Հայաստանի ռուսական թղթապանակը
Երբ մի քանի օր առաջ ռուսական «Դոսյե» կենտրոնը հրապարակեց Հայաստանում «Ռուսաստանի բարեկամների»՝ ռուսական գործակալների եւ նրանց ֆինանսավորման մասին զեկույցը, Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում ավելի շատ հիասթափություն տիրեց, քան զարմանք ու զայրույթ:
Թերեւս այն պատճառով, որ զեկույցում հիշատակված եւ գեներալ Վլ. Չերնովի ղեկավարությամբ գործող Ռուսաստանի հայ գործակալներին Հայաստանում բոլորը դեմքով գիտեին: Մինչդեռ քաղաքական ինտրիգը պահանջում էր ավելի երկար եւ մանրամասն ցանկ, քանի որ բոլորը համոզված են, որ Ռուսաստանի հայ գործակալները Հայաստանում ամենուր են՝ ԶԼՄ-ներում, ՀԿ-ներում, բուհերում, փորձագիտական շրջանակներում, կուսակցություններում, քաղաքական նախաձեռնություններում, պետական կառավարման համակարգում, անգամ՝ Հայաստանում գործող միջազգային կառույցներում եւ ՀՀ-ում հավատարմագրված արեւմտյան դեսպանություններում:
ՀՀ ազգային անվտանգության գերատեսչությունը, հետխորհրդային այս 29 տարիների ընթացքում, փոխեց իր անվանումները, կառուցվածքը, ղեկավարներին, սակայն շարունակեց մնալ ռուսական ԿԳԲ-ի՝ «Լուբյանկայի մասնաճյուղը»: Մինչդեռ հենց այդ գերատեսչությունը պետք է լիներ Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության սպառնալիքների, այդ թվում եւ՝ օտարերկրյա գործակալական ցանցերի բացահայտողն ու չեզոքացնողը:
Ռուսական ԿԳԲ-ն համակարգում էր ոչ միայն իր գործակալական ցանցի եւ ՀՀ ազգային անվտանգության կառույցի գործունեությունը, այլեւ վերահսկում էր ՀՀ արտգործնախարարությունը եւ պաշտպանության համակարգը: Ռուսական ԿԳԲ-ին էին «պատկանում» Հայաստանի պետական անվտանգության ծառայության պահոցները, իսկ խորհրդային նախկին տարածքում ով տիրում էր անվտանգության պահոցներին, նա էլ տիրում էր իշխանությանը: Այդ իսկ պատճառով հայկական հեղափոխության ժամանակ, իշխանության հանձնման գործընթացում, այդ պահոցների զգալի մասն անհետացավ:
Ռուսական գործակալական ցանցը Հայաստանում վաղուց է դարձել քաղաքականություն կերտող՝ ներդրվելով եւ գործունեություն ծավալելով թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության դաշտում: Ռուսական ԿԳԲ-ն վերահսկում էր ոչ միայն ՀՀ իշխանություններին, այլեւ տարանուն ընդդիմությանը, որն իշխանության դեմ եւ իշխանության համար պայքարում ոչ միայն չի հակադրվել Հայաստանի ռուսականացման քաղաքականությանը, այլեւ գրեթե միշտ եղել է անթաքույց ռուսամետ: «Ռուսաստանի բարեկամները» ներդրվել են նաեւ Հայաստանում արեւմտամետի համարում ունեցող կուսակցություններ՝ վերահսկելով եւ ուղղորդելով կուսակցության գործունեությունը: Ռուսական ամբողջական վերահսկողության տակ գտնվող կուսակցական դաշտը նաեւ այդ պատճառով է Հայաստանի եւ հայ ժողովրդի համար վճռորոշ ժամանակներում միշտ անհաղորդ մնացել: Մոսկվայի գիտությամբ են ռուսաստանաբնակ հայ մեծահարուստները ֆինանսավորել հայաստանյան մի շարք կուսակցությունների գործունեությունը: Եվ եթե հայաստանյան ՀԿ-ների մեծ մասի գործունեությունը ֆինանսավորվում էր արեւմտյան աղբյուրներից, ապա կուսակցական գործունեությունը՝ Ռուսաստանից:
Հայաստանի ռուսական թղթապանակն անվերջ ավելանում էր եւ բազմապատկվում, հաստանում եւ հարստանում: Այդ թղթապանակի ռուսական գործակալական ցանցը Հայաստանի անկախացումից հետո ներդրվել է ՀՀ պետական կառավարման համակարգ, դարձել կադրային քաղաքականության ձեւավորման ազդեցիկ գործոն: ՀՀ բարձրագույն իշխանության մեջ միայն փոքրաթիվ գործիչներ են դուրս մնացել ռուսական վերահսկողությունից: Մոսկվան կարողացավ «վերցնել» նաեւ երբեմնի ընդգծված արեւմտամետ պետական-քաղաքական գործիչներին՝ Վազգեն Մանուկյանին եւ Դավիթ Շահնազարյանին, որոնք ժամանակի հետ դարձան Հայաստանում ռուսական գործոնի հաստատման ջատագովներ եւ ավելի ռուսամետ, քան անգամ երդվյալ ռուսամետներն էին:
Ամոթալի զավեշտն ու ցավալի իրականությունն այն է, որ ռուսական գործակալական ցանցը Հայաստանում գործել է ոչ միայն ազդեցության գործակալների, այլ նաեւ ՀՀ բարձրագույն իշխանության մակարդակով: Հայաստանում ռուսական գործոնի աճը, մեր երկրի ռուսականացման անկանգ գործընթացը, ՀՀ ինքնիշխանության հիմքերի խարխլումը վկայում են, որ ՀՀ քաղաքական ղեկավարության իմացությամբ եւ աջակցությամբ է Հայաստանը վերածվել ռուսական ֆորպոստի, երբ Հայաստանում տեղակայվել են ռուսական ռազմահենակետերը, Երեւանի օդանավակայանում՝ ռուս սահմանապահները, երբ ՌԴ-ին են հանձնվել ՀՀ տնտեսական հզորությունները, երբ Երեւանը մերժել է եվրաասոցացումը եւ հայտնվել ԵՏՄ-ում: Հայաստանում «Ռուսաստանի բարեկամները», իրականում՝ Հայաստանի ինքնիշխանության թշնամիները, տասնամյակներ շարունակ ջանադրաբար հերկել են այն հողը, ուր նետվել են Հայաստանի ռուսականացման սերմերը: Նրանք ձեւախեղել են հասարակական ընկալումները, թուլացրել հայ ժողովրդի հավաքական կամքն ու դիմադրողականությունը, դարձել Հայաստանում Մոսկվայի քաղաքականության տեղեկատվական-քարոզչական արշավորդները:
2018թ. հայկական թավշյա հեղափոխությունը ոչ միայն իշխանափոխություն պետք է իրականացներ Հայաստանում, այլեւ պետք է փոխեր՝ 1. քաղաքական համակարգը, 2. դատաիրավական համակարգը, 3. հասարակական-քաղաքական մտածողությունը, 4. արտաքին քաղաքականությունը: Սակայն հեղափոխության ձգտումներն արգելակվեցին հատկապես այս չորսում. քաղաքական համակարգը մնաց անփոփոխ, պարզապես Սերժ Սարգսյանի փոխարեն դրան տիրացավ Նիկոլ Փաշինյանը, կոռումպացված դատաիրավական ոլորտը մի մասով քաղաքականացվեց, մյուսով՝ ամլացավ, հանրային ընկալումները նոր ձեւախեղումների ենթարկվեցին, իսկ Հայաստանի արբանյակը շարունակեց մնալ ԵՏՄ-ում եւ պտտվել Մոսկվայի քաղաքական ուղեծրում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտածում էր ոչ թե քաղաքական փոփոխությունների իրականացման, այլ իր իշխանության վտանգների չեզոքացման մասին: Փաշինյանն իր իշխանության ամենամեծ վտանգը զգում էր Մոսկվայից, ուստիեւ հեղափոխությունից հետո շարունակեց Մոսկվային հաճոյանալու հին-նոր քաղաքականությունը: Հեղափոխության առաջնորդը չէր գիտակցում, որ անկախ իր քաղաքական հաճոյացման չափաբաժիններից, Մոսկվայի, անձամբ՝ Պուտինի համար նա երիցս անընդունելի էր նախեւառաջ եւ հատկապես այն պատճառով, որ իշխանության էր եկել փողոցից ու հրապարակներից: Հեղափոխությունն այն գիշերային մղձավանջն էր, որը մտատանջում է ՌԴ նախագահ Պուտինին՝ հատկապես հեղափոխության երկարատեւ սպասման մեջ գտնվող Ռուսաստանի դեպքում:
