Կարծեցի՝ էս նոր հեղափոխականներից է, պարզվեց՝ իր ծանոթը Գալուստ Սահակյանն է 

Կարծեցի՝ էս նոր հեղափոխականներից է, պարզվեց՝ իր ծանոթը Գալուստ Սահակյանն է 

Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Սարգսյանն ահազանգում է, որ 28 ու կես տարի իր կողմից ղեկավարած կենտրոնը նոր տնօրենի օրոք նահանջ է ապրում։ Բանն այն է, որ հուլիսի 5-ին Ստեփանավանում կենտրոնը միջոցառում է կազմակերպել, որին, ըստ նախկին տնօրենի կողմից հաստատված նախահաշվի, պետք է մասնակցած լիներ 310 երեխա, սակայն մասնակցել է մոտ 40 երեխա։ Կենտրոնը զբաղվում է սպորտային տուրիզմով, մակապատանեկան դաստիարակությամբ, պետական ոչ առևտրային կազմակերպություն է, այսինքն՝ ֆինանսավորվում է պետական բյուջեից։

Նախկին տնօրենի խոսքով՝ նոր տնօրենը՝ Հայկանուշ Դավթյանը իրավունք չուներ փոխելու իր կողմից հաստատված նախահաշիվ-պլանը, Սարգսյանը նաև պնդում է, որ Դավթյանը տուրիզմից էլ չի հասկանում, նախկինում գրադարանավարուհի է աշխատել․ «Ես դեռ մի ամիս առաջ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի տնօրենն էի, 28 ու կես տարի, 5 տարին մեկ անգամ մենք քննություն ենք տալիս, այս անգամ սխալմունք եղավ, ինչ-որ գրադարանի տնօրեն անցավ, որը ոչ տուրիզմից է հասկանում, պատկերացրեք այնքան սուբորդինացիա չունի, որ եկավ, մատը թափ տալով ասաց՝ Ձեզ 15 րոպե ժամանակ, սենյակից դուրս եկեք, մի մարդու, որ 2017 թվականին ճանաչվել է տարվա լավագույն տնօրեն, «Ծովակալ Իսակով» և այլն, մի խոսքով՝ շատ մեդալներ ունեմ, երեխաներ եմ կրթել, դաստիարակել, զինվոր եմ պատրաստել։ Զբաղվում էինք սպորտային տուրիզմով։ Հիմա բանն այն է, որ նոր տնօրենը ոչ միայն գործից չի հասկանում, այլև այնպիսի ռիսկային քայլեր է կատարում․․․ նախահաշիվն ինձ մոտ կա, որ պետք է կատարվի միջոցառում, ամսի 25-ին պետք է Սյունիքում կատարվեր միջոցառում, որին մասնակցեր 310 երեխա, սակայն մասնակցել է 35-40 երեխա, էդ ի՞նչ ռիսկ ունի։ Ստեփանավանում միջոցառում է կազմակերպում, որի նախահաշիվները տարվա կտրվածքով ես եմ հաստատել, պլանից, նախահաշվից դուրս, որ պետք է լինի 310 երեխա, եղել է մոտ 40 երեխա, այդքան էլ չի եղել։ Ինքը նախահաշիվը իրավունք չունի փոխի, որովհետև ես եմ հաստատել։ Այդ հիմնարկը 55 թվականից աշխատում է, այդպիսի պատմություն ունեցող հիմնարկը սարքել է եսիմ ինչ։ Ես հետ գնալու ցանկություն չունեմ, ուղղակի ափսոս է այդ հիմնարկը։ Ինքը գրադարանի վարիչ է աշխատել, ի՞նչ գիտի՝ տուրիզմն ի՞նչ է։ Մի օր հարցրի՝ տիկին ջան, Դուք գիտե՞ք տուրիզմի քանի տեսակ կա, չիմացավ։ Ես զարմանում եմ մեր նախարարության վրա, թե ոնց է ինքը մրցույթն անցել, սա ախր հանրապետական նշանակության օբյեկտ է։ Ես զարմացա, կարծեցի՝ էս նոր հեղափոխականներից է, պարզվեց՝ չէ, իր ծանոթը Գալուստ Սահակյանն է»։ 

«Հրապարակը» կապվեց նաև նոր տնօրենի՝ Հայկանուշ Դավթյանի հետ, հարցրեցինք, թե քանի՞ երեխա է մասնակցել միջոցառմանը, որը կոչվում է «Իմ հայրենիքի զինվորը»․ «Ուղղակի ուզում եմ հասկանալ, թե ինչու եք այդ հարցերը տալիս»,- արձագանքեց Դավթյանը, այնուհետև պատասխանեց․ «Ոչ թե պետք է մասնակցած լինի, այլ պետք է մասնակցի 310 երեխա»։ Բայց մասնակցել է 40-ը․ «Ի՞նչ է նշանակում մասնակցել է 40-ը։ Տեսեք՝ մեզ մոտ ինչպես է․ միջոցառումը միանգամից չի լինում, պարբերաբար, մի քանի օրվա ընթացքում են երեխաները հավաքվում, դա այդպես միանգամից չի, 310 երեխա արդեն ամսի 1-ին պետք է այնտեղ լինի, կան խմբեր, որոնք արշավներով են այնտեղ գնում, այո՝ միջոցառման երեխաների թիվը պետք է լինի 310, բայց չէ՞ որ նախահաշիվ պլան կա, որ հուլիս 25-ին մասնակցի 310 երեխա, օգոստոսի 1-ին մեկ այլ քանակ։ Քանի որ կազմակերպվում են աստղաձև արշավներով, արդեն 28-ին բոլոր երեխաները այնտեղ կլինեն, հիմա կան, որ ճանապարհին են, մի մասը գալիս են Երևան, երևանից են մասնակցում , այդպես»,- պատասխանեց Դավթյան։ 
Դավթյանը նշեց, որ մինչև նշանակումը Աջափնյակում գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն է աշխատել, իսկ Գալուստ Սահակյանի հետ կապի մասին ասաց՝ «Պարոն Սահակյանը իմ հարևանն է, և դա գաղտնի բան չէ»։ Ինչ վերաբերում է նախկին տնօրենին՝ սենյակից հանելուց առաջ գոնե 15 րոպե ժամանակ տրամադրելուն, Դավթյանը ասաց՝ «Նախկին տնօրենը այդպես էլ սենյակը չազատեց, դա ինձ համար խնդիր չէր, ես մրցույթը հաղթել էի, ինձ համար խնդիր չկար այստեղ։ Դուք եկեք, կոլեկտիվին հարցրեք, որ նախկին տնօրենի կոլեկտիվն է»։