Քննչական կոմիտեն ձգձգում է «Մազդայի» տնօրենից «քցվածների» գործը

Քննչական կոմիտեն ձգձգում է «Մազդայի» տնօրենից «քցվածների» գործը

Ամիսներ առաջ՝ հունիսին, մենք նյութ էինք տպագրել, որ ճապոնական «Մազդա» ընկերության հայաստանյան ավտոսրահը «քցել» է 14 քաղաքացու։ Մոտ 10 տարի առաջ ընկերությունը մեքենաներ է վաճառել փոխված տարեթվով, ասենք՝ 2008 թվականի մեքենան վաճառել է 2010-ի անվան տակ։ Այս մասին գնորդները տեղեկացել են տարիներ անց, երբ որոշել են վաճառել իրենց մեքենաներն ու ՃՈ-ում նոր պարզել են, որ մեքենայի տեխանձնագրում նշված տարեթիվն իրականում չի համընկնում իրական տարեթվի հետ։ Ըստ նախնական վարկածի՝ գործել է մի ամբողջ հանցավոր սխեմա, որում ավտոսրահի աշխատակիցներից զատ՝ ներգրավված են եղել նաեւ մաքսայինի ու ոստիկանության աշխատակիցներ, որոնք աչք են փակել մեքենայի VIN կոդի տվյալների վրա։

Ի վերջո, տուժած քաղաքացիները երբ չեն կարողացել իրենց հարցերը լուծել ավտոսրահի, մասնավորապես՝ դրա տնօրեն Միսակ Սարգսյանի հետ, դիմել են իրավապահներին։ Բայց տեւական ժամանակ այս գործը, կարելի է ասել, մնացել էր քննչական մարմինների դարակներում՝ փոշու տակ։ Ինչ-որ քննչական գործողություններ են կատարել, բայց մինչ օրս սայլը տեղից չի շարժվել։ Դեռ այն ժամանակ Քննչական կոմիտեից մեզ հայտնել էին, որ իրենք քննչական հարցումներ են կատարել Բելգիայի Թագավորություն, որոնց պատասխաններն արդեն ստացվել են, եւ նշել, որ այս պահին քրեական գործի շրջանակներում տուժողի կարգավիճակ ունի 14 անձ: Իսկ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ կամ անձինք այս պահին չկան։

Ըստ տեղեկության, Քննչական կոմիտեն դեռ ամիսներ առաջ նախապատրաստվում էր մեղադրանք առաջադրել «Մազդա» ընկերության հայաստանյան ավտոսրահի տնօրեն Միսակ Սարգսյանին՝ խարդախություն կատարելու համար։ Սակայն մինչ օրս դեռ նրան մեղադրանք են առաջադրում։ Որոշակի կասկածներ ու տեղեկություններ կան, որ քննիչներն ուզում են այս գործը որեւէ կերպ փակել ու ժամանակ են ձգում, որպեսզի դրա համար իրավական հիմք ապահովեն։ Թեպետ, մյուս կողմից էլ, մեզ հավաստիացնում են, որ միեւնույն է, մեղադրանք առաջադրվելու է, մասնավորապես՝ սրահի տնօրեն Միսակ Սարգսյանին, պարզապես բավարար հիմքեր են անհրաժեշտ։

Քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան՝ պաշտոնապես հայտնեցին հետեւյալը․ «Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ խարդախության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ»։ Թե ինչ է Քննչական կոմիտեն ամիսներով քննում ու ինչու չի կարողանում մինչ օրս կողմնորոշվել՝ մեղադրանք առաջադրի, թե ոչ, դժվար է ասել, հատկապես, երբ իրենց համար ակնհայտ է, որ խարդախություն է տեղի ունեցել։