Մոտ 20 օր առաջ 23 դիտակետ են իջեցրել Սեւ լճից

Մոտ 20 օր առաջ 23 դիտակետ են իջեցրել Սեւ լճից

Արթուր Այվազյանը՝ հայտնի Մանախը, օրերս դատարանի որոշմամբ ազատվեց․ ձերբակալության որոշումը ոչ իրավաչափ ճանաչվեց։ Բայց նրան հարցաքննության են հրավիրում՝ Երեւանից Գորիս։ Նա դիմել է Գլխավոր դատախազությանը՝ պահանջելով, որ իր գործը տեղափոխվի Երեւան։

Հիշեցնենք, որ սպանության համար ժամանակին դատապարտված 44-ամյա Արթուր Այվազյանը մայիսի 15-ին Տեղի մոտակայքում փորձել է փակել միջպետական ճանապարհը, պահանջել, որ զենք բաժանեն Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ նրանք կարողանան պաշտպանել իրենց։

Սակայն գյուղացիները հարձակվել են Արթուր Այվազյանի եւ նրա ընկերների վրա ու ստիպել դադարեցնել ակցիան։ 9 հոգի բերման է ենթարկվել, Արթուր Այվազյանին ձերբակալել են եւ մեղադրանք առաջադրել խուլիգանության հոդվածով՝ ՀՀ քրօր. 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «7 անձ ունեն կասկածյալի կարգավիճակ։ Նրանց մեղադրանք առաջադրելու հետ կապված հարցը կլուծվի առաջիկայում»,- հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Երեկ մենք զրուցեցինք Արթուր Այվազյանի հետ, որը պատրաստվում էր մեկնել Գորիս՝ հարցաքննության։ Միջադեպը նկարագրելով՝ նա վստահեցրեց, որ իր եւ ընկերների վրա հարձակվել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատ եղբայրն ու քրոջ որդիները։

«Մենք եկել էինք Արավուսի կողմից։ Տեղ գյուղի տակն է միջպետական ճանապարհը։ Մենք Տեղ գյուղը շրջանցեցինք, միջպետական ճանապարհը փակեցինք, բայց Մելոն ո՞նց կարող է նման բան հանդուրժի։ Ուղարկեց բարեկամներին, ու սենց կինո դարձավ»,- ասում է Արթուր Այվազյանը։ 44-օրյա պատերազմից հետո Մանախն իր տղաների հետ մնացել է դիրքերում՝ ԼՂՀ-ում, ապա մինչեւ վերջին օրերը՝ Սյունիքի մարզի Արավուս գյուղում, պաշտպանելով բնակիչներին։ «Ապրիլին ամուսնացել եմ, 44 տարեկանում՝ առաջին անգամ, բայց թողած ընտանիքս, գնացել եմ Սյունիք, որ նրանց պաշտպանեմ, էսօր ինձ ասում են՝ գնա, պետք չես»։ Ինչո՞ւմ է դրսեւորվել խուլիգանությունը, տարածված տեսանյութում երեւում է, որ գյուղացիներն են հարձակվում։ 

«Գյուղացիներն ասել են՝ դուրս արի մեր գյուղից, ես էլ ասել եմ՝ ես ձեզ եմ պաշտպանում։ Բայց քանի որ օրենսգրքով նախատեսված չէ «պաշտպան» հասկացությունը, գտել են, որ ես ինքնիրավչություն եմ դրսեւորել, այսինքն՝ ես օրենսդրությամբ նման լիազորություն չեմ ունեցել, որ գյուղը պաշտպանեմ։ Բա անցյալ ամիս, որ ես հովվին երկու անգամ ազատեցի, հետ բերեցի թուրքական դիրքի միջից, բա ինչի՞ չասեցին՝ դու ո՞վ ես, որ ստեղ հովիվ ես ազատում, սահման ես պահում»։ Ըստ Արթուր Այվազյանի՝ մեղադրանքի հիմքում դրել են այն, որ ինքն ու իր ընկերները մտել են Սյունիք, խաթարել ՀՀ ԱԱԾ եւ զինված ուժերի համապատասխան շրջանների բնականոն գործունեությունը։ «Եթե այդքան մտահոգ են անվտանգության հարցերով, բա ինչո՞ւ չեն ասում, որ մոտ 20 օր առաջ 23 դիտակետ են իջեցրել Ղարագյոլից (Սեւ լճից), 23 դիտարկման դիրք՝ պատճառաբանելով, թե տանում են «ուչենիայի»»։ 

ՀԳ․ Մենք կցանկանայինք պաշտպանության նախարարությունից ճշտել Այվազյանից ստացած տեղեկությունն առ այն, որ Սեւ լճի գրավումից մոտ 20 օր առաջ այդ տեղանքից մոտ երկու տասնյակ դիտակետ են տեղափոխել։ Սակայն նախարարության ոչ մի հեռախոսահամար չէր պատասխանում, ներառյալ թեժ գիծն ու Գեւորգ Ալթունյանի համարը, ուստի, սպասելու ենք ՊՆ պատասխանին՝ հուսալով, որ գոնե հրապարակումից հետո այս տեղեկությունը պաշտոնապես կպարզաբանվի։ Ի դեպ, կցանկանայինք նաեւ իմանալ, թե որքան է կազմում ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի գլխավոր վարչության պետ, նախկին շոումեն Գեւորգ Ալթունյանի աշխատավարձը, եւ որ ծառայության համար են ՀՀ հարկատուներն իրենց գրպանից վճարում սույն պաշտոնյային։