Անահիտ Ավանեսյանի օֆերտան եւ ՔՊ-ի` կրակի վրա յուղ լցնողները

Անահիտ Ավանեսյանի օֆերտան եւ ՔՊ-ի` կրակի վրա յուղ լցնողները

ԱԱԾ-ն և Հակակոռուպցիոն կոմիտեն համատեղ գործողություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում՝ ՊԱԳ-ում` պետպատվեր բաշխող կառույցում, «Ուիգմոր» հիվանդանոցում, որը կապում են նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքի անդամների հետ:

Քննչական գործողությունները պայմանավորված են առողջապահության ոլորտում պետական պատվերի բախշման հետ, ինչի մասին մենք շաբաթներ առաջ գրել ենք։ Այդ գործի շրջանակներում էլ մարտի 15-ին աշխատանքից ազատվեց ՊԱԳ տնօրեն Ահարոն Բարսեղյանը։ Այսօր բերման են ենթարկվել «Ուիգմորի» տնօրենն ու նախարարության մի շարք աշխատակիցներ:

Այս թեման իշխանական վերնախավում դարձել է բուռն քննարկման առարկա: Եւ Փաշինյանի թիմում կան անձինք, որոնք յուղ են լցնում կրակին եւ խիստ շահագրգռված են նախարարի դեմ իրականացվող գործընթացներով: Բանն այն է, որ Անահիտ Ավանեսյանի հռչակած օֆերտան` կանխավճարային ծառայությունների սխեման պատուհաս է դարձել պետբյուջեի գլխին։ 

Մեզ տեղեկություններ են հասել, որ որոշ հիվանդանոցներ պետպատվերով մատուցվող առողջապահական ծառայությունների մասով մոտ 30 տոկոս գերակատարում են ունեցել, այդ շարքում կան նաեւ մարզային հիվանդանոցներ։ Իսկ դա նշանակում է, որ գումարը վերջացել է` հատկացված պետպատվերը չի բավարարել եւ պետությունը պարտք է մնացել այդ ծառայությունների դիմաց։ Այսինքն՝ կառավարությունը պետք է լրացուցիչ գումար հատկացնի աոողջապահությանը «օֆերտան» իրականացնելու համար։ 

Ինքը՝ Ավանեսյանը եւս խոստովանել էր, որ հավելյալ միջոցների կարիք կա, որը պետք է քննարկեն ֆինանսների նախարարի հետ եւ հասկանան, թե ինչքան գումար են հատկացնում։ Միեւնույն ժամանակ, Ավանեսյանը չի ընդունում, որ պետպատվերի ոլորտում չարաշահումներ կան, բժշկական կենտրոնները չարաշահում են «ձրի բուժսպասարկում իրականացնելու», կանխավճարներով աշխատելու ինստիտուտը: 

Բայց եթե չարաշահում չլիներ, իսկ մարդկանց ու հիվանդացության թվաքանակի աճ էլ չկա, արդեն տարեսկզբին համակարգը չէր «տրաքի» եւ պետական պարտք չէր կուտակվի։