Եթե իրենք առաջարկեն, ասեն՝ դադարեցրեք հացադուլը, մենք խնդիրը լուծում ենք, բնականաբար մենք կդադարեցնենք

Եթե իրենք առաջարկեն, ասեն՝ դադարեցրեք հացադուլը, մենք խնդիրը լուծում ենք, բնականաբար մենք կդադարեցնենք

Արդեն երկու օր է Ռուսաստան մեկնել ցանկացողները հացադուլ են անում կառավարության շենքի դիմաց, նրանք գիշերում են այստեղ։

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները երեկվանից հանվել են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։ Ռուսաստանի իշխանությունները փոխադարձ հիմքի վրա հաստատել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումների չեղարկումը, որոնք գործում էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Նշված պետությունների քաղաքացիներին և նրանց, ովքեր այդ երկրներում կացության կարգավիճակ ունեն, թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան օդային ճանապարհով։ Ռուսաստանցիներն իրենց հերթին կարող են անարգել թռչել այդ երկրներ», - ասված է հաղորդագրության մեջ: Թռիչքները նախատեսված են շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։ Սեպտեմբերի 21-ից կվերսկսվի ավիահաղորդակցությունը Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցում է հինգ երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը։

Հացադուլ անողներից մի քանիսը երեկ կառավարության շենքում հանդիպել է վարչապետին, նրանց խոսքով՝ սա արդեն վկայում է , որ հացադուլը արդյունք է տալիս, այլապես այդ հանդիպումն էլ կարող էր տեղի չունենար։ Կառավարությունից ակցիայի մասնակիցներին ասել են, որ գրեն իրենց անունները, ցուցակ կազմեն և փոխնացեն իրենց, սակայն ՌԴ մեկնել ցանկացողները վստահ չեն՝ իրականում այդ ցուցակը ինչի համար են ուզել։

«Եթե իրենք առաջարկեն, ասեն՝ դադարեցրեք հացադուլը, մենք խնդիրը լուծում ենք, բնականաբար մենք կդադարեցնենք, բայց եթե հստակ բան չեղավ, չենք դադարեցնելու ոչինչ, պայքարելու ենք մինչեւ վերջ»,- ասաց հացադուլ անողներից մեկը։