Ինչի՞ց է այդպես ահաբեկվել Մեւլութ Չավուշօղլուն

Ինչի՞ց է այդպես ահաբեկվել Մեւլութ Չավուշօղլուն

Աշխարհում այս օրերին որքան ասես՝ ուշագրավ իրադարձություններ են կատարվում. ՌԴ զինվորականներն ու վագներականները միմյանց են հայհոյում, Ուկրաինան եւ Ռուսաստանը խոշորամասշտաբ հակահարձակման են պատրաստվում, Նյու Յորքում նախկին նախագահ Դոնալդ Թրամփին են դատում, Միացյալ Թագավորությունում Չարլզ III արքային են թագադրում, եվրոպական երկրները Քիշնեւում Եվրոպական համայնքի երկրորդ գագաթնաժողովին են պատրաստվում, Թուրքիայի բարեկամ Պակիստանում կարծես քաղաքացիական բախումներ են սկսվելու, քանի որ իշխանությունները նախկին վարչապետ Իմրան Խանին են դատարանի դահլիճից առեւանգել ու ձերբակալել, Իմրան Խանի կուսակիցներն էլ իրենց հետեւորդներին են փողոց հանել։ Բուն Թուրքիայում Կիլիկիայի երկրաշարժի գոտում հիվանդությունների համաճարակներ են, որ չի հաջողվում հաղթահարել, BBC-ն ցույց էր տալիս, որ միայն Անտիոքում քսան հազար շիրիմ է ուղղահայաց փայտերով առանձնացված (ով գիտի՝ ամեն մեկում քանի հոգի է հուղարկավորված), որոնց մեծամասնության ինքնությունը չեն կարողանում պարզել, ոչ էլ քաղաքի փլատակները մաքրել։ Մերսինում ու Ադանայում փոթորիկը երկրաշարժից պատսպարվածների վրանային ավաններն էր երեկ եւ նախորդ օրը քարուքանդ արել։ Թուրքիայի նախագահական ընտրարշավում Էրդողանի կողմնակիցներն անճարակությունից ընդդիմադիր առաջնորդների ավտոշարասյան վրա էին քարերով հարձակվել … Միով բանիվ՝ ահագին գործ եւ թեմա կա, որով Թուրքիայի ԱԳ նախարարը կարող է զբաղվել:

Մինչդեռ արի ու տես, որ ապրիլի 25-ից ի վեր այս ամենը եւ նույնիսկ նախընտրական քարոզարշավը թողած` ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Երեւանում տեղադրված միանգամայն հաջողված մի հուշակոթողից է խանգարվել, համարյա օր չի անցնում, որ Նեմեսիսի հուշակոթողի մասին մի հիմարություն դուրս չտա: Եթե մտածես՝ Թուրքիայի ներքին լսարանի համար է դատարկախոսում, անձամբ ես խիստ կասկածում եմ, թե Թուրքիայում կարող է գրագիտության այնպիսի մակարդակ լինել, հասարակությունում այնքան պատմություն իմանան, որ Ittihat ve Terakki-ի անունը հոլովելն ընտրողների տրամադրության վրա ազդի, կամ Իթթիհատի ղեկավարներին վերացրած «Նեմեսիս» գործողության անունը թուրք ընտրողին որեւէ բան ասի:  Էլ ուր մնաց՝ Երեւանում տեղադրված Նեմեսիսի հուշակոթողին օրումեջ անդրադառնալը Չավուշօղլուի` գոյություն չունեցող վարկանիշին նպաստի: 

