Փոխանակ ինքը հանձնվի, Տավուշին է ասում՝ հանձնվիր

Փոխանակ ինքը հանձնվի, Տավուշին է ասում՝ հանձնվիր

Գնում է Տավուշ, ասում՝  հանձնվեք։ Թշնամին կգա, ձեր տան գլխին կնստի, ձեզ կհսկի։ Հետո էլ զարմանում, որ տավուշցիները չեն ուզում հանձնվել։ Փոխանակ ինքը հանձնվի, Տավուշին է ասում հանձնվեք։ Ցեմենտի տեղ օտար ավազով շաղախված իր խախուտ հիմքով ինքը չի հանձնվում, հայոց անառիկ բերդերին է ասում՝ հանձնեք։

Հայաստանի որ անկյուն գնում ես,  նույն խոսքն է՝ չի հանձնվում, թե էս երկիրը փրկվի։ Մարդիկ իր հանձնվելուն են սպասում, ինքը երկիրն է մաս- մաս հանձնում։ Ու հանձնում է ՝ ահաբեկելով։ Թշնամու տեղ լեզու է առել,  խոսում՝ որ չհանձնեք, Թուրքիան, Ռուսաստանը,  Ադրբեջանը պատերազմ կսկսեն, ձեզ սրի կքաշեն։ Ահաբեկչական գործողությունն էլ ո՞նց է լինում։ Հետո իր  խմբակը կատարում է կրկներգը՝ հանձնեք, հա հանձնեք։ Հիմա էլ իր անձնական ՊՆ-ի միջոցով բանակում բարեփոխում է կատարում՝ է «Ուռա»-ն փոխարինել «Կեցցե»- ով։

Ասում է այս բառը ժառանգություն է մնացել դեռ խորհրդային բանակից, բայց այժմ որոշվել է «տեղայնացնել»։ Այդ բառը ձեր սիրելի Մեծ Բրիտանիայում են օգտագործում ու եվրոպական այլ երկրներում, անգլիական էլ ծագում ունի, ինչու՞ չեն փոխում։ Պատճառն ասա, պատճա՜ռը․․․ Պատճառն ավելի քան պարզ է։ Հայրենասիրական, մեծ տարածում ունեցող երգեր ունենք, որտեղ ուռռայով մեր զինվորներն իրենց ոգևորությունն են արտահայտում, երբ իրենց հայրենի հողն են պաշտպանում։ Թշնամուն դուր չի գալիս, դրա մեջ տեսնում է Նիկոլի թղթե խաղաղությանը վնասող միջանցիկ քամի։

Երևի թշնամին  հրահանգել  է՝ խաղաղությունը կմրսի,  կհիվանդանա, հանիր շպրտիր․ 
Ուռռա˜, ուռռա˜, ուռռա˜,
Քաջ Ֆիդայու սուրը շողշողա,
Ուռռա˜, ուռռա˜, ուռռա˜,
Քաջ Նժդեհի սուրը շողշողա:
Սուրդ պատյանից հանեցիր,
Ուռա առաջ վազեցիր,
Առավոտյան արշալույսին
Բիթլիս քաղաք գրավեցիր:

Կա նաև թշնամու ծրագրերին հակադրվող ուռռա, պիտի եռագույնի փողփողման մասն անպայման հանի․
Ուռռա˜, ուռռա˜, ուռռա˜,
Սուրբ անունդ անմահ մնա,
Ուռռա˜, ուռռա˜, ուռռա˜,
Եռագույնը թող փողփողա: