Հայաստանի ետին խելքը եւ այժմյան քայլերը

Հայաստանի ետին խելքը եւ այժմյան քայլերը

Ես առիթ ունեցել եմ սա գրելու եւ ապագայում ավելի մանրամասն մի հոդվածով կանդրադառնամ, թե ինչու Հայաստանի, ավելի ստույգ` Փաշինյանի մեծագույն սխալը 44-օրյա պատերազմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առջեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հարցը պաշտոնապես չբարձրացնելն էր: Հենց ՄԱԿ-ի խորհրդում Ադրբեջանի ագրեսիայի հարցը չբարձրացնելը թույլ տվեց «ոխերիմ դաշնակից» Ռուսաստանին գործողությամբ կամ անգործությամբ (օրինակ, հայ-ռուսական համատեղ շահագործման ներքո գտնվող հակաօդային պաշտպանության համակարգը պարբերաբար անջատելով եւ թուրքական բայրաքթարների համար մեր զորամիավորումներն անպաշտպան դարձնելով) նպաստել Ադրբեջանի առաջխաղացմանը, որպեսզի վերջում Հայաստանին մղի փակուղի եւ պարտադրի Պուտին-Ալիեւ-Փաշինյան խուժանապետության հղացած նոյեմբերի 9-ի հայտարարությունը: 

Զուր չէ, որ հիմա, երբ միջազգային հանրությունը` ի դեմս ԱՄՆ-ի, ԵԱՀԿ-ի եւ ԵՄ-ի, շարժվում է Մինսկի գործընթացը վերաակտիվացնելու եւ ԼՂՀ խնդրի քաղաքական կարգավորման գնալու ուղղությամբ (առայժմ այդ մասին օրումեջ հայտարարություններ տարածելով), Ալիեւը պատեպատ է զարնվում, թե ինքը Ռուսաստանի երաշխավորությամբ նոյեմբերի 9-ին կարգավորել է ԼՂՀ խնդիրը, եւ թող Ռուսաստանն աշխարհին դա բացատրի: Ռուսաստանը, իհարկե, ոչ մեկին ոչինչ չի կարող բացատրել նոյեմբերի 9-ի առնչությամբ, բացի նրանից, որ երկրագնդի վրա իր հատուկենտ դաշնակիցներից մեկի` Հայաստանի հանդեպ ստոր վարք է դրսեւորել հանուն ֆիզիկապես Հարավային Կովկասում հայտնվելու: 

Աշխարհում երեւի միայն Լեռնային Ղարաբաղի հայությունը եւ Հայաստանի ազգաբնակչության որոշ հատվածներն էին (հիմնականում առեւտրային, ֆինանսական, քաղաքական, քրեական լարերով Ռուսաստանի հետ կապված անձինք, մասամբ էլ մտածողությամբ եւ աշխարհընկալմամբ վաղուց գոյություն չունեցող ԽՍՀՄ-ում մնացածները), որ Ռուսաստանից այլ վարք են ակնկալել, բայց 44-օրյա պատերազմը նրանց օդային պատրանքներն էլ սասանեց: Իսկ Փաշինյանը, երեւում է, ետին թվով գիտակցել է ռուսական ազդեցությամբ շարժվելու կործանարարությունը եւ այժմ կատարում է այն քայլերը, որոնք 44-օրյա պատերազմում կատարելու դեպքում կբացառվեին թե՛ մեր կողմից այդքան զոհ տալը, թե՛ Ֆիզուլի-Ջեբրաիլից այն կողմ Ադրբեջանին որեւէ տարածք զիջելը: 
2020-ին պետք էր ոչ թե աղաղակել, թե Ադրբեջանն է խախտում զինադադարը, եւ ամեն հրադադարից հետո շարունակել պատերազմել, այլ կանգ առնել եւ պահանջել, որ աշխարհն Ադրբեջանին կարգի հրավիրի եւ ագրեսիան դադարեցնի:

Հիմա Հայաստանը հենց դա է անում եւ միանգամայն գրագետ: Մեր տարածքի եւ մեր տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորականների հանդեպ լիակատար վերահսկողություն հաստատելուց հետո այժմ ունենալով Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության արձանագրված փաստ, հետեւաբար եւ՝ իրական սպառնալիք, դիմել է նախ ՀԱՊԿ կոչվող անգործունակ կառույցին, ապա «ոխերիմ բարեկամ» Ռուսաստանին` կատարելու իրենց դաշնակցային պարտավորությունները Հայաստանի հանդեպ: Արդեն քանի օր ո՛չ ՀԱՊԿ-ն, ո՛չ ոխերիմ բարեկամը առանձնապես տեղից չեն շարժվում: Ընդսմին, ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էլ երեկ այնտեղ էր հասել, որ սկսել էր Հայաստանի փոխարեն Հայաստանի համար ստեղծված սպառնալիքներ գնահատել եւ ճամարտակել, թե սահմանային լարումը սահմանազատման գործընթացի հետ է կապված, այսինքն՝ ադրբեջանական նեյնիմը կրկնել:

Հետո էլ ճառել է, թե ռազմական գործողություններ չկան՝ դրանով արդարացնելով Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ-ի եւ ՌԴ-ի դաշնակցային պարտավորությունները չկատարելը: Հայաստանյան տգետներն էլ մեջտեղ են ընկել, թե եթե պատերազմ չի ընթանում, Ռուսաստանն ինչի՞ն մասնակցի: Ուրեմն բոլոր այդ տգետներին պետք է հիշեցնել, որ Ռուսաստանի եւ Լատվիայի, Ռուսաստանի եւ Լիտվայի, Ռուսաստանի եւ Էստոնիայի, Ռուսաստանի եւ Լեհաստանի միջեւ նույնպես ռազմական գործողություններ չեն ընթանում, կան միայն Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի եւ մյուսների իրական կամ չափազանցված վախերը, որ Ռուսաստանը կարող է ներխուժել իրենց տարածք եւ սպառնում է իրենց տարածքային ամբողջականությանը: Այդ սպառնալիքը լոկ բավական է եղել, որպեսզի 2016-ից մինչեւ այսօր, հինգ տարի շարունակ ՆԱՏՕ-ի կազմում գործող ամերիկյան, բրիտանական, գերմանական, ֆրանսիական, կարծեմ եւս մեկ-երկու արեւելաեվրոպական երկրների ազգային ստորաբաժանումներ 6-ամսյա ռոտացիաներով միմյանց փոխարինելով՝ մարտական հերթապահությամբ հսկեն Ռուսաստանի հետ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի սահմանները: Դա է ռազմական դաշինքն ու դաշնակցությունը: 

Այնպես որ, ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը թող գլուխ չցավեցնեն եւ բարեհաճեն այնպես պաշտպանել Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը ադրբեջանական սպառնալիքից, ինչպես ՆԱՏՕ-ն է պաշտպանում Ռուսաստանին սահմանակից լինելու դժբախտությունն ունեցող իր անդամ-երկրներին, ինչպես ԱՄՆ-ն է պաշտպանություն իրականացնում Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի համար: Ճապոնիայում կամ Կորեայում, Լեհաստանում կամ Էստոնիայում կգտնվի՞ մի տխմար, որը կարծի, թե հենց իրենք պետք է իրենց պաշտպանեն թշնամուց. այդ դեպքում ռազմական դաշինքներ կնքելու իմաստը ո՞րը կլինի: 
Հետեւաբար, առանց մարդկանց ականջներից լապշաներ կախելու, կա՛մ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն թող բարեհաճեն իրենց դաշնակցային պարտավորությունների շրջանակում գալ եւ Հայաստանի սահմանի պաշտպանությունն իրականացնել՝ ընդդեմ Ադրբեջանի, կա՛մ թող գնան գրողի ծոցը, եւ Հայաստանը ՄԱԿ կանոնադրությամբ նախատեսված ընթացակարգով իր անձեռնմխելիությունն ու անվտանգությունը կպաշտպանի` ՄԱԿ մանդատով Հայաստան բերելով ֆրանսիական ու ոչ միայն ֆրանսիական խաղաղապահ ուժեր: ՄԱԿ կառուցակարգերի գործարկմամբ մեզ պաշտպանելու մտադրության մասին երեկ ՀՀ ԱԳ փոխնախարարն արդեն հայտարարել է Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին: