10 տարին շատ մեղմ պատիժ է

10 տարին շատ մեղմ պատիժ է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր պարոն Մհեր Արղամանյանին


Տեղեկացնում եմ Ձեզ, որ 2019թ. ապրիլի 8-ին Էջմիածին քաղաքի դատարանում քննվեց քրեական գործն ըստ մեղադրանքի Արգամ Վարազդատի Հովիկյանի՝ ծնվ. 1981թ. հունվարի 28-ին, ք. Արմավիր: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով (12-20տ.), 218 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետով (6-10տ.), 113 հոդվածի 1-ին մասով (3տ.) եւ 235 հոդվածի 4-րդ մասով (2տ.) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: Վերջնական պատիժ նշանակվեց 10 տարի ազատազրկում, որը շատ մեղմ էր իր կատարած հանցանքների համար: 

Արգամ Հովիկյանն այն անձնավորությունն է, որը վտանգ է ներկայացնում իր շրջապատի եւ հասարակության համար:

2016թ. թոռնիկս՝ Լիլիթ Էդգարի Հովհաննիսյանը, վերը նշված անձնավորության հետ ամուսնացավ, որից հետո ինչպես մեր, այնպես էլ թոռնիկիս կյանքը վերածվեց դժոխքի: Մեկ տարի հետո՝ 2017թ. մարտ ամսին, ամուսնու կատարած կեղծիքներից վիրավորված ու հիասթափված՝ թոռնիկս վերադարձավ հայրական տուն: Թոռնիկս դեռ 2 ամսվա ամուսնացած էր, երբ ամուսինը կեղծ փաստաթղթեր պատրաստեց եւ պարտադրեց թոռանս ստորագրել փաստաթղթերը, թե իբրեւ նա «ԱՁ-ի աշխատող է եւ ամսական ստանում է 280 հազար ՀՀ դրամ աշխատավարձ»: Այնինչ թոռնիկս աշխատում էր Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, եւ սովորում էր Երեւանի պետական մանկավարժական համալսարանի հոգեբանության, մանկավարժության բաժնում: Ամուսինը կեղծ փաստաթղթերի միջոցով ՎՏԲ բանկից 1.5 մլն դրամ ստացավ թոռնիկիս անունով: Այդ գումարը թե ինչ ճանապարհով մսխեց, մենք տեղյակ չենք: Մեկ տարի ոչ մի գումար չմուծելով բանկին՝ գումարը դարձավ 2.5 մլն դրամ: Թոռնիկիս մանկապարտեզի աշխատավարձը կալանքի տակ դրվեց ԴԱՀԿ-ի կողմից: 

Հաջորդ քայլը՝ ամուսնությունից երկուսուկես ամիս անց «փեսա» կոչեցյալը խաբեությամբ տղայիս խնդրեց 1 շաբաթով իր մեքենան դնել գրավատուն, թե իբր ինձ ԱՄՆ-ից մեքենաներ են ուղարկում, ես 10 օր հետո քո մեքենան կվերադարձնեմ քեզ: Տղաս ի՞նչ մտածեր, որ  35 տարեկան փեսան նպատակային, պլանավորված ամուսնություն է կատարել իր աղջկա հետ, եւ տղաս, վստահելով փեսային, գնաց այդ քայլին: Ամուսինը թոռնիկիս ամբողջ ոսկեղենը դրեց բանկ, եւ բանկի կողմից այն վաճառվեց: Տղայիս «Mercedes-Benz Vito» մեքենան, որը գնել էր 11 հազար ԱՄՆ դոլարով, գրավատունը 11-րդ ամսում վաճառեց 3 հազար 800 դոլարով՝ տղայիս պատճառելով 11 մլն դրամի վնաս:

Ամուսնու հայրը տղայիս ասաց․ «Դու քո մեքենայի մասին ես մտածում, բա ես ի՞նչ ասեմ, իմ ձեռքերով կառուցած տունս 28 հազար ԱՄՆ դոլարով վաճառեց եւ երկու օրում լցրեց ապարատների մեջ, կինս այդ վշտին չդիմացավ, քաղցկեղով հիվանդացավ ու մահացավ, ես էլ՝ մոլորված, չգիտեմ, թե ինձ ինչ է սպասվում»:
Թոռնիկս, մեկ տարի ապրելով ամուսնու հետ, շատ բան տեսավ եւ հասկացավ, որ ամուսինը չաշխատող, խմող, ծխող, խաղամոլ, ուրիշի հաշվին ապրող հանցագործ է:

Շուրջ 7 ամիս, ինչ բաժանված էր թոռնիկս, մեզ 7 ժամ հանգիստ չի թողել: Հեռախոսային ահաբեկումներ, վիրավորանքներ, հայհոյանքներով սպառնում էր մեզ:

Ես այդ հաղորդագրությունները ներկայացնում էի ոստիկանություն, սակայն միշտ անպատիժ է մնացել, քանի որ ամենուրեք «լավ ընկերներ» ունի: Ահա մի վառ օրինակ․ 2017թ. օգոստոսի 8-ի երեկոյան զանգահարում է, տղայիս ահաբեկում, սպառնում, թե գնա տուն՝ տնեցիներիդ հրաժեշտ տուր, վերջին խոսքդ ասա, որ այլեւս իրենց չես տեսնելու, այսօր վերջին օրդ է: Այդ օրը երեկոյան ժամը 23։30-ի սահմաններում նստած էինք բակում, երբ «փեսա» կոչեցյալն ընկերոջ հետ մեքենայով անցավ, հայհոյեց մեզ եւ ձեռքի ծխախոտը նետեց տղայիս կողմը: Տղաս էլ իր հայհոյանքի պատասխանը տվեց: «Փեսան» 10 մետր գնալուց հետո մեքենան կանգնեցրեց, իջավ, երկաթե ձողը ձեռքին՝ հարձակվեց տղայիս վրա, ես եւ ամուսինս չէինք կարողանում բաժանել միմյանցից: Ընթացքում մի քանի հարվածներ հասցրեց նաեւ ինձ, հայհոյելով ասաց, թե ես գործ տվող եմ: Գիշերվա ժամը 24։00-ին աղմուկից մեծ բազմություն հավաքվեց, ինքը գոռալով մոտեցավ մեքենային, բացեց մեքենայի դուռն ու ասաց․ «Կայնի գյուլլեմ քեզ, պրծնեմ, քո եղած-չեղածը……»: Ինքն ուզում էր վարորդի նստատեղի տակից հաներ զենքը եւ կրակեր տղայիս վրա, հավաքված բազմությունը թույլ չէր տալիս մոտենալ մեքենային, հետո տղաներն իրեն հրեցին մեքենայի մեջ, դուռը փակեցին, վարորդին ասացին՝ քշի գնա, քանի ուրիշ բան չի եղել: Մեքենան ինկասատորի մեքենա էր, վարորդը զենք ուներ, որի մասին ինքը տեղյակ էր: Գիշերվա ժամը 01։00-ի սահմաններում զանգահարեցինք ոստիկանություն, գործ հարուցվեց:

Դեպքի հաջորդ օրը «փեսայի» ընկերները եկան իմ աշխատավայր՝ «Մանուշակ» մանկապարտեզ, որի տնօրենն էի ես, խնդրեցին չդիմել ոստիկանություն, ասացի, որ այդ հարցն օրենքը կլուծի բարձր մակարդակով։ Նրանք ասացին․ «Մենք չենք թողնի, որ մեր ընկերը նստի, մենք կորած տղաներ չենք»: Այդպես էլ եղավ, ինձ եւ տղայիս դեպքի 5-րդ օրը քննիչն ուղարկեց դատական բժշկի մոտ, իսկ հարեւաններից բացատրություն վերցրին 9-րդ օրը, երբ մարդիկ արդեն մոռացել էին դեպքի մասին: 15 օր հետո դատախազությունից նամակ ստացանք, թե ձեր դիմում-բողոքը կարճվել է, որովհետեւ փաստերը բավարար չեն։ Այդ դեպքից անցավ մեկուկես ամիս, եւ տեղի ունեցավ այս միջադեպը, որը ցնցեց համայն հայությանը:

Այդ օրը ամբողջ համակարգը լցված էր մանկապարտեզ, եւ օպերացիան ղեկավարում էր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Մոտեցա մարզի դատախազի առաջին տեղակալ Ա. Դոլինյանին, ասացի՝ սրա՞ն էիք սպասում, հիմա փաստերը բավարա՞ր են, որ ձերբակալեք հանցագործին: Փառք տանք Աստծուն, որ հրաշքով փրկվեցինք ես, թոռնիկս եւ 3-ամյա Հմայակը, չնայած որ Հմայակը մինչ այսօր դեռ չի խոսում:

Ահա, այսպիսին է մեր երկրի արդարադատությունը․ թոռնիկիս աշխատանքի էի տանում մեքենայով՝ կալանավորի կարգավիճակով: Տնից դուրս գալու իրավունք չուներ, ամբողջ օրը մեզ հետեւում էր՝ ուր ենք գնում, ինչ ենք անում․ իր նպատակն էր՝ առեւանգել թոռանս: Աշխատանքի վայրում մուտքի դուռը փակվում էր, որ չմտներ հիմնարկ եւ չխաթարեր մեր աշխատանքը, քանի որ նման մի քանի դեպքեր եղել էին:

Այդ օրը՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 14:17 րոպեին «փեսա» կոչեցյալը հայհոյանքներով, սպառնալիքներով հաղորդագրություն է ուղարկում թոռնիկիս մորը, որ դուք ձեր արածն արեցիք, հիմա տեսեք, թե ես ինչ եմ անելու: Եվ 2 ժամ հետո տեղի ունեցավ միջադեպը, որը նախօրոք պլանավորված էր իր կողմից: 2017թ. հոկտեմբերի 30-ին, ժամը 4:30-ի սահմաններում մանկապարտեզի մուտքի դուռը բաց էր, ծնողները երեխաներին տուն էին տանում, «փեսա» կոչեցյալը խմած ներխուժեց մանկապարտեզ, մտավ թոռնիկիս խմբասենյակ, մազերից բռնեց, քարշ տվեց դեպի մուտքի դուռը։ Լիլիթը սկսեց գոռալ, օգնություն կանչել, բայց ոչ ոք չէր համարձակվում մոտենալ օգնելու, քանի որ որսորդական դանակը ծոցագրպանից հանել, դրել էր Լիլիթի կոկորդին, ասում էր՝ ոչ ոք չմոտենա ինձ: Եթե Լիլիթն իր հետ չհամաձայնի դուրս գալ շենքից, ապա վիզը կկտրի: Այդ գոռոցներից խոհանոցից դուրս եկա, մոտեցա Լիլիթին՝ օգնելու նպատակով: Երբ ինձ տեսավ, ավելի ագրեսիվ դարձավ, սեռական բնույթի հայհոյանքներով՝ դանակը քաշեց դեպի իմ պարանոցը, ասաց՝ հիմա երկուսիդ էլ մորթելու եմ: Հրաշքով հետ քաշվեցի, դանակի ծայրը ձախ ականջս եւ պարանոցս կտրեց: Ինքնազգացողությունս կորցրի, մանկապարտեզի աշխատակիցներն ինձ օգնություն ցուցաբերեցին, զանգահարեցին ոստիկանություն եւ շտապօգնություն: Որից հետո ձեռքի դանակով սկսեց Լիլիթի կրծքավանդակը ծակծկել: Լիլիթը ձեռքով բռնեց դանակի շեղբը, որպեսզի վիզը չկտրեր, ձեռքի մկանները կտրվեցին, ինքնազգացողությունը վատացավ:

Մանկապարտեզի աշխատակիցները ջուր բերեցին Լիլիթին, դեռ մի փոքր ջուրը չխմած՝ բաժակը վերցրեց ձեռքից, լցրեց Լիլիթի գլխին: Ծնողների, աշխատողների գոռգոռոցներից, խառնաշփոթ իրավիճակից, շփոթված Լիլիթին նորից մազերից բռնած՝ քարշ տվեց խմբասենյակ ու դուռը փակեց, որտեղ երեխաները ճաշում էին: Այդ պահին Լիլիթի հորեղբայրը մտավ մանկապարտեզ, ոտքով խփեց, դուռը բացեց, հարվածեց Արգամին։ Նա ընկավ, Լիլիթը ձեռքից փախավ: Այդ պահին ոստիկանությունը լցվեց խմբասենյակ: Մանկապարտեզի աշխատակիցները սկսեցին արագ կարգով երեխաներին խմբասենյակից դուրս բերել: Հմայակը սեղանի մոտ նստած ճաշում էր, ինքը բռնեց երեխայի պարանոցից, դրեց ոտքերի մեջտեղը եւ դանակը պահեց երեխայի կրծքավանդակին, ասելով՝ ինձ չմոտենաք, թե չէ այս երեխային կսպանեմ: Եվ այսպես, ոստիկանության աշխատակիցները 4 ժամ բանակցություններ վարեցին, մինչեւ որ կարողացան երեխային անվնաս վերցնել ձեռքից: Զգալով իրեն սպասվող վտանգը՝ ձեռքի դանակով հարվածեց իր կրծքավանդակին, որից հետո ոստիկաններն իրեն վնասազերծեցին ու տարան: Այսքանից հետո ինքն իրեն մեղավոր չի ճանաչում եւ դեռ դատարանի դահլիճում ինձ սպառնում էր հայհոյանքներով, որ շուտով դուրս կգամ, նոր կտեսնեք ձեր սպանությունը:

Խնդրում եմ եւ պահանջում բոլոր պատկան մարմիններին՝ նման մարդասպանից պաշտպանել եւ ապահովել մեր ընտանիքի անվտանգությունը:

Ռոզա ՎԱՐԴԱՆՅԱՆ
 85 տարեկան ք․ Արմավիր