Ո՞վ է տեր կանգնում կրակի տակ հայտնված գյուղերին․․․

Ո՞վ է տեր կանգնում կրակի տակ հայտնված գյուղերին․․․

Հրաձգային զենքից Սյունիքի մարզի Խոզնավար, Արավուս գյուղերի դիրքերի ուղղությամբ, Սոթքի հատվածում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել։ 

2020 թվականին, երբ թշնամին Խոզնավար գյուղի «գլխին», բարձրադիր դիրքերում ամրացել էր, գյուղացիներն ասում էին՝ «Կապրենք, ոչ մի բան չկա, սահմանն էլ թող մի քիչ այսպես լինի, զինվորներն այստեղ են, անվտանգ ենք»։ Այսինքն խոզնավարցին վստահ էր, որ հայկական Բանակն այնտեղ է և իրենք վախենալու բան չունեն։ 2020 թվականն էր, նկատի ունեցեք, մարդիկ դեռ հավատում էին իրեն «փրկիչ հռչակածին»։ 2021 թվականին մայիսին արդեն գյուղի բնակիչներից դժգոհում էին․ «Թշնամին մեր ամբողջ գյուղի տարածքը, արոտավայրերն է մտել, եկել , ասում է՝ փախեք ստեղից, գնացեք։ Մեր խմելու ջրի գլխին թշնամին է կանգնած։ Այդ ջուրը էլ չենք խմում, ուրիշ տեղից ենք բերում»։ Էլ ո՞վ էր ուշադրություն դարձնում նրանց ասածին, ո՞վ էր տեր կանգնում նրանց։

Այդպես էլ Խոզնավարը մնաց թշնամու երախի մոտ։ Հիմա Արավուսից խոսենք։ Տեղ գյուղին մոտիկ գյուղ է, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում, լեռնալանջի վրա։ Դեռ 2020 թվականին գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը հայտնում էր, որ Արավուս գյուղի հատվածում թշնամին 800 մետր առաջխաղացում է ունեցել, էլի թշնամին ասում էր՝ մեր հողն է։ «Փիս կրծող մկան պես թշնամին առաջ է գալիս» ,- ասում էին գյուղում։ Լսողն ո՞վ էր։ Նույնը՝ Կոռնիձորում, Տեղ գյուղում, Խնածախում․․․ Սյունիքի ողջ գյուղերը թշնամու նշանառության, թիրախի տակ է դրված։ Մի քանի անգամ եմ գրել, որ սահմանամերձ գյուղերում Նիկոլը քափ- քրտինք մտած իր ուզած գյուղապետերին է նշանակում, որ ձեն- ձուն չհանեն։ Մարզպետներն իրենն են, որ իրենն են։ Ինչևէ, Երևանում ապրողը դժվար թե պատկերացնի, թե Սյունիքն իր գյուղերով ինչ աքցանի մեջ է հայտնվել։ Կամ ինչու՞ միայն Սյունիքը, այսօր արդեն ողջ Հայաստանը։ Հայաստանի միակ պաշտպանական կետը Տավուշում է, դա էլ է ուզում Սյունիքի օրը գցի, հանձնի։ Նման պարագայում ՀՀ ինքնիշխանությունից խոսելը հավասարազոր է ժողովրդին կապտորեն խաբելուն։ Տեսեք, տեսեք Ադրբեջանը կրակ է բացում ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։ Իսկ որտեղի՞ց է Ադրբեջանը կրակ բացում ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։ Կամ ինչու՞ է կրակ բացում, եթե ուզում են նշմար տա՝ թող մի քարով խփեն դիրքերին։ Մետրերի հեռավորություն է, կրակահերթը ո՞րն է։ Բոլորն էլ լավ հասկանում են, որ կրակահերթի նպատակը Նիկոլին «նշմար տալն է»՝ արագացրու․․․ Թշնամին քարով էլ կարող է խփել մեր դիրքերին, այնքան մոտ է․․․ Պարզապես ասողին էլ լսող չկա։ 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին, Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ։