ասածը մեջբերեմ․

«Ուզում եմ ասել նաև, որ այս պահի դրությամբ իրադրությունը լարվածության էական նվազում է արձանագրել, իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարելը»։ Հիշեցնեմ, որ այսօր ժամը 06։00-ի սահմաններում Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային զենքերից ինտենսիվ կրակ են բացել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում տեղակայված մարտական դիրքերի վրա՝ հարվածներ հասցնելով ՀՀ ինքնիշխան տարածքին։ Վարչապետը կառավարության նիստին հայտարարում է, որ դեռ վաղ է ասել, որ իրադրությունը լիարժեք կայուն է։

Թշնամուն մեր դիրքերում նստեցրել ու լիարժեք կայունությունից է խոսում։  Այսինքն, որ մի երկու օր չհրետակոծեն, իրադրությունը լիարժեք կայու՞ն է լինելու։ Այստեղ են ասում՝ թան չես տեսել, թանաման էլ չես տեսե՞լ։ Կրակի վրա հայ ազգին նստեցրել ու ասում  է՝ դեռ վաղ է ասել, որ կվառվեք, կրակը դեռ մեղմ է։ Բանակից չես բան հասկանում, լիարժեք բառն էլ չես հասկանու՞մ։ Բա միտինգներում հայոց լեզուն ,,դուրում արած ուտում ես,, էդ խի՞ ես խեղջացել։  Էդ կառավարության նիստին մեկը չկա՞, որ ասի՝ լիարժեքը լրիվն է, ամբողջականը, թշնամին Ջերմուկում թազնած, դու ի՞նչ լիարժեք կայունությունից ես խոսում։ Թշնամին Հայաստանի կտուրին թառած, դու ի՞նչ լիարժեք կայունությունից ես խոսում։