Եթե դուք Հայոց անկախության կողմնակից եք, ապա այդ օրը պետք է ռազմական շքերթ լիներ

Եթե դուք Հայոց անկախության կողմնակից եք, ապա այդ օրը պետք է ռազմական շքերթ լիներ

Հարցազրույց «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանի հետ

- Սեպտեմբերի 21-ին՝ անկախության օրվա առթիվ, «գունագեղ» տոնակատարություն է տեղի ունենալու, եւ հսկայական գումար է ծախսվելու այդ տոնը կազմակերպելու համար։

- Նախ ասեմ, որ այս դեպքում ֆինանսներն ինձ համար վերջին տեղում են, բայց, այնուամենայնիվ, հետաքրքրում են այնքանով, որքանով որ այդ ֆինանսների կարիքն ունենք սահմանին, շատ ավելի տեղեր կան, որ կարելի է ծախսել, հենց միայն նշենք այն, որ պետպատվերով բուժումը կասեցված է, վերջերս կարդացի, որ անգամ թոշակներն ու նպաստներն են հետաձգել, որովհետեւ ֆինանսներ չկան, եւ հանկարծ այդ պայմաններում 2 միլիոն դոլարի չափով գումար տրամադրել…, եթե անգամ դա տրվում է անհատներից։ Շատ պարզ պատճառով վրդովմունք առաջացրեց, որովհետեւ նշվեց, որ այդ «գունագեղ» տոնակատարությունը նվիրվում է մեր տղաների հիշատակին։ Թվում է, թե մեր տղաները մահացած են, բայց կան կենդանի մարդիկ, որոնք մահացածից ավելի մահացած են, եւ ես իրենց խորհուրդ կտայի, որ իրենք իրենց զավակներին նվիրեին «գունագեղ» տոնակատարությունը, մեր զավակներից հեռու մնային։ Այդ զավակներն իրենց համար չեն ընկել, իրենց դավադրության պատճառով են ընկել։ Ցանկացած գիտակից մարդ, որը հասկանում է, թե ինչ վիճակում է Հայաստանը, չէր կարող անտարբեր մնալ եւ այդ ծաղրին պատասխան չտալ չէր կարող։ Ինչո՞ւ արվեց այդ հայտարարությունը։ Ոմանք ասում են՝ միամիտ արվեց․ իրենց մոտ ամեն ինչ միամիտ է, անգամ պատերազմը սկսվեց միամիտ, Շուշին է միամիտ հանձնվում, սահմաններն են միամիտ հետ քաշվում։ Ես կարծում եմ՝ 2 նպատակ կարող էր լինել, որ ատելություն գեներացվեր, եւ երկրորդը՝ իրենք փորձում են մոռացության մատնել։ Ի՞նչ տոնելու բան է, եթե դուք Հայոց անկախության կողմնակից եք, ապա այդ օրը պետք է ռազմական շքերթ լիներ, առաջին շարքերում պիտի քայլեին զոհվածների ծնողները։

- Դուք հայտարարել էիք, թե վախենում եք, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը տեղի կունենան լրջագույն գործընթացներ, որոնց մասին հանրությունը կիմանա ուշացումով։ Ի՞նչ գործընթացներ եք կանխատեսում։

- Ես հիմա էլ մտավախություն ունեմ, որ գործընթացներ են տեղի ունեցել, այն, որ վարչապետը գյուղերի անուններն ադրբեջանական տեղանուններով է տալիս, դա արդեն նշանակում է, որ գործընթաց կա, եւ եթե ստորագրված է, կատարում են իրենց պարտավորվածությունները։ Ես կարծում եմ՝ մինչեւ հոկտեմբեր մենք շատ բաներ կիմանանք, եւ դա կլինի ցավոտ։ Թող ես սխալվեմ, իմ մտահոգությունները լինեն միայն իմը։ Ես 3 տարի առաջ հրապարակում կանգած ասել եմ՝ վատ բան եմ կանխազգում, ցավոք, չսխալվեցի, շատ ավելին կատարվեց։

- «5165 շարժումը» հայտարարություն էր տարածել, թե այլ քաղաքական ուժերի հետ համատեղ անհնազանդության գործողություններ կարող են լինել։ Ո՞ր ուժերի հետ եք համագործակցել, ե՞րբ են լինելու այդ ակցիաները։

- Մենք զգուշացրել էինք, որ եթե բացահայտ չհայտարարվի, թե որն է խաղաղության գինը, եւ եթե ժողովրդի հետեւում կատարվի այդ ամեն ինչը, ապա մենք պատրաստ ենք ինքներս գլխավորել եւ համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք կմիանան եւ կհասկանան, որ մենք կորցնում ենք հայրենիք։ Մենք սեպտեմբերի 21-ին էլ դուրս ենք գալու Ազատության հրապարակ, ով որ կգա, կգա որպես պարզապես հայ, ծնող, որոնց սիրտը ցավում է իրենց կորցրած զավակների համար։ Այլեւս միայն կոչերով հանդես գալու ժամանակներն անցել են, պետք է գնալ կտրուկ գործողությունների, ժողովրդին հանել ոտքի, թույլ չտալ, որ մեր հայրենիքը հանձնեն։

- Ժողովրդին ո՞նց եք ոտքի հանելու, երբ իշխանությունը 50 պլյուս ձայն է հավաքել եւ հայտարարում է, որ ժողովուրդն է այդ մանդատն իրենց տվել։

- Իրենք այդքան ձայն չեն հավաքել, իրենք ընդամենը 25 տոկոս ձայն են հավաքել։ Բնականաբար, ես չեմ հավատում, որ ՀՀ-ում իշխանության լինեն ուժեր եւ չկեղծեն, իրենք ամբողջ պետական ապարատն օգտագործեցին։ Մենք շատ լավ գիտենք, որ այս ընտրությունում հակառակի ուժը գործեց։ Ինչպե՞ս հանել ժողովրդին․ ես կարծում եմ, որ պետք է կռիվ տալ, գնալ ծայրահեղ գործողությունների, չպետք է վախենալ։

- Բարեփոխումների անվան տակ ցանկանում են պարտադիր զինծառայությունը 1,5 տարի դարձնել, բայց այժմ եռամսյա զորահավաքներ են։ Այս ամենում տրամաբանություն տեսնո՞ւմ եք։

- Այո, իրենց տրամաբանությունը տեսնում եմ․ իրենք քանդում են եւ դա անում են այնպիսի միջոցառումային վարագույրների ետեւում, որ նա, ով խոր վերլուծել չգիտի, ասի՝ տեսեք, զորահավաքներ են անում։ Բարեփոխումների անվան տակ բանակի կրճատումը մենք գիտենք, թե ինչ նպատակով է արվում, որովհետեւ իրենք խոստացել են Ադրբեջանին։ Ադրբեջանը շատ ավելի ազնիվ է, անկեղծ է մեզ հետ, քան թե մեր իշխանությունը։ Ադրբեջանն ասում է, որ Հայաստանն այլեւս բանակ ունենալու կարիք չունի, որովհետեւ մենք սահմանները բացում ենք, դուք մեր ուզածն անում եք։ Ես Հայաստանում իշխանություն չեմ տեսնում, տեսնում եմ կամակատարների։

- Եռաբլուրում հուղարկավորված զինծառայողների գերեզմանների կառուցապատման նախագիծ-առաջարկ եղավ։ Որոշ ծնողներ այդ առաջարկին ընդդիմացան։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում։

- Եռաբլուրում մի տեսակ այլ Հայաստան է ձեւավորվել, ամեն երեկո հավաքվում ենք, ուզենք թե չուզենք՝ «հարեւանություն» ենք անում, այդ ընթացքում հնարավոր չէ, որ զրույցներ չլինեն։ Ցավում եմ, որ մենք՝ ծնողներով, չկարողացանք խոսել, զրուցել այդ մասին։ Այդ բետոնապատումն ամենավատ վերաբերմունքն էր մեր զավակների հիշատակին։ Դուք անգամ ափսոսացիք գումարը, որ շիրիմներ կառուցեիք՝  չանսալով այն իմաստուն խոսքին՝ «հողը թեթեւ լինի վրադ», հիմա պիտի փոխենք այդ ասույթը եւ ասենք՝ «բետոնը ծանր լինի վրադ»։ Ես իմ զավակի վրա թույլ չեմ տվել բետոնապատել։

- ՀՀ արդարադատության նախարարությունը Ձեզ հրավիրել էր քննարկման՝ սահմանադրական բարեփոխումների թեմայով, Ձեր լուսանկարով հայտարարություն էին տարածել, սակայն ավելի ուշ Դուք ասացիք, որ չեք մասնակցել այդ քննարկմանը եւ դուրս եք եկել։

- Մենք դրանից մի քանի օր առաջ նամակ էինք հղել երկրի վարչապետին՝ պահանջով, որ բացահայտ հրապարակվի, թե ինչ պայմանավորվածությունների արդյունքում է կնքվելու պայմանագիրը, եւ ինչ է արժանանալու իրենց բերած խաղաղությունը։ Ես երբ զանգը ստացա եւ լսեցի «արդարադատության նախարարություն» անունը, միտք հղացավ, որ մենք կգնանք եւ կպահանջենք, որ Հայաստանում գործի օրենքը եւ հենց վարչապետի համար գործի։ Ես պահանջեցի նախարարից, որ նամակը տեղ հասցվի եւ պատասխանը ներկայացվի, եւ մենք հեռացել ենք։