«Հրապարակ». Շատ տարօրինակ է. ՀԱՊԿ անդամ պետությունն իր տարածք ԵՄ դիտորդների է հրավիրում

«Հրապարակ». Շատ տարօրինակ է. ՀԱՊԿ անդամ պետությունն իր տարածք ԵՄ դիտորդների է հրավիրում

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է:

- Երեկ վարչապետ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից խոսեց ԵՄ-ի դիտորդական առաքելության մասին: Հարցին, թե ինչու ՀԱՊԿ դիտորդական առաքելության ընդունումը մերժեց, իսկ ԵՄ-ինը՝ ոչ, Փաշինյանն ասել է․ «Մեկ այլ խնդիր կա։ Մինչեւ ԵՄ-ի առաքելությունը, Ադրբեջանն արեւմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, որ Հայաստանը, կոնկրետ՝ ՀՀ վարչապետը, ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում-տեղակայում ՀՀ-Ադրբեջան սահմանին եւ պատրաստվում է հայ-ռուսական համատեղ, ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, եւ Ադրբեջանն իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է շատ քիչ հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիությունը կառավարելու համար։ Ու այս գործընթացը շարունակվում է»: Վարչապետի այս հայտարարությունն ի՞նչ է նշանակում, ի՞նչ ազդեցություն այն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա:

- Ես երբեք չեմ լսել, որ Ադրբեջանը պաշտոնապես նման հայտարարություն անի, որ իբրեւ Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ պատրաստվում են իր վրա հարձակվել: Այդպիսի հայտարարություն երբեք չի եղել, ուստի անհասկանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն անում: Ռուսաստանն այս հայտարարությունը խիստ բացասական է ընկալելու, որովհետեւ ստացվում է` Եվրամիության դիտորդական առաքելությունը պիտի Հայաստան ժամանի՝ դիտարկելով Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի գործողությունները: Սա բացարձակապես անհնարին բան է, առաջին հերթին Ռուսաստանն ինքը նման բան թույլ չի տա: Շատ տարօրինակ է, երբ ՀԱՊԿ անդամ պետությունն իր տարածք ԵՄ դիտորդների է հրավիրում՝ ՀԱՊԿ-ի զորքերը դիտարկելու համար: Նման բան անհնար է պատկերացնել: Դա առաջացնելու է Ռուսաստանի խիստ բացասական վերաբերմունքը:

- Վարչապետը գիտակցաբա՞ր է շարժում Ռուսաստանի զայրույթը:

- Ես չեմ կարող ասել հստակ: Փաշինյանի արտաքին քաղաքական նպատակները չեմ հասկանում, եթե նա նպատակ ունի փչացնել հարաբերությունը բոլորի հետ, ապա դա ստացվում է իր մոտ, սակայն եթե նա փորձում է Հայաստանի Հանրապետության շահերով առաջնորդվել, ապա հասկանալի չէ, թե ինչու են նման հայտարարություններ արվում: Ես վարչապետի իրական նպատակները չգիտեմ:

- Վարչապետի այս հայտարարությունը կարո՞ղ ենք դիտարկել որպես վեկտորի փոփոխության հերթական փորձ:

- Եթե անգամ Փաշինյանն ասում է՝ դրանում աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա, իրականում այդպես չէ: Եվրամիությունն այս բարդ ժամանակահատվածում հենց այնպես նման ռեսուրսներ չէր ծախսի եւ Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն չէր իրականացնի: Այստեղ կա աշխարհաքաղաքական մեծ ենթատեքստ: Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում հավաքական Արեւմուտքն ունի կոնկրետ նպատակներ: Հակառակ դեպքում նույն Արեւմուտքը չէր մտնի մի տիրույթ, որտեղ չկան կոնկրետ նպատակներ: Սա Արեւմուտքի կողմից Հայաստանում վեկտորի փոփոխությանն ուղղված քայլ է: