Պարտության դառը մրուր

Պարտության դառը մրուր

Աշոտ Աբրահամյանին, ով իմ դասախոսն էր, ժամանակին հարց էի տվել՝ ինչու՞ ձեր դասախոսությունը լսելուց հասկանում ենք, իսկ մյուսներինը՝ ոչ։ Լեզվաբանության պրոֆեսոր էր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, տիրապետում էր տասնյակ լեզուների, հարյուրավոր գիտական աշխատությունների հեղինակ։ Նա թեման այնպես էր բացատրում, ասես՝ ,, հալում, լցնում էր գլուխդ,,։ Տանը պարապելու կարիք չկար։ Դասախոսս իմ հարցին Ժպիտով կատակեց՝ ուրեմն ես հասկանում եմ թեման։ Այդ հումորով պատասխանը, որի մեջ իրականում մեծ իմաստություն ու խորհուրդ կար, կյանքում շատ դժվար հարցերի առաջ կանգնելուց է օգնել ինձ։ Շատ անգամ եմ լսել քաղաքագետների, միջազգայնագետների, փորձագետների, ղեկավարների նմանօրինակ, «դրիսիրովկա արած» մեկնաբանությունները, որոնցից ոչինչ չեմ հասկացել ու մտածել եմ, որ իրենք չեն հասկացել թեման, որպեսզի կարողանան մատչելի, պարզ լեզվով բացատրել։ Իսկ երբ Երբ Սարոյանին ճանաչեցի, հասկացա, որ իրադարձությունները պետք է պարզ բացատրել։ 

Եթե հասարակությունը չի հասկանում, թե իր երկրի հետ ինչ է կատարվում, ուրեմն «դասախոսողին» պետք է փոխել։ Ասելիքս ի՞նչ է, սարուձոր չընկնեմ։ Վեց տարի է, չենք հասկանում, թե Փաշինյանն ինչ դասախոսություն է կարդում։ Ճառաճամարտակություններ, ուրիշ ոչինչ։ Վեց տարվա մեջ չհասկացանք անգամ, թե ինչ է դասավանդում, ի՞նչ առարկայի մասնագետ է, ինքը իր ասածից բան հասկանու՞մ է։ Ցանկացած ՀՀ քաղաքացու որ հարցնես, թե ի՞նչ ուղղությամբ է մեր երկիրը գնում, կհարցնի՝ մեր երկիրն ուղղություն ունի՞, պարզապես ցած է գլորվում․․․

Փաշինյանը ՀՀ սուվերեն տարածքից զորքը հետ քաշելու հրաման տվեց։ ՀՀ տարածքներ, մարտավարական դիրքեր, մայրուղի հանձնեց թշնամուն, անգամ գյուղեր կիսեց թշնամու հետ ու Ազգային ժողովում խոսում է ՀՀ ինքնիշխանությունից, տնտեսական զարգացումից։ Ինքը հասկանու՞մ է, թե ինչ բան է ինքնիշխանությունը։ Ինքնիշխան պետության ղեկավարը իր երկրի անվտանգության երաշխավորն է։ Նա թեկուզ մի սմ թույլ չի տա, որ թշնամին մտնի իր տարածք, գրավի ռազմավարական բարձունքներ։ ՀՀ ինքնիշխան տարածքից Սև լիճը հանձնեց ու թե՝ բա արժե՞ Սև լճի 30 տոկոսի կամ ձյունոտ տարածքների համար պատերազմ սկսել։ Ուզում եմ հասկանալ՝ ինքը Հայաստանի անվտանգության երաշխավո՞րն է, թե՞ ամեն ձախողումից հետո պատճառաբանություն բերողը։ Վեց տարի է նմանվում է այն աշակերտին, որ երբ ասում ես՝ ինչու՞ տնային առաջադրանքդ չես կատարել, մի պատճառ է բերում։ Մինչդեռ կարող էր պարզ ասել՝ մարդիկ, ես անկարող եմ, որովհետև պարտությունից հետո երկրի ղեկին մնալը ողբերգություն թյուն է։ Պարտությունից հետո ձայն չես ունենում։ Պարտության շարունակությունը երկրիդ նվաստացումն է։ 

Մի՞թե նա չի ճաշակում խայտառակ պարտությունից հետո իր մնալու ողջ դառնության պտուղները։ Երկիրը փոշիանում է։ Հաղթած երկիրը իր հետ սպառնալիքով, վերջնագրերով է խոսում։ Իր ձայնը չի լսվում։ Լսե՞լ եք, որ նա երբևէ արձագանքի Ադրբեջանի ծաղրին, նվաստացմանը։ Այդպես էլ պիտի լիներ։ Պարտության մրուրը, տակուծքը, տիղմը ոչ թե իրեն, այլ երկիրն է անդունդ տանում։ Հաղթած երկիրը ինչ ներդրում, ջանք ասես կգործադրի ու գործադրում է, որ պարտվածին պահի։ Որովհետև ոչ ոք այնպես չի ծառայի իրեն, ինչպես իր կողմից ջախջախվածը։ Իսկ դուք ասում եք՝ ո՞վ է Փաշինյանին պահում։