Եթե մտածես հակառակը` Նեմեսիսի հուշակոթողի մասին դատարկախոսությամբ Չավուշօղլուն հույս է տածում, որ Հայաստանում իր խոսքերին կամ իրեն ուշադրություն կդարձնեն` դա էլ իրական չէ: Հայաստանում հազիվ թե գտնվի մարդ, ում Չավուշօղլուն կամ Չավուշօղլուի հայտարարությունները հետաքրքրեն: Եթե լսեն էլ, որ Թուրքիայում գլուխ են ցավեցնում Նեմեսիսի գործողության մասնակիցների անուններն ու հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրման համար, սպասելի արձագանքը կարող է լինել Նեմեսիսի գործիչների անունները հուշակոթողին գրելուց բացի նրանց կիսանդրիներն էլ Երեւանում կանգնեցնելը, գուցե Նեմեսիս գործողությանն ամբողջ մի թանգարան նվիրելը` ինտերակտիվ ներկայացնելով իթթիհատական պարագլուխների գործած հանցագործությունները եւ դրանց համար կրած անձնական դաժան հատուցումը՝ որպես նախազգուշացում հետագա թուրք գործիչներին, որ հանցագործ վարքի դեպքում իրենց էլ կարող է Թալեաթի, Էնվերի, Ջեմալի, Բեհաեդդին Շեքիրի ու մնացյալ հանցագործների ճակատագիրը վիճակվել: Այնպես որ, Չավուշօղլուն ճիշտ կվարվի, եթե իր դատարկախոսությունն ավարտի եւ որքան հնարավոր է արագ` ավելորդ արձագանքներ Հայաստանում չգեներացնելու համար: 

Մանավանդ իթթիհատական պարագլուխների ճակատագրի ու վերջաբանի համար Մեւլութ Չավուշօղլուի հուզվելը չի էլ հասկացվում: Եթե AK-ում կարծում են, որ Իթթիհատ վե Թերաքքիի, առհասարակ 20-րդ դարասկզբի, Առաջին համաշխարհային պատերազմի տարիների սուլթանական Թուրքիայի առաջնորդների գործունեությունը պետք է չնսեմացվի, հարգվի, չգիտես էլ ինչ, այդ դեպքում ո՞վ է Թուրքիային խոչընդոտում առաջին քայլն անել եւ սուլթանական կառավարության ստորագրած Սեւրի դաշնագիրը կյանքի կոչել, Հայաստանին վերադարձնել Հայկական բարձրավանդակի, Մեծ Հայքի այն նվազագույն` 165 000 քառ․ կմ տարածքը, որ ճանաչված, որոշված եւ ստորագրված է Սեւրի դաշնագրով: Իսկ եթե սուլթանական Թուրքիայի, Բարձր Դռան այդ ամենակարեւոր հանձնառությունն այսօրվա թուրքական իշխանությունները չեն հարգում, կյանքի չեն կոչում, ապա ինչո՞ւ են այլոց կողմից նույն սուլթանական Թուրքիայի առաջնորդների հանդեպ անհարգալից վերաբերմունքից այդպես հուզվում եւ պատեպատ զարնվում: Քայլն իրենցն է, թող Սեւրի դաշնագրի ներքո դրված թուրքական իշխանությունների ստորագրությունը հարգեն, գոնե Սեւրի դաշնագրով գծված Հայաստանի տարածքներից հեռանան, Հայաստանում էլ այդ պարագայում, որպես բարի կամքի դրսեւորում, գուցե Նեմեսիսի թեման թողնեն պատմության ինստիտուտներին եւ թանգարաններին: 

Նեմեսիսի կոթողը Երեւանում չտեսնելու գործնական ուղին Չավուշօղլուի համար Սեւրի միջազգային դաշնագիրը Հայաստանի մասով կյանքի կոչելու ուղղությամբ նախաձեռնություն ցուցաբերելն է, եթե կարող է: Իսկ եթե Չավուշօղլուն ո՛չ այդպիսի մասշտաբ ունի, ո՛չ էլ կարողություն` պատմության մեջ դերակատարում ունենալու, մնում է մեկ բացատրություն, թե ինչու է հավասարակշռությունն ու ինքնատիրապետումը կորցրած՝ ապրիլի 25-ից ի վեր անդադար Նեմեսիսի կոթողից դատարկախոսում: 

Չավուշօղլուի մտավոր մակարդակը թույլ տա՝ այդքանը գիտակցել, թե` ոչ, Նեմեսիսի հուշակոթողի շուրջ բարձրացրած հիստերիայով ինքը մատնում է իր ներքին ֆոբիաները, ենթագիտակցական, գուցե` անգիտակցական մակարդակում ձեւավորված կպչուն միտքը, թե իրեն ու Թուրքիայի այսօրվա ղեկավարությանն էլ կարող է Իթթիհատի պարագլուխների ճակատագիրը վիճակվել: Եթե նման ներքին ֆոբիա եւ իդեա ֆիքս չլինեին, այդքան Նեմեսիսի կոթողի մասին չէին դատարկախոսի: Դա պարզունակ հոգեբանական հնարք է, ինչպես մթության մեջ քայլող մարդն է բարձրաձայն կրկնում․ «Ես չեմ վախենում, չեմ վախենում…»՝ ներքին վախը խլացնելու համար, նույնկերպ էլ Չավուշօղլուն է երկու օրը մեկ դատարկախոսում Նեմեսիսի գործողության մասին՝ դրա կրկնությունից ներքին վախը լռեցնելու համար: 
Իհարկե, հայկական միջավայրում ոչ ոք Էրդողանի ու իր շրջապատի հանդեպ նոր Նեմեսիս իրագործելու մասին չի խոսել: Եվ իրականության մեջ Էրդողանը, Չավուշօղլուն, Աքարը եւ մնացյալը երբեք այդպիսի վնասարարություն չեն ունեցել հայության համար, ինչպես Իթթիհատ վե Թերաքքիի պարագլուխները: Այլ հարց, որ այսօրվա Թուրքիայի առաջնորդներն էլ իրենց համեստ չափով են վնասարարություն ցուցաբերել 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ չգիտես՝ դրա հետեւանքներն այդ անձանց համար ինչ կարող են լինել: Ի վերջո, «Նեմեսիս» գործողության մասին էլ ոչինչ հայտնի չէր, մինչեւ այն մի քանի տարում մի քանի երկրում տասնյակից ավելի անձանց կողմից հաջողությամբ ի կատար չածվեց: Այնպես որ, «Նեմեսիս» բառից Չավուշօղլուի ներքին ֆոբիաները խիստ հասկանալի են: 

Խնդիրը միայն այն է, որ, ըստ իս, Չավուշօղլուի ֆոբիաները չափազանցված են: Եթե անգամ ինչ-որ հայեր կամ հայկական շրջանակներ AK-ի ղեկավարության հանդեպ վրեժխնդրության ծրագրեր էլ ունենան կամ կազմած լինեն, դժվար թե հայերը դրանք կյանքի կոչելու հնարավորություն ունենան, որովհետեւ քիչ հավանական է, որ մայիսի 14-ի ընտրություններում պարտվելուց հետո Չավուշօղլուն կամ AK-ի մյուս առաջորդները երկար ազատության մեջ մնան, որ որեւէ հայի ձեռք էլ իրենց հասնի: Իշխանությունից հեռանալուց կամ հեռացվելուց հետո այնքան էլ երկար չի տեւի, մինչեւ AK-ի առաջնորդների դեմ քրեական գործեր հարուցվեն (ճիշտ՝ ինչպես AK-ն էր անում 2013-ին կամ 2016-ին իրենց ընդդիմախոսների հանդեպ), որից հետո Չավուշօղլուն էլ, մյուսներն էլ կլինեն թուրք բանտապահների աչալուրջ հսկողության ներքո, որտեղ որեւէ հայի ձեռք իրենց չի հասնի: 

Այնպես որ՝ Երեւանում տեղադրված Նեմեսիսի կոթողի դեմ դատարկախոսելու, սեփական ֆոբիաներն աշխարհին ի ցույց դնելու փոխարեն Չավուշօղլուն գործնական ու խելացի կվարվի, եթե՝ քանի դեռ իշխանության լծակ ունի եւ կարող է դրանից օգտվել, Թուրքիայի բանտերում իր համար առավել հարմար բանտախուց ընտրի: Անվտանգության խնդիրն արդեն բանտապահների մտահոգությունն է: