Նեբեզնյան կոչ է արել հայ եւ ադրբեջանցի զինվորականներին վերադառնալ ելման դիրքեր

Նեբեզնյան կոչ է արել հայ եւ ադրբեջանցի զինվորականներին վերադառնալ ելման դիրքեր

ՄԱԿ ԱԽ նիստում, որտեղ քննարկվում էր Հայ-ադրբեջանական սահմանային խնդիրը, Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան հայտարարել է, որ Ռուսաստանը խիստ մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի կտրուկ սրմամբ։ Նա ասել է, որ էսկալացիայի հետևանքով մեծ թվով զինծառայողներ են զոհվել, խաղաղ բնակչության շրջանում էլ տուժածներ կան: Ռուս դիվանագետը նկատել է, որ ուժի կիրառումը անընդունելի է եւ հույս է հայտնել, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները կպահպանվեն։ Ուշագրավ է այն, որ Նեբեզնյան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ լարվածությունը մեծացնելուց, ինչպես նաև կոչ է արել հետևել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հայտարարություններին։

Տպավորություն կա, որ նա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարության նշան է դնում։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը նաեւ ասել է, որ իրավիճակի կայունացման նպատակով Ռուսաստանի ղեկավարությունը սերտ կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ: Իսկ ռուս զինվորականները շփումներ են պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ՝ կայուն հրադադարի հասնելու և հայ ու ադրբեջանցի զինծառայողներին ելման դիրքեր վերադարձնելու նպատակով։ Ռուս դիվանագետը շեշտել է, որ Մոսկվայում ելակետ են ընդունում այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով: Իսկ սահմանային հարցերը՝ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։ Նա նաեւ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ներկայացնել իր փորձը, տրամադրել քարտեզագրական և այլ տվյալներ և խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել։ Դիվանագետը վստահ է, որ բոլոր այդ հարցերը պետք է լուծել առանց արտաքին միջամտության և առկա խնդիրների ավելորդ քաղաքականացման։ Նա նաև ավելացրել է, որ արդյունքի հասնելը ժամանակ ու լուրջ ջանքեր կպահանջի ինչպես Երևանից, այնպես էլ Բաքվից, հարկավոր է նաև միջազգային հանրության միասնականությունը: Իսկ աշխարհաքաղաքական մրցակցությունն ու զրոյական արդյունքով խաղերը կարող են միայն վնասել գործընթացին։