Լռության ասպետը

Լռության ասպետը

Գեներալ- գնդապետ Հայկ Հարությունյանի հիշատակին

Սկիզբը՝ նախորդ համարում

Երկրի նվիրյալը լինելու հարգն ու հպարտությունը

Մեկ տարի առաջ՝ նրա ողբերգական մահվան օրերին, բացառիկ խորը եւ համեստության մեջ պարզ այդ մարդու մասին ուզում էի կիսվել իմ տպավորություններով: Մարդ, ով սիրով կարող էր խոսել արժանավոր ուրիշների մասին, բայց նրբանկատորեն ու տակտով կընդհատեր, երբ փորձում էին իր մասին խոսել: Իսկ իր մասին ասելիք շատ կար: Զուսպ, խիստ ընդգծված չափի ընկալումով, պարզկենցաղ ու ասկետ այդ մարդը սպա էր, գեներալ՝ իր ամբողջ վեհությամբ, համազգեստի հետ հագած ու այլեւս իր էության մեջ առած զինվորականի պատվախնդրությունն ու արժանապատվությունը: 

Հասկանում եմ, ժամանակ է հարկավոր, որ զուլալվի, հստականան մարդու անունն ու գործը, բայց դա ընդհանուր կանոն է, եւ կան մարդիկ, ովքեր դուրս են այդ կանոնից: Նրանք, ովքեր պատիվ են ունեցել ծառայել իր հետ եւ իր հրամանատարությամբ, մեծագույն հարգանքով են արտասանում նրա անունը: Տղաներից անգամ նրանք, ովքեր ծառայողական տույժեր են ստացել Հայկ Հարությունյանի կողմից, նրա մասին խոսում են ամենայն հարգանքով ու ակնածանքով: 

Գիտեմ, ընդունված է, որ ծառայության բերումով ոստիկաններն իրենք են հարցեր տալիս եւ պատասխաններ ստանում: Բայց կարեւոր մի դաշտ միշտ բաց է մնում. ոչ ոք հարցեր չի ուղղում տասնամյակներ հասարակական անդորրը պահած, գիշերուզօր ծառայության մեջ գտնվող ոստիկանության նախկին ու ներկա աշխատակիցներին, եւ ոչ ոք այդպես էլ չի իմանա, թե ինչ է զգում ոստիկանը, երբ այնքան թերի են օրենքների հասարակական ընկալումները, երբ կարծես բոլոր հարցերն էլ պատասխաններ ունեն, բայց շատ ու շատ հարցեր այդպես էլ մնում են անպատասխան: Գտնված ու չգտնված այդ լուծումներում ոստիկանության շարքայինից մինչեւ բարձրաստիճան սպան գիտեին, որ Հ. Հարությունյանի կողքին իրենք հասկացված էին ու պաշտպանված, թերացումների համար պատժվելիս անգամ համոզված էին, որ պատիժը համարժեք էր լինելու: Ով երբեւէ հանիրավի կամ մեկ ուրիշի փոխարեն տույժ է կրել, կհասկանա, թե որքան կարեւոր է արդարացի վերաբերմունքը:

Գեներալ Հարությունյանի մարդկային ու պրոֆեսիոնալ բոլոր որակները խտանում էին առանցքային երկու արժեքների մեջ. արժանապատվության ու արդարամտության: Մաթեմատիկական ճշտությամբ ու վիրաբույժի զգուշությամբ էր վերաբերվում կադրային նշանակումներին, քանի որ նրանց աշխատանքով էր պայմանավորված հասարակության վերաբերմունքը պետության ու ոստիկանության նկատմամբ: Սխալներ, այո, լինում էին, երբ միջամտում էին կադրերի ընտրությանը, իսկ միջամտել կարող էին միայն ընտրյալները: 

Հայկ Արտեմիչը ողջ էությամբ պետական մարդ էր: Հասարակությունը նրան չէր ճանաչում: Եթե կուզեք, դա միանգամայն տեղին էր եւ օրինաչափ: Նա պետական պաշտոնյա էր, այլ ոչ հրապարակային գործիչ: Քիչ էր խոսում եւ խոսում էր ըստ էության: Երբեք պարապ չէր խոսում: Չէր աշխատում իր նկատմամբ համակրանք շահել, նրա ելակետն օրենքն էր ու հասարակական նորմը: Ուժեղ ու կամային մարդ էր, ոչինչ չէր մոռանում, բայց իբրեւ ուժեղ մարդ՝ հիշաչար չէր: Տարբեր առիթներով երբ խոսք էր գնում ոստիկանության այս կամ աշխատակցի մասին` ծառայողական առաջխաղացման կամ պաշտոնեական թերացումների առիթով, չէինք դադարում զարմանալ, որ հիշում էր ու գիտեր բոլորին: Ժպտում էր՝ տեսնելով գործընկերներիս զարմանքը: Հիշում էր, թե ում եւ ինչ առիթով է խրախուսել կամ տույժի ենթարկել: Նրա աշխատասենյակում խնամքով դարսված էին աշխատակիցներից շատերի գործերը՝ ըստ անհրաժեշտության: Շաբաթներ, երբեմն մեկ-երկու ամիս ուսումնասիրելուց հետո միայն կաներ անհրաժեշտ հետեւությունը:

Ահա, այդպես խնամքով էր մոտենում պատասխանատու որոշումներին, քանի որ խնդիրը վերաբերում էր մասնագիտական հեղինակությանն ու մարդկանց ճակատագրին: Հավասարապես խստապահանջ էր իր եւ ուրիշների հանդեպ: Իհարկե, ոստիկանության պետի մոտ առաջխաղացման համար կապեր եւ ազդեցություններ որոնողներ լինում էին: Չնայած նախապես գիտեին, որ ապարդյուն է լինելու, բայց փորձում էին, քանի որ, ցավոք, շրջապատում անծանոթ չէր հովանավորչություն կոչվող պետության ողնաշարը ջարդող այդ անիծյալ ցեցը: Մեր կյանքի ո՞ր ոլորտներում զավեշտների չէինք հանդիպում: Հայկ Արտեմիչն արդարամիտ էր ու անհիշաչար: Սպայի դասական կերպար էր, ով կարող էր ընկերոջն ուղղված հարվածն իր վրա վերցնել ու երբեք չակնարկել իր զոհողությունների մասին: Նրա անձնվիրությունը սահմաններ չէր ճանաչում, երբ խոսքը պրոֆեսիոնալ հեղինակությանն էր վերաբերում, երբ վերաբերում էր պետության անվտանգությանը: 

Երբ ընտանիքն ու պետությունը նույնական են

Ընտանիքը՝ որպես պետության մոդել, ճշգրիտ արտահայտված էր Հարությունյանների խստակենցաղ ընտանիքում: Հայրը՝ երկրորդ աշխարհամարտից հաշմանդամ վերադարձած Արտեմ Հարությունյանը, բացարձակ հեղինակություն էր ընտանիքում, ուր մեծը մեծ էր եւ փոքրը՝ փոքր, եւ ոչ ոք սահմանազանց չէր լինում երբեք: Այդպիսին էր նաեւ Հովհաննես, Հակոբ եւ Հայկ եղբայրների հարաբերություններում՝ փոխադարձ սիրուց ու անձնվիրությունից ավելին էր ակնածանքը մեծի, ավագի նկատմամբ: Աշխատանքում Հայկը փոխնախարար կամ նախարար էր, տանը՝ կրտսեր եղբայր: Հայրական ընտանիքի մոդելով դաստիարակված սպան այդպիսի ընկալում ուներ նաեւ պետական աստիճանակարգության մասին:

Վերադասի ոտքերի տակ քանդող, պետական եւ քաղաքական խարդավանքների սովոր մարդկանց համար անընկալելի, անըմբռնելի կարող էր լինել, թերեւս, Հայկ Հարությունյանի անվերապահ հարգանքն աստիճանակարգությամբ ավագների, պետության ղեկավարների հանդեպ, քանի որ նա հոգու ամբողջ զորությամբ պետական մարդ էր: Այո, նաեւ պետության մարդը: Սահմանափակ եւ աղքատիկ երեւակայությամբ մարդկանց համար պետական մտածողությունն ու պետական վերաբերմունքը ծառայամտություն կարող էին թվալ, երբ հազար-հազար տարի Հայաստան երկրի մեր տունը քանդել էին սեփական թագավորին ու սեփական պետությանն ուրանալն ու դավաճանելը:

Եղել է, ցավոք, եղել է նաեւ, որ իշխանավորն ու մեծավորն իրենց դիրքում եւ իրենց բարձրության վրա չեն եղել: Եղել է նաեւ, որ ապաշնորհ իշխանների սխալներն ու մեղքերը նրանց պատվախնդիր ու արժանապատիվ ենթականերն իրենց վրա են վերցրել, ինչի համար հաճախ կյանքով են հատուցել՝ դրանով, գուցե, փակելով ուրիշ մահերի ու նվաստացումների ճանապարհը: Դա չի եղել նվիրվածություն անձերին: Դա եղել է նվիրվածություն պետությանը, պետականությանը: Անձնուրաց այս մարդկանց վարքն ու մղումները հասկանալու համար իրերն ու երեւույթները պետք է ուսումնասիրել իրենց ամբողջ ծավալով կամ առնվազն նրանց նման սեփական երկիրը սիրել պետք է կարողանալ: Միանգամայն ներելի է, եթե Հայկ Հարությունյանի նման պատվախնդիր ու արժանապատիվ մարդկանց գործողությունները հակասական վերաբերմունք ու գնահատականներ ստանան շատերի կողմից: Միանգամայն օրինաչափ է, որ ամենքն իրենց պրիզմայով իրերը գնահատեն: Պետության բացարձակ ընկալման պայմաններում Պարույր Սեւակը ստիպված չէր լինի աշխարհը տալ մեկի շալակը, իսկ էն մեկելին հանել շալակն աշխարհի: Այս հավերժական հակասության մեջ են ընկալելի նվիրումն ու հերոսականությունը:

Բարեբախտաբար, պատմությունն ու ժամանակն օրերի տիրակալների ազդեցություններից դուրս են, եւ պատմությունը, աստառ ունենալուց բացի, նաեւ երես ունի: Իսկ այդ երեսին բազում հստակություններ դեռ կլինեն, կլինեն պատմականորեն օրինաչափ եւ անխուսափելի հատուցումներ:

Գուցե կլինի նաեւ մեկը, ով Դանտոնի նման կասի՝ Ռոբեսպիե՛ր, հաջորդը քո՛ հերթն է:

Անդրանիկ ՀԱԿՈԲՅԱՆ