Ոչ թե վտանգի, այլ շատ մեծ վտանգի առաջ ենք կանգնած

Ոչ թե վտանգի, այլ շատ մեծ վտանգի առաջ ենք կանգնած

Հարցազրույց գրականագետ Դավիթ Գասպարյանի հետ

 - Պարոն Գասպարյան, մեկ շաբաթ է արդեն՝ ադրբեջանական զինուժը հատել է ՀՀ սահմանները Սյունիքում եւ Գեղարքունիքում։ Պատերազմի վերսկսման հավանականություն տեսնո՞ւմ եք այսօր։

- Մտահոգություններս ծանր են, նույնիսկ՝ ճակատագրական։ Կանգնած ենք շատ բախտորոշ իրադրության առջեւ։ Թշնամին մնում է թշնամի, եւ թշնամուց այլ բան չպետք է սպասենք, բայց գոնե պետք է պատրաստ լինենք նրան դիմագրավելու։ Կան բաներ, որ այսպես՝ քայլ առ քայլ տարանք դեպի ոգու անկում. եթե պաշտոնապես հայտարարվում է, որ Շուշին մերը չէ, որ Նժդեհը ֆաշիստ է, երբ Հայ գրականության դասագրքից հանում են «հայ» բառը, երբ ազգային արժեքները տրորելով գնում են, դրա ընթացքն էլ սա պետք է լիներ։ Մենք նախեւառաջ ոգեպես տանուլ տվեցինք պատերազմը։ Այս պատերազմն արդեն բախում է մեր դուռը եւ մտնում ներս։ Այս փաստը ես մահացու ծանր եմ տանում։

- Այս իրավիճակում ո՞րը պետք է լինի մեր անելիքը, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի Սյունիքն էլ Շուշիի ճակատագրին չարժանանա։ 

- Մենք ՀԱՊԿ անդամ ենք, չէ՞, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի պետական սահմանը վերահսկվում է նաեւ ՀԱՊԿ-ի կողմից։ Այս իրադրության մեջ մերոնց դիվանագիտությունը պետք է հիմնավոր լինի, եւ կարողանան ՀՀ սահմանները ՀԱՊԿ-ի ուժերով պաշտպանել։ Ինչպե՞ս կարելի է այսպես գողի պես մտնեն ու ասեն՝ սա մերն է, նա մերն է, թալանչիության դարաշրջան հո չէ՞։ Ինձ թվում է՝ հարցի լուծումը դիվանագիտորեն ՀԱՊԿ-ի հետ բանակցություններ վարելն է։ Հիմա լավ է, թե վատ, այսօր այդ դաշինքի մեջ ենք, ու մեր պաշտպանությունն այդտեղ է։ Իսկ հայոց բանակը, ըստ էության, բարոյալքվեց այս պատերազմում։ Երկիրը պետք էր ամուր պահել առաջին հերթին բարոյապես, բայց մենք երկուսին էլ փորձեցինք տրորել, դրա համար էլ վիճակն այսօր մխիթարական չէ։ 

- 44 օրյա պատերազմի ժամանակ նույն այդ կառույցներն ուշացան իրենց գործողություններում, հայտարարություններում։ Ռեա՞լ է նրանց հետ հույսեր կապելը։

- Դա միշտ էլ եղել է, երբ դեպքը տեղի է ունենում, ու նրանք ուշանում են 1 ժամով, 1 օրով, դրա համար մերոնք պետք է ակտիվ լինեն, Ռուսաստանի դռների առաջ լինեն, նորից եմ ասում՝ լավ է, թե վատ՝ մենք ՀԱՊԿ անդամ ենք եւ ուրեմն պետք է կարողանանք դա ճիշտ օգտագործել։ Այդպես ո՞նց կարող է լինել, որ իրենց հարյուր, հազար տարվա քարտեզներով մտնեն մեր երկիր ու ասեն՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է, ու դա այն դեպքում, որ այդ երկիրն այդքան տարվա պատմություն էլ չունի։ 

- Նախօրեին վարչապետը հայտարարեց, թե հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում։ Մեր իշխանություններն իրավիճակը որքանո՞վ են վերահսկում։

- Պետք է այնպես լիներ, որ սահմանին հայ զինվորը կանգնած լիներ, պետական սահմանը պաշտպանվեր, եւ նրանք մուտք չունենային Հայաստան։ Ինչո՞ւ պետք է այսպես լիներ, սա արդեն ռազմաքաղաքական ղեկավարության, պաշտպանության նախարարության, զինված ուժերի իմանալու հարցն է, պետք է չքնեն ու խոսքերով չկերակրեն ժողովրդին, ինչպես Արծրուն Հովհաննիսյանն էր պատերազմի ժամանակ խոսում ու ոչինչ չէր ասում։ Չէինք իմանում՝ պարտվո՞ւմ ենք, թե՞ հաղթում, վերջում իմացանք, որ խայտառակ ձեւով պարտվում ենք։ Սա այն բանն է, որ արդար եւ ուղիղ պետք է խոսել ժողովրդի հետ ու ճիշտ ինֆորմացիայի շուրջ համախմբել մեր դատողություններն ու մտքերը։

- Ձեր նշած՝ ճիշտ ինֆորմացիան այսօր էլ չի տրամադրվում, ավելին՝ երբ մամուլը սկսեց ահազանգել, որ թշնամու կողմից առաջխաղացում է նկատվում, պաշտոնական օղակները շտապեցին հերքել։ Սա ինչի՞ մասին է վկայում, գուցե գաղտնի պայմանավորվածություններ կան, որի մասին դեռ չի բարձրաձայնվում։

- Մտավախությունս այն է, որ մենք հիմա թույլ ենք հոգեպես, գաղափարապես, միասնության տեսակետից, զինված առումով, եւ թշնամին օգտվում է մեր թուլությունից։ Սա է խնդիրը՝ ինչո՞ւ մենք այդքան թուլացանք, շեշտը սրա վրա պետք է դնել եւ այդ թույլ կետերը պնդացնել՝ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական առումով։

- 6 ամիսն արդյոք քի՞չ ժամանակ է, որպեսզի սահմաններին հենակետեր դրվեին։

- 6 ամիսը ե՛ւ շատ է, ե՛ւ քիչ, նայած թե ինչ արագությամբ են գործում եւ ինչ հմտությամբ։ Գործողության որոշակի ծրագիր պետք է լիներ, մենք պետք է իմանայինք, որ թշնամին թշնամի է մնում։ Եթե թնամին իր ուժը զգում է, անընդհատ առաջ կգա։ Մենք պետք է շատ արագ համախմբվենք եւ միավորվենք։

- Ասացիք՝ թշնամին թշնամի է մնում, բայց մեր իշխանությունները թշնամու մեջ թշնամի չեն տեսնում, գոնե վերջին շրջանում թշնամի երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու կոչեր էին հնչեցնում։ Ո՞նց եք նայում այդ բարեկամության հեռանկարին։

- Շատ վատ եմ նայում այդ ամենին, որովհետեւ այստեղ փոխադարձ շահ չկա, միայն կա միակողմանի շահ, թշնամին միշտ թելադրում է, իսկ այդպես չի լինի, թշնամուն պետք է արժանի հակահարված տալ՝ թե՛ գաղափարապես, թե՛ ոգեպես՝ հայրենիքի սահմանները պաշտպանելով, թե չէ այսպես ո՞ւր կհասնենք։ Պետք է արագ միաբանվենք, խելք-խելքի տանք շատ արագ։ Մեր ներքին պառակտումը հասցրեց արտաքին պարտության։ Մենք ազգայինի շուրջ պետք է համախմբվենք, անցած տարի այս ժամանակներն էին, ես նորից ասում էի, որ ամեն ինչ պետք է բխի ազգային շահից, բայց ծաղրում էին, այ, այդ ազգայինը ծաղրելը մեզ հասցրեց այս օրվան, հիշեք մեկը՝ դասագրքերի քննարկումն անցած տարի այս ժամանակ։

- Երկրի ներսում հիմա գիտակցո՞ւմ են այն իրական սպառնալիքները, որ կան սահմանին, որովհետեւ քաղաքական կուսակցությունների մի մասն այս օրերին ակտիվ քարոզչության մեջ է։

- Ոչ թե վտանգի, այլ շատ մեծ վտանգի առաջ ենք կանգնած, դա ակնհայտ է, բայց հիմա ամեն ինչ խառնվեց իրար՝ Արցախի հարց, ընտրություններ, սահմանային վիճակ։ Այս ամենը մեզ շատ արագ պետք է մոբիլիզացնի, մենք պետք է մոռանանք ներքին թշնամանքը, պառակտումը եւ միաբանված գործենք։

- Բայց կարծես մարդկանց զգոնությունը թուլացել է։

- Չի թուլացել, ես նոր լսարանից դուրս եկա, երեխաներին ազատ շարադրություն էի տվել, բոլորն այս վիճակից էին գրել։ Այսինքն՝ այդ զգոնությունը չի թուլացել, բոլորի մեջ էլ կա այդ անհանգստությունը, բայց ի՞նչ անեն, ղեկավարությունը պիտի քայլ անի, որ ժողովուրդն էլ նրա հետեւից գնա։ Ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր գիշերները չեն քնում այս լուրերի տեղատարափից։ Հիմա բոլորն են շատ լարված ու անհանգիստ։

- Շատերը պահանջում են հավաք անել, աշխարհազոր ձեւավորել, կարծում եք դրա կարիքը կա՞։

- Ինքնագլուխ աշխարհազոր չեն անում, դա անում են կազմակերպված՝ պետական մակարդակով։ Սա շատ ավելի լուրջ վիճակ է, քան մեզ թվում է։ Նորից կրկնենք Չարենցի կոչը՝ Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Այդ հավաքական ուժի գաղափարը դարձնենք այսրոպեական, համախմբվենք այդ միաբանության շուրջ եւ մեր հարցերը լուծենք՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին՝ դիվանագիտական ճանապարհներով։