Փաշինյանն իր ընդդիմությունն է կերտում

Փաշինյանն իր ընդդիմությունն է կերտում

Կար ժամանակ, երբ քաղաքական ուժերի համար խիստ կենսական էին ՏԻՄ ընտրությունները, որոնք մեզանում դիտարկվում էին որպես ուղիղ տրամպլին՝ համապետական  ընտրություններում հաղթելու եւ, առհասարակ` հնարավորինս մեծ լծակներ տիրապետելու համար: Նույն «Քաղպայմանագրի» վերելքը սկսվեց Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի գյուղապետի ընտրություններում հաղթանակից, երբ դեռեւս 18-ի դեպքերից առաջ այստեղ գյուղապետ դարձավ Գարիկ Սարգսյանը:

Զարմանալիորեն, այսօրվա քաղաքական ակտիվ ուժերը հետաքրքրություն չեն ցուցաբերում դրանց նկատմամբ: Հիմնականում ակտիվ են իշխանությունը եւ իշխանության գրպանային ընդդիմության ներկայացուցիչները: Աշնանային ՏԻՄ ընտրություններին մասնակցելու լուրջ հայտ է ներկայացրել, օրինակ, «Ապրելու երկիր» նորաթուխ կուսակցությունը, որի ֆինանսական մեկենասները, ըստ որոշ լուրերի, գործարար Ռուբեն Վարդանյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն են, իսկ կուսակցության կնքահայրը՝ թերեւս Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցության երեւացող դեմքերը, որոնք կուսակցության ղեկավար կազմն են ներկայացնում, Արցախի եւ Հայաստանի նախկին սոցապնախարարներ Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանն են։

Վերջինս ԼՀԿ-ից ընտրված պատգամավոր էր, 2020-ի օգոստոսին վայր դրեց մանդատը, դուրս եկավ ԼՀԿ-ից՝ պատճառաբանելով առողջական բարդ խնդիրներով, թեպետ հենց այդ ժամանակ էլ խոսվում էր, որ Փաշինյանի մատն է խառը, Մանեի հետ կապված հեռահար պլաններ ունեին: Ապա անսպասելիորեն հայտնվեց Արցախում` նշանակվեց Արցախի սոցապնախարար, հետո նույնքան անսպասելի հրաժարական ներկայացրեց՝ մուտք գործելով ակտիվ քաղաքականություն` կուսակցության ղեկավարի տեսքով։ 

«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցության հայտ է ներկայացրել գրեթե բոլոր խոշոր համայնքներում, որտեղ հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված, բացառությամբ՝ Գորիսի։ Ըստ տեղեկությունների, Փաշինյանը, ի դեմս նորահայտ այս ուժի, ցանկանում է իր համար ընդունելի ընդդիմություն կերտել քաղաքական դաշտում, հետագայում` գուցե նաեւ իշխանության ժառանգորդ:

Սյունիքի Տաթեւ համայնքում այս կուսակցության քաղաքապետացուն Մարատ Գերասիմյանն է` համայնքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը։ Մեղրիում՝ Վարդան Հայրապետյանը, որը ՎՏԲ բանկի աշխատակից է: Մեղրիում խոսում են, որ նա եւ հայրն ԱԺ ընտրություններին եղել են Ռոբերտ Քոչարյանի ակտիվ աջակիցները։ Տեղ համայնքում էլ նրանց թեկնածուն Արավուսի համայնքապետ Արգամ Հովսեփյանն է։

Գյումրիում «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը, ով սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավարն է: Դիլիջանի ընտրություններում՝ Արմինե Հովհաննիսյանը, ով Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրենն է: 

Ինչպես հայտնի է, Հայաստանի մի շարք մարզերում այդ օրը ընտրություններ են, բայց հատկապես կարեւոր են 6 խոշոր համայնքներում կայանալիք ընտրությունները՝ Գյումրի, Գորիս, Մեղրի, Տաթեւ եւ Տեղ: Հիշեցնենք, որ ընտրություններն անցնելու են համամասնական ընտրակարգով՝ ընտրողները քվեարկելու են ոչ թե կոնկրետ անձի, այլ քաղաքական ուժի օգտին, եւ ձեւավորվելու է ավագանի, ապա մեծամասնություն կազմող ուժի թեկնածուն՝ ցուցակի առաջին համարը, դառնալու է համայնքապետ։ Առաջադրումների ժամկետն արդեն ավարտվել է, պատկերը, մեղմ ասած, տարակուսելի է։

Ի սկզբանե պարզ է, որ իշխանությունը կնվաճի բոլոր համայնքները, քանի որ բոլոր համայնքներում ունի թեկնածուներ եւ չունի իրական մրցակիցներ։ Թվում էր, թե խորհրդարան անցած ընդդիմությունը իշխանափոխության իր հռչակած պայքարը կշարունակի մարզերում՝ հունիսի 20-ի ձախողված փորձը կյանքի կոչելով լոկալ մակարդակներում եւ ապագայում հեշտացնելով ամբողջական իշխանափոխության խնդրի լուծումը։

Սակայն «Հայաստան» դաշինքն ընդամենը երկու համայնքում է մասնակցելու ընտրություններին, այն էլ ոչ դաշինքով․ աջակցելու է այլ քաղաքական միավորներով առաջադրված թեկնածուներին։ Գյումրիում նա Կարապետ Պողոսյանն է, ով «Թասիբով» դաշինքով է առաջադրվել։ Հունիսին նա համակարգում էր «Հայաստան» դաշինքի տարածքային շտաբը, իսկ Գորիսում դաշինքի պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանն առաջադրվել է «Առուշանյաններ» դաշինքով, որը հատուկ ձեւավորվել է ՏԻՄ-ի առիթով։

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ երկու կուսակցություններն էլ առանձին են մասնակցում ընտրություններին, Հանրապետականը Գյումրիում է հայտ ներկայացրել՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբորորդու թեկնածությամբ, «Հայրենիքը»՝ Դիլիջանում։ 

ՏԻՄ ընտրությունների այս փուլին ներգրավված չեն նախկին խորհրդարանական ընդդիմադիրներ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն։ Ի դեպ, Մեղրիում եւ Դիլիջանում անգամ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունն է մասնակցության հայտ ներկայացրել, որն ընտրություններին չհաղթահարեց անցողիկ շեմը: Մեկական համայնքում պայքարին ներգրավված են նաեւ Ազատական, ՔՈ, կոմունիստական, ՀԱԿ եւ այլ կուսակցություններ։