Ուկրաինայի ԱԳՆ-ն, Նիկոլը և մյուսները
Ուկրաինայի ԱԳ նախարարությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել է «անբարոյական», իսկ նրա մասնակցությունը Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի միջոցառումներին՝ ոչ բարեկամական քայլ Ուկրաինայի նկատմամբ: Ավելին, Ուկրաինայի ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանին մեղադրել է նաև ուկրաինական ժողովրդի հանդեպ արհամարհական վերաբերմունք դրսևորելու մեջ: Քիչ է ասել, թե վիրավորված եմ Ուկրաինայի ԱԳՆ-ից: Չէ, դուք ո՞վ եղաք, որ որոշեք «անբարոյական» է Նիկոլը կամ արհամարհական վերաբերմունք ունի Ուկրաինայի ժողովրդի հանդեպ: Դուք էլ հո էն Չաթլախօղլուն… ներողություն, Չավուշօղլուն չե՞ք, որ որոշեք Նիկոլն ինչ հուշարձան բացի, ինչ հուշարձան չբացի, ում քելեխին գնա, ումին չգնա: Մի խոսքով՝ ճիշտ է արել, որ այդ օրով գնացել է Մոսկվա: Բա որ չգնար ու Պուտինը մի հատ «էն բանից աներ», դո՞ւք էիք ջառմեն քաշելու: Դե ուրեմն իմացեք՝ որտեղ ինչ եք ասում, ո՛վ Զելենսկու զոմբիներ: Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ ընդամենը մի սփոփիչ բան կար: Նիկոլը միակը չէր, որին նրանք «անբարոյական» ու «ոչ բարեկամ» էին անվանել: Նիկոլի հետ նույն շարքին էին դասված նաև, Ալիևից ու Լուկաշենկոյից բացի ԱՊՀ անդամ մնացած երկրների ղեկավարները:
Ի՞նչ անուն տալ Ուկրաինայի այս պահվածքին: Դա այն երկիրն է, որի ազատագրման համր 1940-ական թվականներին իրենց կյանքն են զոհել հարյուր հազարավոր հայորդիներ: Եվ այսօր այդ երկրի ԱԳՆ-ն, երբ այնտեղ իշխանության է եկել մի բանդերական խամաճիկ, Հայաստանի ղեկավարին ամոթանք է տալիս Հայրենական մեծ պատերազմում ընկած հայ զինվորների ու սպաների հիշատակը հարգելու համար: Սա այն երկիրն է, որտեղ պղծվել ու շարունակում են պղծվել ազատագրական բանակի զինվորների եղբայրական գերեզմանները, Սա նաև այն երկիրն է, որի ղեկավարն առաջինն է շնորհավորել Իլհամ Ալիևին՝ 44-օրյա պատերազմում տարած «փայլուն» հաղթանակի և համար: Բայց սա նաև այն երկիրն է, որի ժողովուրդը, ատելությամբ լցված բանդերական բանդաների դեմ, հասկանում է, որ հայ ժողովուրդը բացառապես ջերմություն ու եղբայրական զգացումներ է տածում իր հանդեպ: Ինչո՞ւ Ուկրաինայի ԱԳՆ-ն որևէ թթու խոսք չի ասել Ալիևի հասցեին, որ Մոսկվա չէր գնացել զուտ այն պատճառաբանությամբ, որ հաղթանակի միջոցառումներ կային նաև հայկական հինավուրց Շուշիում: Սա ի՞նչ երկակի ստանդարտ է Ուկրաինայի ղեկավարության կողմից. Ղրիմի միացումը Ռուսաստանին համարում են օկուպացիա, իսկ Շուշիում Ալիևի մուղամ զռռացնելը «փայլուն հաղթանա՞կ»:
