Ամիրյանի դալանի պատմությունը դարձավ հայոց հարց

Ամիրյանի դալանի պատմությունը դարձավ հայոց հարց

Օրերս անդրադարձել էինք Երևանի Կենտրոնի բնակիչներից մեկի ահազանգին, որը հայտնել էր, որ Ամիրյան 12 շենքի դալանում, դեպի համար 10 մանկապարտեզ տանող ընդհանուր օգտագործման ճանապարհին ապօրինի արգելաձող է տեղադրված։ Մանկապարտեզը դալանից 50-60 մետր հեռու է, այնտեղ տանող ճանապարհը մեքենաների համար փակ է, և ամեն օր երեխային նախակրթարան հասցնելու համար ծնողները ստիպված են ժամերով պտտվել տարածքում, ավտոկայանատեղի գտնել, հետո էլ ոտքով փոքրիկի ձեռքը բռնած անցնել այդ ճանապարհը։

«Աբսուրդն այն է, որ ծնողը մի ժամ պետք է պտտվի, տեղ գտնի եսիմ որտեղ, բերի մանկապարտեզ, հանձնի երեխային ու հետ գա դեպի մեքենան՝ աշխատանքից ուշանալով»,- մեզ էր դիմում ծնողներից մեկը: Մարդիկ, որոնք կապ չունեն մանկապարտեզի հետ, ևս տուժում են, քանի որ նրանք ևս չեն կարողանում մեքենայով անցնել այս դալանով։ Արգելաձողը բացելու վահանակ ունեն միայն Ամիրյան 12 շենքի բնակիչները։ Նրանք այն գործի են դնում միայն այն ժամանակ, եթե իրենց, կամ իրենց հյուրերին է պետք մտնել բակ։ Մնացածի համար փակ է։ 

Մեր հրապարակումը էմոցիաների փոթորիկ է առաջացրել Ամիրյան 12-ում։ Շենքի բնակիչներից մի քանի տղամարդ հավաքվել, եկել էին «Հրապարակի» խմբագրություն, ապացուցելու համար, որ մենք իրականությունը ճիշտ չենք ներկայացրել, որ դալանում տեղադրված արգելաձողը իրենց տարիներով վարած պայքարի արդյունքն է։ Բնակիչներից Արտաշես Դավթյանը հայտնեց, որ դեռ երկու ամիս առաջ դալանով աշխույժ երթևեկություն էր տեղի ունենում, իրենց շենքի տարեց բնակիչները վախենում էին դուրս գալ տանից։ «Եղել են դեպքեր, երբ այստեղ մարդիկ են մահացել՝ վթարների զոհ դառնալով»,- ասում է նա։

Բնակիչները 200-ից ավելի ստորագրություն են հավաքել, գնացել են քաղաքապետարան, ներկայացրել են իրենց բակի բուռն երթևեկությունը պատկերող կադրերը, հետ են եկել ու մի արգելաձող են դրել դալանի մոտ։ Արդյո՞ք այն օրինական է։ Չէ՞ որ դուք փակել եք ընդհանուր օգտագործման ճանապարհը։ Արտաշես Դավթյանը պատասխանում է․ «Այն նույնքան օրինական է, որքան Երևանի մյուս բոլոր արգելաձողերը։ Մենք գնացել ենք, ցույց ենք տվել, ասել ենք՝ ինչ անենք, մեզ արգելող չի եղել»։ Այսպես, դալանի հարցը դարձել է երևանցիների մեջ կռվի թեմա։ Քաղաքապետարանից խոստացան պարզել և տեղեկացնել, թե որքանով է օրինական Ամիրյան 12-ի դալանում տեղադրված արգելաձողը։ Սակայն կա հարցի լուծման մի տարբերակ, որը միանգամից կհեշտացնի Ամիրյան 12-ի բնակիչների և մանկապարտեզի սաների ծնողների գործը։ Բանն այն է, որ նախկինում դեպի մանկապարտեզ բերող այլ ճանապարհ է եղել՝ մեկ այլ դալան, որը դուրս էր գալիս դեպի Մաշտոցի պողոտա։

Տարիներ առաջ այն փակվել է և դալանի տեղում բանջարեղենի խանութ են կառուցել։ Ապօրինությունն այս տեղի է ունեցել քաղաքապետարանի թույտվությամբ և, ինչպես Ամիրյան փողոցի բնակիչներն են վստահեցնում, ինչ-որ «օլիգարխների» դրդմամբ։ Կրկին բացել այս ճանապարհը հեշտ չի լինի։ Բնակիչները հաշվել են՝ այստեղ վերջին մի քանի տարում 17 օբյեկտ է կառուցվել։ Հիմա ժամանակն է այդ հարցը լուծելու։