«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել բուժհաստատությունների միավորման արդյունքում

«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել բուժհաստատությունների միավորման արդյունքում

2019 թվականից սկսած՝ առողջապահության համակարգում բուժհիմնարկների մեծ վերակազմավորում սկսվեց, նոր օպտիմալացում։ Հայտարարվում էր, որ այն նախկինում իրագործված նմանատիպ գործընթացների համեմատ ավելի կատարյալ է, քանի որ մարդկանց չեն ազատում աշխատանքից, իսկ շենքային հնարավորությունները մաքսիմալ օգտագործում են ըստ նշանակության։ 

Միավորվեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը եւ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը։ Վերջապես կոտրելով մասնագետների դիմադրությունը՝ նախարարությունը լուծարեց Այրվածքաբանության կենտրոնը եւ միացրեց  Մաշկաբանության ազգային կենտրոնին։

Գյումրիում միանգամից 5 բուժհիմնարկ միացան իրար՝ «Գյումրի բժշկական կենտրոն» ընդհանուր անվան տակ․ «Գյումրի» ԲԿ-ն, ուռուցքաբանական դիսպանսերը, ինֆեկցիոն հիվանդանոցը, պաթոլոգաանատոմիական լաբորատորիան եւ ծննդատունը նույն հիմնարկի բաժինները դարձան։ Ստեղծվեց մեգահիմնարկ, որը, ինչպես հայտարարվում էր, պետք է բնակչությանն ավելի արդյունավետ սպասարկում ապահովեր։ Այն ժամանակ «Գյումրի ԲԿ» տնօրեն Արմեն Իսահակյանը համոզեց նախկին նախարար Արսեն Թորոսյանին, որ միավորված հաստատությունն ավելի որակյալ ծառայություններ կարող է մատուցել։ 

Բուժհաստատությունները միավորելուց առաջ պաշտոնյաները համատարած խոսում էին նաեւ շենքային պայմանների բարելավման, գնումների խոշորացման, այլ բարի նպատակների մասին, որոնց ուզում էին հասնել։ 

Հասա՞ն, թե՞ ոչ։ Անցել է ժամանակ, ի՞նչ արդյունքներ են արձանագրվել, ի՞նչ ցուցանիշներ են բարելավվել, կամ հակառակը՝ վատթարացել, ինչպիսի՞ն է նոր հիմնարկների ծախսարդյունավետությունը, մի խոսքով՝ ի՞նչ է փոխվել հետհեղափոխական այս օպտիմալացման արդյունքում։

Առողջապահության նախարարությունից պատասխանում են․ «Այրվածքաբանության ազգային կենտրոնի եւ Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի միավորումը նոր է սկսվել, վաղ է խոսել արդյունքից։ Ինչ վերաբերում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին, ապա ունենք ծրագրերի արդյունավետ իրականացում, ՄԻԱՎ-ով անձանց բուժման համալիր իրականացում, ՄԻԱՎ-ի դեմ պայքարի հակազդման ծրագրի ինտեգրում ընդհանուր առողջապահական համակարգ, խարանի նվազեցում եւ այլն»:

Ոչ մի թիվ, ոչ մի ցուցանիշ, ոչ մի վերլուծություն չստացանք։ Փորձեցինք խոսել մասնագետների հետ, բայց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումալյանը գրավոր հարցում պահանջեց, ապա ասաց, որ դա իր ոլորտը չէ։ Այնինչ ստույգ տեղյակ ենք, որ գոնե առաջնային բուժօգնության հիմնարկների, պոլիկլինիկաների մասով նա է համակարգումն իրականացնում, ինչ վերաբերում է գրավոր հարցմանը, ապա դրանք այն ցուցանիշներն են, որոնք ոլորտի քաղաքական պատասխանատուները պետք է անգիր իմանան եւ վերլուծություն ունենան՝ ամեն պահի ներկայացնելու պատրաստ։ 

ՀՀ Շիրակի մարզպետարանում ավելի սիրալիր գտնվեցին։ Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը վստահեցրեց՝ օպտիմալացումն արդարացված քայլ էր, որն անդունդից հանել է ծննդատունը։

«Կառավարության որոշման մեջ կա հստակ սկզբունք՝ միատիպ, միանման ծառայություններ մատուցող, բայց թերբեռնված հաստատությունները միավորվում են։ Ուռուցքաբանության դիսպանսերը թերբեռնված էր աշխատում։ Դրան գումարած, Գյումրու ծննդատան հետ բավականին լուրջ խնդիրներ առաջացան։ Այն պարտքեր ուներ՝ մոտ 90 մլն դրամի կարգի։ 2012 թվականին կոպիտ սխալ թույլ տրվեց․  ծննդատունը կիսվեց, ծննդօգնության բաժանմունք բացվեց մեր ավստրիական հիվանդանոցի մեջ, այսինքն՝ ծննդատունը կիսվեց, եւ դրա արդյունքում նոր հաստիքներ բացվեցին։ Ուզում էին ստեղծել մոր եւ մանկան կենտրոն՝ ավստրիական հիվանդանոցում։ Այն ուներ Ավստրիայից հովանավորներ, ավելի լավ շենքային պայմաններ, ու այն բյուջեն, որ պետք է տային ծննդատանը, որ նա պետք է կարողանար գոնե զարգացում ապրեր, կիսվեց։ Ծննդատունն անկում էր ապրում արդեն, որովհետեւ շենքային պայմանների խնդիր ուներ, սարքավորումների, ծնունդները սկսեցին պակասել՝ դրանից ելնելով, եւ այն գնաց դեպի կործանում։ Բայց դա կենսագրություն ունեցող, ակունքներում հեղինակավոր բժիշկներ ունեցող ծննդօգնություն էր, եւ մենք այն չէինք ուզում կորցնել։ Լուրջ ջանքերի շնորհիվ կարողացանք գոնե բաժանմունքի կարգավիճակում պահել»։ Այսինքն՝ հիմա ի՞նչն է փոխվել, ի՞նչն է ավելի լավ։

«Հիմա՝ օպտիմալացումից հետո, ծնունդները շատացել են, շենքային պայմաննները հրաշալի են դարձել, մեր ազգաբնակչության գոհունակությունը բարձր է»,- ասում է Լեյլի Ասլանյանը։ Գյումրու բժիշկներից շատերն են համակարծիք, բայց քննադատող մասնագետներ էլ կան, որոնք հիշեցնում են՝ «Գյումրի ԲԿ» տնօրեն է դարձել ծննդատան նախկին գլխավոր բժիշկ, հայտնի գինեկոլոգ Արմեն Իսահակյանը։ Գյումրիում պատմում են, որ երբ նա ծննդատանն էր, պայքարում էին, որ այն լինի առանձին, եւ նույնիսկ հատուկ բարելավման ծրագրեր էին մշակում։ Իսկ երբ Արմեն Իսահակյանը դարձավ «Գյումրի ԲԿ» տնօրեն, դեռ մինչեւ միավորումը, պարզվեց, որ ծննդատունը վատ հիմնարկ էր, զարգացում չէր ապրում, ու պետք էր այն մտցնել հիվանդանոցի մեջ։ «Իրենք ծննդատան միջոցով ապահովում են ֆինանսական հոսք դեպի հիվանդանոց։ Բայց այդ նույն՝ Գյումրի կենտրոնն ունի աշխատավարձի խնդիր»,- ասաց համակարգի մեր աղբյուրը։ Եվ իրոք․ այդ մասին գրվել է մի շարք ԶԼՄ-ներում, այդ թվում՝ «Հրապարակ» թերթում՝ որ «Գյումրի» ԲԿ աշխատողները ժամանակին աշխատավարձ չեն ստանում։ Եվ, ուրեմն, ո՞ւմ էր պետք այս արհեստական խոշորացումը, եթե մարդկանց անգամ ժամանակին աշխատավարձ չեն տալիս։  
Տարիներ առաջ բուժհիմնարկները խոշոր էին, միավորումները կային դեռ 90-ականներին։

Պոլիկլինիկաները եւ հիվանդանոցներն էին միացված։ Բոլորին առանձնացրին, նոր հիմնարկներ ստեղծեցին՝ ասելով, որ այդպես՝ շուկայական տնտեսության պայմաններում նրանք ավելի հեշտ կգոյատեւեն։ Հիմա հակառակ պրոցեսն է կատարվում, սակայն ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ այսօր վերլուծություն չեղավ՝ «Հրապարակի» հետ զրույցում նշում է «Առողջության իրավունք» ՀԿ համանախագահ, Պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը։

«Ոչ ոք չի ասում, որ սխալ է միավորումը, գուցեեւ ճիշտ է, բայց ցուցանիշները մենք չտեսանք, չհասկացանք՝ ինչո՞ւ են առանձնացրել եւ ինչո՞ւ են միավորել։ Ինչպե՞ս կարելի է 20-30 տարում այսպես խաղալ առողջապահության համակարգի հետ՝ միացնել, անջատել։ Կոնկրետանալ է պետք, թե այս իրավիճակում Հայաստանի Հանրապետությանը՝ այս մենթալիտետով, աշխարհագրությամբ, որն մոդելն է գործուն։ 3 անգամ 20 տարում փոփոխություն է եղել, չի կարելի այդպես»։