Ինչի՞ց սկսվեց այս ամենը: Այս ամենն սկսվեց այն բանից հետո, երբ Ուկրաինայում և Հայաստանում իշխանության եկան ազգակործան պատուհասները՝ Պորոշենկո, Փաշինյան, Զելենսկի անուններով. պարտության ու խայտառակության սիմվոլներ, որոնք պատմության մեջ մնալու են որպես դավաճաններ, կապիտուլյանտներ և օտարի կամքն իրենց ժողովուրդներին պարտադրող կոլաբորացիոնիստներ: Թող ոչ ոքի շփոթության չմատնի այն կեղծ տեսակետը, թե ուկրաինական բանակը մեկ տարուց ավելի է, ինչ կռվում է հանուն Ուկրաինայի ու ուկրաինական ժողովրդի ազատության: Չկա նման բան:
Զելենսկին ընդամենը սպասարկում է իր արևմտյան տերերի շահերը, և դրա համար վճարում է ուկրաինայի ժողովուրդը: Չկա այլ բացատրություն հարցին, թե ինչու պետք է թշնամանային նույն ազգային արմատներն ունեցող երկու ժողովուրդները՝ ռուսներն ու ուկրաինացիները: Չկա այլ բացատրություն, թե ինչու պիտի Եվրոպայի խոշորագույն երկրներից մեկը՝ տարածքով, մարդկային ռեսուրսներով, օգտակար հանածոներով, հացի շտեմարանով, տարանցիկ հնարավորություններով, ծովային ուղիներով, զարգանալու փոխարեն թշնամանար Ռուսաստանի հետ ու կորցներ ամեն ինչ: Ուկրաինայում այսօր չեն էլ հարցնում՝ ո՞վ բերեց Պորոշենկոյին, ո՞վ բերեց Զելենսկուն: Այնտեղ ամեն ինչ պարզ է, որովհետև նրանց բերողները նույնիսկ չեն էլ թաքցնում իրենց դեմքերը և բացահայտ հայտարարում են, որ ուկրաինացիները պարտավոր են կռվել մինչև վերջին ուկրաինացին, որպեսզի իրենք կարողանան ամբողջությամբ տիրանալ այդ երկրի արևմտյան մասին:
Նիկոլի պարագայում այս պատմությունը մի փոքր ավելի խճճված է: Բանն այն է, որ Նիկոլը ոչ այնքան արևմտյան, որքան թուրք-ադրբեջանական կողմնորոշում ունի: Եթե, օրինակ, Զելենսկին, լինելով հստակ արևմտյան կողմնորոշմամբ կոլաբորացիոնիստ, իր գործերն առաջ է տանում ողջ Ուկրաինան վերամիավորելու մաքսիմալիստական պոպուլիզմով, ապա Նիկոլը, ընդունելով Ադրբեջանի և Թուրքիայի գերակայությունը, իր իշխանությունը փորձում է պահել խաղաղության մասին հիմարագույն թեզերով, թե կարելի է էլի մի բան զիջել, միայն թե մեզ հանգիստ թողնեն: Սա արդեն մինիմալիստական պոպուլիզմ է, որ, թվում է, հատուկ է միայն Նիկոլ Փաշինյանին, բայց պարտություններից ու ձախողումներից հետո, որպես կանոն, հենց դրան են հանգում բոլոր դրածո իշխանությունները:
Դե իսկ ամենավերջում էլ միջազգային հանրությունն սկսում է չսիրել կոլաբորացիոնիստ ղեկավարներին ու չհետաքրքրվել նրանցով: Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կնշի Հաղթանակի օրը, թե Երևանում, ոչ մեկին հետաքրքիր չէ այլևս: Զելենսկին կուրանա ֆաշիզմի դեմ ուկրաինայի ժողովրդի տարած հաղթանակը, թե այդ օրը կնշի որպես «Եվրոպայի օր», միևնույն է միջազգային հանրության համար: Միջազգային հանրությունը լավ գիտի, որ իր առաջև խաղացվող տիկնիկներ՝ իրենցից ոչինչ չնշանակող և իրենցով ոչինչ չպայմանավորող:
Հ.Գ. Հեռագիր Ուկրաինայի ԱԳն-ին՝ մեր խամաճիկը ձեր խամաճիկից լավը չի, բայց նա մեր խամաճիկն է:
Էդիկ Անդրեասյան
Կարծիքներ