«Դուք խայտառակել ռեսպուբլիկան․․․»

«Դուք խայտառակել ռեսպուբլիկան․․․»

Անլուրջ եմ համարում, երբ ծխի հոտ չառած մարդիկ Արցախյան հարցից են խոսում։ Դրանից առավել անլուրջ է, երբ այդ նույն մարդիկ խոսում են երկրի առաջին դեմքի փոխարեն հակառակորդի երկրի առաջին դեմքի հետ։ Սա ուղղակի զավեշտ է։

Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակի ասածներին չեմ անդրադառնա, որովհետև նրա ամեն խոսքի տակ պետությունը «ականների վրա դնելու» փորձ է, կարծում եմ չիմացության պատճառով։  "Նախկին ու ներկա իշխանություն" պառակտողական տարանջատումը ական է պատերազմող երկրի համար ու անգամ չեմ անդրադառնա դրան, թշնամու ջաղացին ջուր չլցնելու համար։

Արցախյան պատերազմի տարիներին ռազմական թղթակից եմ եղել, անմիջական աշխատել եմ Սպարապետի կողմից ռազմական լրատվության վերահսկողության ենթակայությամբ ու կասեմ՝ Մանեի ամեն խոսքը թշնամու համար է, մեզ համար չէ։ Անընդհատ մեր երկրի թիրախային կետերն է մատնանշում։ Լիլիթ Մակունցի հայտարարության մի դրույթին կանդրադառնամ, մնացածը օդ են։ Տեսեք թե ինչ է ասում Ալիևին։ Առաջին դրույթն է․

-Նախ, Ալիևը մոռացության է տալիս, որ ինքը հաղթանակած և Արցախում սեփական հայրենակիցների ազատ ապրելու իրավունքը միասնաբար պաշտպանած պետության մասին է խոսում։

Լավ է, որ հպարտանում է հաղթանակած երկրով։ Բայց հաղթանակը հենց այնպես օդից չի ընկել, խոսել հաղթանակի մասին ու վարկաբեկել հաղթողներին, (Խոսքս մյուս իգական սեռի ներկայացուցչին է վերաբերվում) դա թշնամու համար աշխատել է նշանակում։ Խոսել հաղթանակած երկրի մասին ու վարկաբեկել պատերազմ հաղթած հերոսներին, անթույլատրելի է։ Պատերազմող երկրի համար հակառակորդի ամենամեծ զենքը ներքին երկպառակտությունն է։ Հաղթանակած երկրի հաղթողներին, ռազմական չգրված օրենքներով, նույնիսկ թշնամին չի ստորացնում, նսեմացնում․․․ Դուք թշնամուց վատթար օրենքներ եք բանեցրել ու բանեցնում։ Ամեն ինչ թողնում եմ փակագծերի մեջ և առաջարկում՝ այլևս չխոսել հաղթանակած երկրի անունից։ Կամ ցույց տալ հաղթանակի համար խոսելու ձեր անցագիրը և ոչ թե իշխանության անցաթուղթը։

․․․ «Դուք խայտառակել ռեսպուբլիկան»,- հայտնի կինոնկարի տողերն են,- վնասում եք հայ ժողովրդին, մեզ պարտության եք տանում։