Իշխանության պահպանման վտանգին ականջալուր՝ Փաշինյանը ձեւավորեց ապաքաղաքական խորհրդարան եւ ապաշնորհ կառավարություն, որոնք իրեն առարկելու ձգտումներ չէին դրսեւորի: Իհարկե, ի տարբերություն իր նախորդների, Փաշինյանն իր կադրային քաղաքականությունը չէր համաձայնեցնում Մոսկվայի հետ, անգամ Արեւմուտքից էր կադրեր նշանակում (թեպետ Արեւմուտքից եկած Փաշինյանի աղմկահարույց կադրը՝ քաղավիացիայի վարչության դանիահայ պետը, հիմնովին կազմաքանդեց ոլորտը):
Հայկական հեղափոխության՝ իշխանության գալուց հետո Հայաստանում «Ռուսաստանի բարեկամների» առջեւ ԿԳԲ-ն նոր խնդիրներ էր դրել՝ ակտիվ սպասել Փաշինյանի «սայթաքումներին» կամ արագացնել նրա կառավարման ձախողումները, իսկ Փաշինյանը ձախողում եւ սայթաքում է անընդհատ՝ դյուրացնելով ռուսական ծրագրերի իրագործումը:
1996-ից հետո, բոլոր կեղծված ընտրությունների հետեւանքով Մոսկվան Հայաստանում իշխանություն է նշանակել եւ ընդդիմություն ձեւավորել:
Ապրիլյան հեղափոխությունից հետո Մոսկվան զրկվեց այդ հնարավորություններից, սակայն հեղափոխության մսխման հետեւանքով Մոսկվայի հին հույսերը նորից վերընձյուղվեցին: Իրականում Նիկոլ Փաշինյանը խիստ կարճ ժամանակ ունի ամեն ինչ արմատապես փոխելու՝ քաղաքական համակարգից մինչեւ կադրային քաղաքականություն, արտաքին քաղաքականությունից մինչեւ դատաիրավական համակարգ: Որքան էլ անողոք լինեն Փաշինյանի իշխանության հանդեպ մեր գնահատականներն ու մոտեցումները, Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ արժանապատվությունը պահանջում են կանգնեցնել ռուս չերնովների եւ ԿԳԲ-ական նոր արշավանքը Հայաստան:
Ռուսական «Դոսյե» կենտրոնի՝ Հարավային Կովկասի մասին հրապարակված զեկույցը փաստում է. «Եթե Հայաստանը բառացիորեն լցված է «Ռուսաստանի բարեկամներով», ապա հարեւան Ադրբեջանում գեներալ Չերնովի վարչությունը որոշակի դժվարությունների է բախվել»: «Դոսյեն» հիշատակում է Կրեմլի աշխատանքային փաստաթուղթը՝ ադրբեջանական ՀԿ-ների մասին, որոնք, ըստ Կրեմլի, «չեն մասնակցում ռուսական շահերի առաջխաղացմանը, ինչպես նաեւ ամբողջովին գտնվում են Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության տակ»: Այս կարեւոր ընդգծումը վկայում է՝ Ադրբեջանի իշխանության ու հասարակության համար երկրի ինքնիշխանությունը հավասարաչափ կարեւոր է:
Մինչդեռ Հայաստանի ռուսական թղթապանակի՝ հայտնի եւ անհայտ «Ռուսաստանի բարեկամները» ՀՀ ինքնիշխանության անվերջ փոքրացող դաշտն անկանգ հերկում-սերմանում են՝ ռուսական գործոնի ընդլայնման եւ Հայաստանում ռուսական տիրապետության հավերժացման համար: Եվ նոր Հայաստանը շարունակում է հիշեցնել հավերժորեն հինը:
Կարծիքներ