Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին

Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին

AntiFake.am-ի ներկայացուցիչներն ու այլ քաղաքացիներ տեսանյութեր են տարածում ֆեյսբուք սոցիալական ցանցում` ցույց տալով, թե ինչպես են «փնտրում» կորած ՄԻՊ-ին: Նրանցից մեկը ՄԻՊ-ին «փնտրում է» լոգասենյակում, մյուսը` սառնարանի մեջ, երրորդը` փողոցում` խոտերի մեջ, մեկ այլ օգտատեր ՄԻՊ-ին փորձել է գտնել աղբամանի մեջ, մյուսը` բուխարու ծխնելույզում… Կորած ՄԻՊ-ին առայժմ գտնել չի հաջողվում:

Հիշեցնենք` երեկ` ապրիլի 15-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում «Փնտրվում է ՄԻՊ-ը» գրությամբ հայտարարության թերթիկներ են տարածվել, որում նշվում է, որ «ՄԻՊ-ը դուրս է եկել Պուշկինի 56ա հասցեից և այլևս չի վերադարձել»։ Հայտարարության հեղինակները խնդրում են ՄԻՊ-ին հայտնաբերելու դեպքում կապվել հայտարարության մեջ նշված հեռախոսահամարներով։

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար: Փոդքասթերները ձերբակալվել են թողարկումից երկու օր անց։ AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի ձերբայալությունը տեղի է ունեցել կոպիտ ուժի կիրառմամբ դիմակավորված երեք ոստիկանների և քաղաքացիական հագուստով հինգ անձանց կողմից։ 

Ձերբակալության օրը՝ մարտի 22-ին, ժամը 14:00-ի սահմաններում ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրության շրջանակում Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման այց է իրականացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին։ 

Ապրիլի 4-ին կառավարության նիստից հետո լրագրողները մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանից հետաքրքրվել են՝ արդյոք Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունն իրավաչափ է եղել։ Ի պատասխան Մանասյանն ասել է, որ Սամսոնյանին ձերբակալելու կադրերը տեսնելուց եւ տեղեկատվությունը տարածվելուց հետո ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Սամսոնյանին եւ Սաղաթելյանին․ «Տվյալ համատեքստում մենք առնվազն կասկած ունեցել ենք՝ նկատի ունենալով այն, որ դիմել ենք իրավասու մարմիններին։ Պարզաբանում ենք պահանջել իրավասու մարմիններից, պարզաբանում ստանալուց հետո եզրահանգում կանենք։ Անհամաչափ ուժի կիրառման մասին առնվազն եթե դիմել ենք իրավասու մարմիններին, նշանակում է, որ կասկած ենք տեսել»։

Նարեկ Սամսոնյանի՝ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալությունից և փոդքասթերների կողմից հերթական թողարկման ընթացքում հնչեցված սուր քննադատության համար քրեական գործի հարուցումից ու կալանավորումից 26 օր է անցել, սակայն ո՛չ ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը, ո՛չ էլ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը գնահատական չեն տվել իրավապահ մարմինների խայտառակ ոչ իրավաչափ վարքագծին և Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի արտահատման և իշխանության քաղաքականությունը քննադատելու համար մեդիագործունեությամբ զբաղվող անձանց կալանավորման հանգամանքին։

ՄԻՊ-ը որևէ գնահատական չի տվել քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի իրավունքների շարունակական խախտումներին, նրանց ապօրինի անազատության մեջ պահելու հանգամանքին: ՄԻՊ-ը չի արձագանքել անգամ նախօրեին գիշերը դատարանից ՁՊՎ տեղափոխելու ընթացքում ոստիկանների քթի տակ դիմակավորված անձանց կողմից դաժան ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանի հետ կապված միջադեպին:

Հիշեցնենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 191-րդ հոդվածի՝ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը։

Հետևաբար, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միայն մի դեպքում կարող է չարձագանքել վերը նշված խայտառակ ապօրինություններին՝ եթե կորել է։

Մտահոգ քաղաքացիներին խնդրում ենք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքներին, նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունենալու դեպքում զանգահարել 116, 096 11-61-00 կամ 010 53-75-52 հեռախոսահամարներով, իսկ հայտնաբերելու դեպքում հարցադրումներ անել Նարեկ Սամսոնյանի անհամաչափ ձերբակալության, Սամսոնյանի, Սաղաթելյանի, Աշոտյանի, Ասլանյանի, Մալյանի, Վարդանյանի ապօրինի քրեական գործերի ու կալանավորման վերաբերյալ։