Ամուլսարը եւ ռուսները

Ամուլսարը եւ ռուսները

Ամուլսարը, որի շահագործումը հետաձգվեց նախ Ամուլսարի պահապանների, տարբեր բնապահպանների, քաղաքական-հասարակական գործիչների կոշտ արձագանքից, ապա դրան հետեւած՝ իշխանությունների սպասողական կեցվածքից հետո, ինչպեսեւ կորոնավիրուսի, պատերազմի, հետպատերազմյան իրողությունների պատճառով, դեռ վաղուցվանից հետաքրքրում էր ռուսներին։ Այդ մասին պարբերաբար լուրեր էին շրջանառվում: 

Երբ Ամուլսարի մոտ դիրքեր խփած ու այն պահպանող ակտիվիստների եւ «Լիդիան Արմենիայի» միջեւ բախումներ էին տեղի ունենում, կամ դրանց հետ կապված մայրաքաղաքում ակցիաներ էին լինում, ուղղափառ արեւմտամետ գործիչ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարում էր, թե այդ տրամադրությունները հրահրվում եւ գեներացվում են ռուսների ֆինանսավորմամբ։ Նա պարբերաբար կոչ էր անում` վերսկսել Ամուլսարի շինարարությունը եւ գործարկել հանքի արդյունահանումը: Ռուսական մամուլն իրապես չեզոք կամ բացասական նրբերանգներով (օրինակ՝ Lenta.ru-ի մի վերնագիր․ «Ամուլսարի դժվար ոսկին») էր անդրադառնում «Լիդիանի» կողմից հանքի շահագործման հնարավորություններին։ 

Բայց անցավ ժամանակ, բնապահպանական խնդիրները մղվեցին հետին պլան, Ամուլսարի դեմ անդուլ պայքարողները հետ քաշվեցին, ոմանք ասում են` ֆինանսավորումն ավարտվեց, եւ լուրեր տարածվեցին, որ «ռուսներն առել են Ամուլսարը»: Ջերմուկ համայնքի մեր աղբյուրներն ասում են, որ հանքը ներկա պահին տնօրինվում է ռուսական ընկերության կողմից։ 

ՔՈ-ից հեռացած Սուրեն Սահակյանը, որը մշտապես պայքարում էր, որ Ամուլսարը սար մնա, մեզ հետ զրույցում ասաց․ «Ես տեղյակ եմ, որ չի շահագործվում, ռուսները դեռ չեն մտել։ «Լիդիանի» կողմից ինչ-որ ցանկություն կա՝ վաճառելու, պոտենցիալ գնորդները, որքան գիտեմ՝ ռուսներ են, բայց նման գործարք դեռ տեղի չի ունեցել»։

Այլ աղբյուրից եւս տեղեկացանք, որ իրականում խնդիրն այն է, որ «Լիդիանն» ուզում են վաճառել, ռուսները հետաքրքրված են, սակայն կոնկրետ առքուվաճառքի գործարքի մասին այս պահին դեռ հնարավոր չէ խոսել։ Մեր զրուցակիցը հաստատեց, որ պոտենցիալ գնորդ ընկերությունը մարդիկ է ուղարկել հանք, որոնք հետաքրքրվել են, թե ինչ վիճակում է հանքը, բացելու ինչ հեռանկարներ կան, ու գնացել են։ Գնալուց առաջ էլ ծանոթացել են բնապահպանների արձագանքին, որ «թողող չկա, կապ չունի՝ «Լիդիանն» է, թե ով»: Նրանք էլ ասել են, որ իրենց էլ ձեռնտու չէ՝ աղմուկ, դիմադրություն եւ այլն։

Հայաստանի բնապահպանական ճակատի ղեկավար Լեւոն Գալստյանը, որն Ամուլսարի շահագործման դեմ պայքարի կազմակերպիչներից էր, մեզ ասաց, որ նման ահազանգի մասին իրենք մոտ 2 ամիս առաջ բարձրաձայնել են իրենց ֆեյսբուքյան էջով։ Մասնավորապես, որ «Հայաստանում ավերիչ գործունեություն ծավալող, օֆշորներում գրանցված «Գեոպրոմայնինգը» եւ ինչ-որ Highland Gold Mining օֆշորային ընկերություն մտմտում են «Լիդիանի» հետ գործարք կնքելու շուրջ եւ ձեռք են բերել Ամուլսարի հետ կապված թույլտվություններ»։

Այնուամենայնիվ, հանքի շահագործման հնարավորությունը բնավ էլ ֆանտաստիկայի ժանրից չէ, քանի որ իրավական առումով՝ հանքի շահագործման թույլտվությունը վաղուց կար, պարզապես հանքը 2018թ․ իշխանափոխությունից հետո փակ էր քաղաքական դրդապատճառներով, հետեւաբար, նույն քաղաքական դրդապատճառներով էլ կարող է բացվել։ Արդեն այս տարեսկզբին ընդդիմադիր շրջանակների որոշ տնտեսագետներ պնդում էին, թե շահագործման վերաբերյալ քաղաքական որոշման կայացման համար կարող էր վճռորոշ դառնալ միջազգային շուկայում մեկ տարվա ընթացքում մետաղների, այդ թվում ոսկու գների, շեշտակի՝ շուրջ 9 տոկոսանոց աճը, ինչպես նաեւ պատերազմից հետո մեր տնտեսության աղետալի վիճակն ու ներդրումների բացակայությունը:

Հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման հարցն իշխանությունը բաց վիճակում էր թողել 2020 թվականի օգոստոսի սկզբին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ամուլսարի հարցը հայտնվել է փակուղային իրավիճակում, եւ խնդիրը հնարավոր չէ լուծել, քանի դեռ դեպի սար տանող ճանապարհները փակ են։ 

Իսկ արդեն այս տարվա հունվարին` Նվեր Մնացականյանի եթերում հայտարարեց, թե մեծ է հավանականությունը, որ հանքը կբացվի։ «Ուզում եմ հիշեցնել, որ Ամուլսարի հետ կապված՝ ես շատ կարեւոր էի համարում անվտանգային կոմպոնենտը` ասելով, որ տեսեք՝ պատերազմական իրավիճակի մեջ ենք, եւ երբ պատերազմ սկսվի, տուրիստների հոսքը չի շարունակվելու մեր երկիր: Այդ ժամանակ մենք արժութային խնդիրների առաջ կարող ենք կանգնել: Եվ այդ իրավիճակում կոնկրետ հանքարդյունաբերությունն է, որ երկրի համար երաշխավորում է վալյուտային հոսքեր»,- ասել էր նա: