«Տիտանիկի» մեջ

«Տիտանիկի» մեջ

Ռուսաստանի վարչապետներից մեկն ասում էր` ուզում էինք լավ լինի, եղավ` ինչպես միշտ: ՀՀ իշխանությունները, թվում է, ամեն ինչ անում են, որ համոզիչ լինեն, ցույց տան, որ օրնիբուն աշխատում են, սիրում են մեր երկիրը, պատրաստ են մեր պետություն- նավն անփորձանք առաջնորդել փոթորկված ծովով եւ ապահով ափ հասցնել, բայց ամեն անգամ ճիշտ հակառակն է լինում` հասարակությունն անընդհատ համոզվում է, որ իր պետություն-նավի ղեկին անփորձ նավապետներ են նստած, որոնք հարբել են` մեծ քանակի վիսկի օգտագործելով կամ գուցե` նավապետ կարգվելու հաջողությունից եւ այդ նավի մասերն էլ հերթով հանել, վաճառել են ու այն դարձրել վթարային` հետագա շահագործման ոչ ենթակա:

Այս պարագայում մի ելք կա` կա՛մ նավը փոխել, կա՛մ նավապետին` իր թիմով, կա՛մ նավի ուղեւորներին նստեցնել վթարային նավակներն ու հասցնել ափ: Իհարկե, այստեղ էլ պրոբլեմներ կան. նավապետը շարունակում է պնդել, որ իրեն փոխարինել չի կարելի, եւ փոխարինողն էլ չի ծնվել, ուղեւորների մի մասն էլ դեռ չի կարծում, թե նավապետը հիմնովին ձախողվել է, եւ նավը կխորտակվի: «Տիտանիկի» պատմությունը հիշում եք, չէ՞. ինչպես էր նվագախումբը մինչեւ վերջին պահը նվագում, իսկ ուղեւորների մի մասն անհոգ շրջում էր նավի վրա` չկասկածելով, որ աղետը մոտ է:

Եվ ինչի՞ց ենթադրել դա. արդյո՞ք այն, որ մեր պետական պարտքն անցել է 10 միլիարդ դոլարը, տագնապեցնող փաստ է: Արդյո՞ք այն, որ Արցախի հետ ճանապարհն արդեն 50 օրից ավելի փակ է, եւ ոչ մի նշան չկա, որ այն առաջիկայում բացվելու է: Արդյո՞ք այն, որ այս ընթացքում ո՛չ սահմանազատման, ո՛չ ճանապարհների ապաշրջափակման, ո՛չ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ոչ մի քայլ չի արվել, բանակցությունների ձախողման եւ վերահաս պատերազմի ապացույցներ են: Ո՞րն է կարմիր գիծը: